Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի համաշխարհային մայրաքաղաքը կներկայանա էրոտիկ գրքերով

Սեպտեմբեր 04,2012 14:35

Կամ՝ «Արգելված գրքեր» մատենաշարը՝ մայրենիով

Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը «կդիմակայի» արգելված գրքերի ընդդիմախոսներին:

Մեզանում մինչ օրս այնքան չարչրկված «արգելված գրքեր» արտահայտությունը մայրենիով այլեւս մեզ է ներկայանալու համանուն մատենաշարով: Նախաձեռնությունը «Անտարես» գրահրատարակչությանն է: Շատ շուտով՝ սեպտեմբերի կեսերին, առաջին գիրքը՝ Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», հասու կլինի գրքասերներին:

«Առավոտը» հանդիպեց հայերեն տարբերակի հեղինակ, կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ամերիկյան գրականության դեմքերից մեկը՝ Միլերը, ով ծնունդով Նյու Յորքից էր, մի շարք տաղտկալի գործերից եւ ամուսնության ձախողումից հետո, 1930-ին կամավոր տարագրության է մեկնում Փարիզ: Այստեղ 1934թ. տպագրվում է նրա «Խեցգետնի արեւադարձը» վեպը: Ընդ որում՝ այդ ժամանակ ֆրանսիական օրենքների մեջ սողանցք կար. արգելված պիտակը կրող գրականություն հնարավոր էր տպագրել Ֆրանսիայում՝ միայն ոչ ֆրանսերեն: 43 տարեկանում հրապարակած Միլերի հիշյալ գիրքը, որ լույս տեսնելուն պես արգելվում է բոլոր անգլիալեզու երկրներում, հեղինակի գլխավոր ստեղծագործությունն է: Փարիզաբնակ ամերիկացիներից ամենահայտնի դեմք համարվող Միլերը 1940-ին վերադառնում է Ամերիկա՝ հաստատվելով Կալիֆոռնիայում: «Թունդ ռոմանտիկ» գրողը այստեղ ամուսնանում է 5-րդ անգամ՝ ճապոնացի երգչուհի Հոկի Տոկուդայի հետ: Հեղինակի ճակատամարտը «Խեցգետնի արեւադարձի» գրաքննչական արգելքի դեմ ավարտվում է 1964-ին՝ Գերագույն դատարանի կայացրած վճռով, որն էլ արտահայտման նոր ազատություն է բերում ամերիկացի գրողներին: Զավեն Բոյաջյանը մեջբերեց «Խեցգետնի արեւադարձի» մասին Նորման Մեյլերի խոսքը. «Այս գործը 20-րդ դարի 10 կամ 20 մեծագույն վեպերից մեկն է, հեղաշրջում՝ գիտակցության մեջ»:

Հարցին, թե հայ իրականությունում այս էրոտիկ գիրքը անաղմո՞ւկ կընկալվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մատենաշարով մեր նպատակն է նոր գրական շունչ բերել մեր իրականություն, թարգմանել, ունենալ այնպիսի գրքեր, որը իսկապես թարմություն կբերի հայաստանյան գրական դաշտ, կօգնի, որպեսզի երիտասարդ գրողներն արդեն մայրենիով ծանոթանան գրականության կարեւորագույն գործերի հետ, որոնք 20-րդ դարում վճռորոշ դեր են խաղացել համաշխարհային գրական զարգացման գործընթացում»: Շարունակելով՝ թարգմանիչն ասաց, որ գրողն այս երկում տրվել է ինքնախոստովանության ժանրին, մանրամասն նկարագրելով սեփական էրոտիկ արկածները Փարիզի հասարակաց տներում, իր ժամանակի բոհեմական նիստուկացը. «Միլերը վեպում ասում է, որ ինքը գրում է այն ամենի մասին, ինչն իր գրչակիցները բաց են թողնում, չեն բարձրաձայնում: Դա է պատճառը, որ ստեղծագործությունում հաճախակի են սեքսուալ տեսարանները, ֆիզիոլոգիական եւ նատուրալիստական մանրամասները: Նշեմ, որ դրանք հաճախ ներկայացվում են գռեհկաբանության հասնող լեզվով, մի խոսքով՝ հասարակության մեջ պատշաճության կանոններից դուրս է: Օրինակ՝ հերոսներից մեկը լապտերով ուսումնասիրում է կնոջ հեշտոցը, հասկանալու համար՝ վերջապես ինչ կա այդ օրգանում, որն ի սկզբանե ձգել է տղամարդուն: Հերոսներ էլ կան, որ բառի իսկական իմաստով մանյակ են: Նրանցից մեկը, որ սիրող ամուսին է, չի կարողանում օրվա մեջ չհանդիպել ու սեռական հարաբերություն չունենալ միանգամից մի քանի պոռնիկների հետ… Կան նաեւ, իհարկե, ռոմանտիկ նկարագրություններ»: Բոյաջյանը հավելեց նաեւ, որ ինքը պատրաստ է դիմադրելու ցանկացած ընդդիմադիրի:

Հետաքրքրությանը, թե «Արգելված գրքեր» մատենաշարում կա՞ն հայ հեղինակներ, թարգմանիչը տեղեկացրեց, որ հավանական է՝ մատենաշարում տեղ գտնի Կարա Դարվիշի «Օրերից առաջ» վեպը (որը 20-րդ դարասկզբին աղմուկ է հանել): Հայտնեց նաեւ անցյալ դարասկզբին դատական հետապնդումների ենթարկված բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» ստեղծագործության առաջիկա հրատարակման մասին՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ, շեշտելով, որ այն մեծ ազդեցություն է թողել ժամանակի արեւմտահայ գրականության, մասնավորաբար՝ պոեզիայի եւ հատկապես Դանիել Վարուժանի ստեղծագործությունների վրա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930