Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան. արդեն գործող բիզնեսն ազատ տնտեսական գոտի չի տեղափոխվի

Սեպտեմբեր 04,2012 15:07

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Նախարարը տարածքին եւ կատարվող աշխատանքներին ծանոթանալուց հետո ասաց, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը նախարարի այցը լուսաբանող լրագրողներին պատմեց, որ արդեն շահագործման է հանձնվել ցուցահանդեսային կենտրոնը, որտեղ փորձնական ցուցահանդես է կազմակերպվել: Ըստ նրա, ինստիտուտը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից տարածքում դիջիթեք անցկացնելու հայտ է ստացել. «Նաեւ մյուս ենթակառուցվածքներն ենք նախապատրաստում սեմինարներ, գիտաժողովներ եւ տարբեր տեսակի պրեզենտացիոն միջոցառումներ կազմակերպելու համար: Ինչպես տեսնում եք՝ հիմա էլ տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, ենթակառուցվածքները նախապատրաստում ենք ազատ տնտեսական գոտուն հանձնելու»:

Ա. Թառոյանը ասաց նաեւ, որ հիմնովին փոխվում է կենտրոնական շենքի ճակատային մասը, նախատեսվում է շենքի վրա տեղադրել գովազդային վահանակ: Ըստ նրա, ցուցահանդեսային կենտրոնն էլ նորարարներին հնարավորություն կտա անվճար անցկացնել իրենց գաղափարների կամ ապրանքների ցուցահանդես, զուգահեռ կհրավիրվեն այն ընկերությունները, որոնք կարող են գնահատել, ֆինանսավորել դրանք, այնուհետեւ այդ նմուշները տեղ են գտնելու ազատ տնտեսական գոտում, որտեղ եւ կազմակերպվելու է արտադրություն կամ գիտական մշակումներ: Ինստիտուտի գլխավոր տնօրենի խոսքերով, ներդրումները կատարվում են ռուսական ՍԻՏՐՈՆԻՔՍ ընկերության կողմից եւ նրանց միջոցներով. «Մինչեւ հիմա ներդրվել է 2 միլիոն դոլար: Կարծում ենք, աշխատանքները կհասցնենք մինչեւ հոկտեմբերի վերջը ավարտել ու ենթակառուցվածքները պատրաստ կլինեն ազատ տնտեսական գոտին բացելու համար»:

Էկոնոմիկայի նախարարն էլ կարծիք հայտնեց, որ ինչքան շատ ունենանք նման կենտրոններ, այնքան IT ոլորտում մրցակցային դաշտը կընդլայնվի. «Ուրախալի է, որ մենք վերականգնում ենք բոլորիս հայտնի այս արտադրական համալիրը, որը ժամանակին ՀՀ արդյունաբերության եւ տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշն էր: Մեզ համար ամենակարեւորը աշխատատեղերի ձեւավորումն է, որովհետեւ պետությունն ըստ էության զիջման է գնում` այս գոտիներում տրամադրելով արտոնյալ հնարավորություններ, հրաժարվելով հիմնական հարկերից»:

Նա բացառեց ազատ տնտեսական գոտում արդեն գործող բիզնեսի տեղափոխումը. «Այս նախաձեռնությունը միայն նրա համար է, որ մենք նոր ներդնողների ու ընկերությունների ներգրավենք: Այժմ էլ ում հետ բանակցություններ ենք վարում, բացառապես նոր, օտարերկրյա ընկերություններ են,, որոնք Հայաստանում նոր են հայտնվել»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930