Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբեր 04,2012 14:44

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ:

– Նման օր մեզ պե՞տք է, կամ ի՞նչ կտա այն մեզ:

– Կարծում եմ՝ պետք է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսեւորման աստիճանը։ Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք եւ վարում է անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից, հարկադրանքից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորություն կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ, տեղեկացված:

– Ավելացե՞լ է սեքսապաթոլոգին դիմողների թիվը եւ ընդհանրապես ինչո՞ւ են մարդիկ խուսափում դիմել:

– Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին՝ սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին: Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվությունը պետք է ընդգրկի նաեւ սեքսուալության դրսեւորումների եւ սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշ սեքսուալ խանգարումների առաջացումը:

– Իսկ ինչպիսի՞ պատկեր է մարզերում:

– Բնականաբար, ավելի շատ են դիմում մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի է երեւանաբնակներին: Մարզաբնակներն այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության սակավությունը: Բացի այդ, նաեւ առկա է տրանսպորտի եւ տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը ապահովելու համար ցանկալի է, որ «պացիենտը» լինի բժշկի հսկողության ներքո, ինչը այս դեպքում չի հաջողվում:

– Սեռավարակներն այսօր որքանո՞վ են տարածված երիտասարդության շրջանակներում:

– Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող «պացիենտների» թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել եւ քո, եւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:

– Իսկ ինչ անել, որ սեքսուալ կյանքի պատճառով չքայքայվեն ընտանիքներ, ու փոխարենն ավելի ամրանան:

– Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով ցանկալի է ձգտել նրան, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեքսուալ կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930