2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Արտահանձնման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով, միջազգային և հենց իր երկրի իրավական նոմերի ակնհայտ խախտմամբ ներում շնորհեց մարդասպանին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձրացրեց Ռ.Սաֆարովի զինվորական կոչումը, պարգևատրեց բնակարանով և վճարեց հանցագործության համար ազատազրկման մեջ գտնված տարիների դիմաց աշխատավարձի չափով։
Գուրգեն Մարգարյանին ըստ էթնիկ և ազգային պատկանելության առանձնակի դաժանությամբ սպանած մարդասպանի արտահանձնումը, ներումն ու հերոսացումը հանդիսանում են մարդու կյանքի իրավունքի նկատմամբ բացառիկ ցինիզմով դրսևորվող անհարգալից վերաբերմունքի արտահայտություն: Սա լուրջ մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին, պետությունների համագործակցության սկզբունքներին և միջազգային կառույցներին:
Կարդացեք նաև
Փաստորեն, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հովանավորում է ըստ էթնիկ և ազգային պատականելության սպանությունն, ինչը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքների ու մարդու բացարձակ իրավունքի ուղղակի խախտում: Ադրբեջանի ղեկավարությունն իր վարքագծով լուրջ մարտահրավեր է նետում նշված միջազգային հեղինակավոր կազմակերպություններին անդամագրված երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող հանրահայտ , ճանաչված և հիմնարար սկզբունքներին, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրության ջանքերով: Ադրբեջանի տվյալ քայլը ոտնձգություն է ոչ միայն հարևան երկրի` Հայաստանի նկատմամբ, այլև` մարտահրավեր հենց այն միջազգային կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Ադրբեջանը:
Նման քայլերի անտեսումը և անուշադրության մատնումը ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խաղաղությունը որպես գերագույն արժեքներ հռչակած վերոնշյալ միջազգային կառույցների կողմից կարող են հանգեցնել այդ կառույցների նկատմամբ հանրային անվստահության ձևավորմանը: Մյուս կողմից, դրանք կարող են նպաստել ազգայնամոլական ծայրահեղական տրամադրությունների ու շարժումների տարածմանը և տարածաշրջանային բախումների ու պատերազմների վերսկսմանը:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները ավելի վաղ ու պատշաճ գործելու և դիվանագիտական խողովակներով Ռ.Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ որոշումը կանխարգելելու փոխարեն, որի հավանականության մասին տեղյակ են եղել նախապես, հանդես են գալիս ուշացած հուզական հայտարարություններով ու գործողություններով` ընդհուպ կասեցնելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ և փորձելով, ըստ էության, քողարկել սեփական անգործությունը: Ավելին, սեփական անգործությունը փորձ է արվում սքողել ազգայնամոլական և ծայրահեղական շրջանակների անթաքույց հովանավորմամբ, որին մասնակցում են մինչև իսկ Ազգային ժողովի պատգամավորները: Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանություններն իրենց ապօրինի գործողություններն ու որոշումները վերստին քողարկում են ազգայնամոլական, էթնիկական, ազգային թշնամանքի և ատելության մթնոլորտի խրախուսմամբ:
Բազմիցս ենք անդրադարձել Հայաստանի իշխանությունների կողմից իրենց քաղաքացիների նկատմամբ դրսևորվող բացարձակ անտարբերության և անփույթ վերաբերմունքին: Հավաստի աղբյուրների համաձայն, 1994թ մայիսի 12-ի զինադադարից հետո մոտ երեք հազար զինծառայողներ զրկվել են կյանքից, իսկ նրանց` մի քանի անգամ ավելի մեծ թվով ծառայակիցներ խեղվել են հոգեպես ու ֆիզիկապես: Զոհ են գնացել ոչ միայն շարքային, այլև սպայական կազմի զինծառայողներ, որոնց կյանքի իրավունքը խախտվել է ինչպես բանակում (Արտակ Նազարյանի սպանությունը), այնպես էլ բանակից դուրս (Վահե Ավետյանի սպանությունը): Մինչդեռ ոճրագործների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ ստանում է ոչ համարժեք պատիժ:
Կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, բռնությունը և անիրավությունը երկրում և զինված ուժերում շարունակվում են մնալ չլուծված հիմնախնդիրներ: Իշխանությունների կողմից չեն ձեռնարկվում գործուն քայլեր մարդու իրավունքները պաշտպանելու, անպատժելիության մթնոլորտը վերացնելու և արդարությունը վերականգնելու ուղղությամբ:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը սույն հայտարարությամբ կոչ է անում.
- Միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ-ի նախագահին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, անհապաղ քննարկել և գնահատական տալ Ադրբեջանի նախագահի` Ռ.Սաֆարովի ներման մասին հրամանագրին և պետական մակարդակով հերոսացման գործընթացին.
- Հայաստանի իշխանություններին` ձեռնարկել գործուն քայլեր ինչպե’ս Գուրգեն Մարգարյանի, այնպե’ս էլ մյուս բոլոր հայ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման անմիջական պատասխանատուներին և հովանավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ` ապացուցելու մարդու իրավունքների արժեքների կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում և երաշխավորելու այդ իրավունքների լիարժեք պաշտպանությունը մեր երկրում և նրա զինված ուժերում:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն