Մեկնարկեց նոր ուսումնական տարին, եւ հերթական անգամ առաջին կուրսեցիները մեծ խանդավառությամբ սկսեցին հաճախել հանրապետական տարբեր բուհեր՝ դեռեւս խորությամբ չգնահատելով մի քանի տարի անց մասնագետ շրջանավարտի իրենց կարգավիճակը աշխատաշուկայում: Իսկ այդ կարգավիճակը, մեղմ ասած, ներկայումս այնքան էլ բարվոք չէ, քանի որ հանրապետությունում առկա է բարձրագույն մասնագիտությամբ գործազուրկների բանակ: ՀՀ բուհերը ներկայումս պատասխանատվություն չեն կրում շրջանավարտին աշխատանքի տեղավորման համար. այն դեպքում. երբ կրթական միջազգային շուկայում մրցակցային դիրքերի ապահովման առաջնահերթ գրավականներից է երիտասարդ մասնագետի աշխատանք գտնելու արագությունը:
Ընդհանրապես, կրթական համակարգի մրցունակության գնահատման խնդրին դեռեւս լուրջ չենք վերաբերվում եւ արդյունքում կորցնում ենք որակ՝ ծառայությունների մատուցման ներքին շուկայում, եւ կրթական ծառայությունների արտահանման հնարավորություններ՝ կրթական միջազգային շուկայում: Կարծում եմ՝ մեզ համար օգտակար կլինի բուհերի վարկանիշային ամենամյա սանդղակի հրապարակման միջազգային փորձի կիրառումը, որը մրցակցային լուրջ խթան է կրթական շուկայում: Ժամանակն է, որ մեր դիմորդը բուհն ընտրի ոչ թե զանազան «ասեկոսեների», այլ մասնագիտական կառույցների կողմից հրատարակված ՀՀ համալսարանների վարկանիշային սանդղակի հիման վրա, որը թույլ է տալիս տեսնելու յուրաքանչյուր կրթօջախի դիրքը կրթության ազգային շուկայում:
Վարկանիշային սանդղակի ամենամյա հրատարակումով կհասնենք նրան, որ հանրային կարծիք կձեւավորվի յուրաքանչյուր բուհում մատուցվող կրթական ծառայությունների մատուցման որակի մասին, որն էլ կստիպի բուհերին, ջանք չխնայելով, դիրքավորվել սանդղակի առաջին շարքերում: Իսկ դրան հասնելու համար նախ եւ առաջ լուրջ ուշադրություն է դարձվելու կրթության որակին, արհեստավարժ դասախոսական անձնակազմի, հարուստ գրադարանների, հագեցած լաբորատորիաների համալրմանը, գործատուների հետ համագործակցության սերտ կապերի հաստատմանը, շրջանավարտին աշխատանքի տեղավորման աջակցությանը եւ այլն:
Իհարկե, կրթական ծառայությունների մատուցման մրցունակությունը կարելի է գնահատել նաեւ պաշտոնական վիճակագրությամբ, համաձայն որի՝ ներկայումս հանրապետության 10 000 բնակչին բաժին է ընկնում բուհերում սովորող 340 ուսանող, որը բավականին բարձր ցուցանիշ է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ արեւմտյան կրթական շուկայում: Սակայն միջազգային ասպարեզում մրցունակության առումով դեռեւս արդյունավետ չեն օգտագործվում համալսարանական ռեսուրսները եւ մեր բուհերը բավականին անելիքներ ունեն:
Կարդացեք նաև
Զարգացած արեւտյան երկրներում կրթական ծառայությունների մատուցումը էական դեր է խաղում ՀՆԱ-ի (6-7%) ձեւավորման գործում: Դրան նպաստում է նաեւ մասնագիտական կրթական ոլորտում բազմաքանակ արտասահմանյան ուսանողների ընդգրկումը: Մեր հանրապետությունում կրթական ծառայությունների դերը համախառն ներքին արդյունքի արտադրությունում համեմատաբար փոքր է (2.8%), դեռեւս բարձրագույն մասնագիտական կրթությունը բարեփոխումների փուլում է, իսկ միջին մասնագիտական կրթությունը վերածննդի կարիք է զգում: Ավելին՝ վերջին տարիներին ՀՀ պետբյուջեից կրթության ծախսերի ֆինանսավորման նշանակալից աճ չի նկատվում: Եվ պատահական չէ, որ եթե կրթական ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում միջին հաշվով աշխարհում կազմում է 4.9%, ապա մեր հանրապետությունը համաշխարհային վարկանիշային աղյուսակում այս առումով գրավում է 101-րդ տեղը, իրենից առջեւ թողնելով տարածաշրջանային հարեւաններ Իրանին (58-րդ տեղ), Ռուսաստանի Դաշնությանը (88-րդ տեղ), Թուրքիային (91-րդ տեղ), Ադրբեջանին (100-րդ տեղ), միայն առաջ անցնելով Վրաստանին (123-րդ տեղ):
Այս առումով, կրթական ծառայությունների խթանման դեռեւս չօգտագործված ռեզերվ է համարվում ՀՀ-ի դիրքավորումը միջազգային մրցակցային շուկայում՝ արտասահմանցի ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու ճանապարհով: Գերհագեցած պետական եւ մասնավոր համալսարանական ցանցով հայրենական կրթական շուկան սոցիալական լարվածություն ունեցող ազգաբնակչության շրջանում չի կարող լիարժեք բավարարել կրթական ծառայությունների մատուցման առաջարկը: Ժամանակն է՝ լուրջ աշխատանքներ ծավալվեն մրցունակ կրթական համակարգ ձեւավորելու եւ կրթական ծառայությունները ոչ միայն ներքին շուկայում սպառելու, այլեւ թանկ կրթավճարներով արտահանելու ուղղությամբ:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ