Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, եվրոպական կառույցները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ Ադրբեջանի նման «հանցագործ մտածելակերպով պետությանը» տեղ չտան միջազգային հեղինակավոր կառույցներում, քանի որ նրա միայն ներկայությունը կամ անդամությունը, թուրքագետի համոզմամբ, ստվերում է հենց այդ կազմակերպությունների հեղինակությունը: Այսօր «Ազդակ» ակումբում պարոն Մելքոնյանն անդրադառնալով այս օրերին քննարկման թեժ թեմա դարձած Ադրբեջանի եւ Հունգարիայի գործարքին, ինչի արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհվեց հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ասաց. «Եթե Ադրբեջանը չստանա համապատասխան վերաբերմունք միջազգային հանրությունից, ապա լիովին ընկալելի կլինի, որ այդ հեղինակավոր կազմակերպություններում տեղ գտնեն աֆրիկյան, ասենք, մարդակեր ցեղամիավորումները, քանի որ, ըստ էության, մտածելակերպը նունն է»:
Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ Ադրբեջանն այդ քայլով եւս մեկ անգամ վերահաստատեց, որ պարբերաբար պետական հայատյացության քաղաքականություն է վարում. «Ադրբեջանն ըստ էության հանցագործ պետություն է եւ այդ հանցագործ պետությունը դաստիարակում է հանցագործ հասարակություն: Արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը շարունակ տանուլ է տալիս եւ Մոսկվայի հեղինակավոր համալսարանում սովորած Իլհամ Ալիեւը երեւի ժամանակին չի յուրացրել միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամենատարրական սկզբունքները եւ իր պետությանը պարգեւում է նորանոր պարտություններ: Ադրբեջանը ըստ էության պարտվողի հոգեբանական բարդույթով տառապող պետություն է եւ ռազմական, եւ դիվանագիտական ասպարեզում: Լեռնային Ղարաբաղը չի կարող մաս կազմել նման բռնապետությանը»:
Հարցը դիտարկելով թուրք-ադրբեջանական համատեքստում՝ թուրքագետն ասաց, որ մոտեցումները այդ երկու երկրների դեպքում էլ նույնն են եւ համանման ակցիաներ տեղի են ունեցել նաեւ Թուրքիայում. «Այսօր Թուրքիայում բազմաթիվ են հանցագործների անուններով վերանվանված փողոցներ, որոնցից մեկն էլ կրում է Հրանտ Դինքի մարդասպանի անունը»: Խոսելով Ռուսաստանի ուշացած արձագանքից, պարոն Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն կարող էր արագ եւ շատ ավելի կոշտ հայտարարություն անել, ասենք` հաշվի առնելով թեկուզեւ այն, որ մեր ռազմավարական գործընկերն է, բայց. «Իմ եւ հասարակության սպասելիքները իրականացված չեն, չնայած, մյուս կողմից նշենք, որ Ռուսաստանը միեւնույն ժամանակ միջնորդ պետություն է եւ տարածաշրջանային իր շահերն ունի եւ դրանք հաշվի առնելով, Ռուսաստանը զգացմունքայնությունը, հումանիստական ինչ որ արժեքներ երեւի թե ստորադասել է ավելի սառը քաղաքական հաշվարկների եւ հայտարարության ուշացումը ես պայմանավորում եմ հենց դրանով»:
Aravot.am-ի հարցին, թե Հունգարիայում կա մեծ հայկական համայնք եւ մեր երկրի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումն արդյոք չի՞ վնասի նրանց, թուրքագետն ասաց. «Անշուշտ կարող է հունգարական առանձին խիստ ադրբեջանասեր խմբավորումների կողմից որոշակի քարոզչական քայլեր արվեն համայնքի նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ, նաեւ իմ ունեցած տեղեկություններով, այսօր համայնքն ավելի շատ զբաղված է ներողություն ընդունելով, քան թե սպառնալիքներ լսելով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ