Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ստեղծագործական միությունների հայտարարությունը

Սեպտեմբեր 04,2012 14:46

Վերջին մի քանի օրերի աննախադեպ իրադարձությունները՝ ոճրագործ Ռ. Սա‎ֆարովի փաստացի արդարացումն ու խրախուսանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից,  որ տեղի ունեցավ հունգարական իշխանությունների ակնհայտ մեղսակցությամբ, մոտեցրել են մեզ  մի սահմանագծի, որը կարելի է անվանել Ճշմարտության պահ։

Նախ և առաջ այդ պահը բնութագրում է Ադրբեջանին՝ 1988-ի սումգայիթյան եղեռնագործությունից մինչև այսօր, որպես մի պետության, որի քաղաքակրթական նկարագիրը… կացինն է։ Ողջամիտ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնելու,  այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների և այլ երկրների գործադրած ջանքերը գալիս-բախվում են այդ կացնային փակուղուն։

Հաջորդը, որ դարձյալ վերաբերում է Ճշմարտության պահին, միջազգային քաղաքական հանրության՝ մինչ այժմ որդեգրած «հավասարակշիռ դիրքորոշումն» է, որի սկզբունքային փոփոխությու՛նը միայն կարող է դուրս բերել մեր տարածաշրջանը փակուղուց։

Այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը հասունացել է։ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակող ձևակերպումների, պետք է ճանաչվի ու երաշխավորվի այդ հանրության անդամների կողմից։ Երկակի ստանդարտների քաղաքականությունը ոչ միայն նորանոր հանցագործությունների ու սադրանքների է մղելու Ադրբեջանին, այլև շարունակելու է հիասթափեցնել մեր ժողովրդին՝  անվստահության սերմեր ցանելով միջազգային կառույցների և գործընկեր պետությունների հետ նրա հարաբերություններում։

Մինչդեռ նույնիսկ փակ աչքերով ապրող մարդկանց համար տեսանելի է, որ Արցախի ժողովուրդը չի կարող «ինքնավարվել» հայասպանությունը քաջալերող պետության կազմում։  Ժամանակն է մինչև վերջ ձերբազատվել ստալինյան ծանր ժառանգությունից, ընդունելով իր ազատությունն ու ժողովրդավարական ճանապարհը կառուցող ԼՂՀ  սուվերեն գոյությունը՝ արմատական վերափոխությունների ենթարկված մեր աշխարհում։

Այսպիսի արդարացի դիրքորոշման համատեքստում մենք գնահատանքի խոսք ենք հղում բոլոր այն երկրներին, գործիչներին ու մտավորականներին, ում քաղաքական և մարդկային խիղճը առանց հապաղումների արձագանքեց օրերս տեղի ունեցած աններելի իրադարձություններին։

Հայաստանի ստեղծագործական միությունները, վճռական և պատասխանատու քայլեր պահանջող այս իրավիճակում զորակցելով ՀՀ նախագահի գործողություններին, ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն ԼՂՀ անկախության ճանաչմանը  ։

Այս հանգրվանում մեր ժողովրդին անհրաժեշտ համախմբվածության հրամայականը նկատի ունենալով՝ հույս ենք հայտնում, որ ազգային-հասարակական կյանքը ձևավորող բոլոր ուժերը կկարողանան վեր կանգնել ներքաղաքական տարաձայնություններից՝ ի նպաստ մեր կենսական շահերի։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930