Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարորդները՝ թակարդում

Սեպտեմբեր 04,2012 14:32

Ոստիկանապետն այդպես էլ չարձագանքեց

Հուլիսի 11-ի «Հայացք» օրաթերթում հրապարակել էի բաց նամակ՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին ու խնդրել նրա հանձնարարականը համապատասխան ստորաբաժնին՝ ՃՈ թերի որոշումը վերանայելու համար: Խնդիրը հետեւյալն էր՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերել ու լուսանկարել էր Ռուբինյանց փողոցում արագությունը սահմանափակող նշանի միտումնավոր թաքցրած լինելը ծառերի սաղարթի հետեւում եւ իրազեկել էր բոլոր տուժած վարորդներին՝ ով տուգանվել էր ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 29-ը ժամանակահատվածում՝ դիմեն ՃՈ որոշումն անվավեր ճանաչելու համար: Սակայն ՃՈ-ն միայն իրեն հայտնի պատճառով մկրատել էր օրերի թիվը՝ ապրիլի 20-ը փոխել մայիսի 19-ով (կարծես ծառի սաղարթը 1 օրում էր փարթամացել՝ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը): Ամուսնուս եկած ծանուցումը մայիսի 18-ին էր վերաբերում, ինչն էլ բաց նամակ գրելու պատճառը դարձավ, որին այդպես էլ չարձագանքեց պրն ոստիկանապետը, ուրեմն՝ ոստիկանությունում կամ թերթեր չեն կարդում, կամ արհամարհում են, երկու դեպքն էլ նրանց օգտին չի խոսում: Փոխարենը օրերս ՃՈ -ից ստացվեց ամուսնուս դիմումի պատասխանը, որ մերժում են նրա փաստարկը, որ նա պետք է վճարի 10 հազար դրամը, այլապես…Ամուսինս վճարեց, վճարեցին ու շարունակում են վճարել մյուսները՝ միաժամանակ արտահայտելով իրենց բողոքն ու զայրույթը.

«Մեղմ ասած, սա իշխանությունների հերթական սադրիչ քայլն է սեփական ժողովրդի հանդեպ,- ասում է 25 տարվա վարորդը, ով երբեք չի տուգանվել ՃՈ աշխատակիցների կողմից ու հավելում,- ես ամեն առավոտ ժ. 6-ին մեքենայով գնում եմ Ծիծեռնակաբերդ՝ վազելու, ինչո՞ւ դատարկ փողոցներում 70-80 կմ/ժամ արագությամբ վարելու իրավունք չունենամ, թող սահմանափակեն արագաչափերի աշխատելու ժամերը կամ հուլիսի 17-ին՝ ամառային արձակուրդի եռուն շրջանում, երբ դպրոցի պահակից բացի, ոչ ոք չի անցնում Արտաշիսյան փողոցի դպրոցի մոտով, վարորդները 40 կմ/ժամ արագությունը չպետք է գերազանցեն, ինչո՞ւ… մի՞թե ճկուն միտք է պետք այս խնդիրները լուծելու համար, այդ նշանը կարող էր շարժական լիներ կամ կամերաները ժամանակավորապես չգործեին»:

Այդպես կլիներ, եթե իրոք երեխաների մասին մտածեին, մինչդեռ մտածել են 1 անձի՝ կամերաները տեղադրողին հարստացնելու մասին, ում գրպանը գնում է տուգանքներից հավաքագրած գումարի 70 %-ը: Այդպիսի կամերաներ տեղադրել ու հանել են տարբեր երկրներում, իսկ մենք ուրիշների սխալների վրա չենք ուզում սովորել:

Ուշագրավ մանրամասներ ներկայացրեց զրուցակիցս՝ կամերաները թաքնված տեսախցիկ անվանելով, քանզի դրանց մասին նախազգուշացնող նշաններն ընդհանրապես կապ չունեն երթեւեկը կարգավորող՝ արգելող, նախազգուշացնող եւ ուղղորդող նշանների հետ, որոնք լինում են կլոր, եռանկյունի կամ քառակուսի շրջանակով եւ արտահայտված են լինում վառ գույների ֆոնի վրա՝ կարմիր, դեղին, մուգ կապույտ (որպեսզի աչքին տեսանելի լինի): Մինչդեռ տեսախցիկի մասին նախազգուշացնող նշանը ուղղանկյուն է, ֆոնն էլ՝ բաց մոխրագույն՝ ճիշտ նույն հեռագրասյան գույնը, ինչի վրա ամրացված է, այսինքն՝ արվել է ամեն ինչ՝ նշանն աներեւույթ դարձնելու համար, կա ու չկա, փնտրես էլ՝ չես գտնի, վարորդի կողքին պետք է մեկը նստած լինի, որ թելադրի: Հասկանալի է, նման նշան երկնելու համար էլ է պահանջվել հոգեբանի աշխատանք, մտացածին արվել է հնարավորինս կամերան թակարդի վերածելու ուղղությամբ:

Արտառոց մի դեպք էլ պատմեց մեկ ուրիշը: Վերջինիս զինվոր որդին, որ կարճատեւ արձակուրդ էր ստացել, 2009թ. ամռանը երթեւեկության կանոնները խախտելու համար տեսուչը 3000 դրամի տույժ էր գրել: Ժամանակի սղության պատճառով որդին հորը խնդրել էր, որ տույժը մուծի, անդորրագիրն էլ տանի փոսի ԳԱԻ (թե ով էր մոգոնել այս քաշքշուկը- Գ. Ա.): Հայրը վճարել էր, բայց անդորրագիրը չէր տարել ցուցադրել, մտածելով, որ գումարը կնստի իրենց հաշվին, կտեսնեն, որ մուծված է: Անցնում է մոտ 2 տարի, ու պարզվում է, որ ոստիկանությունն առանց ստուգելու, առանց զգուշացնելու քաղաքացուն, վերջինիս դատի է տալիս, դատարանն էլ առանց ծանուցելու դատավարության մասին՝ որոշում է քաղաքացուց գանձել տույժի հնգապատիկ գումարը եւ ուղարկում քաղաքացուն: Իսկն աբսուրդի թատրոն՝ մեր բուհերում տիրող իրավիճակի նման, երբ ուսման վարձը Գյումրիից փոխանցվում է ԵՊՀ, իսկ վերջինս պահանջում է բերել, ցույց տալ փոխանցման թուղթը, քանի որ հաշվապահությունը դեկանատին չի տեղեկացնում փոխանցման մասին: Երեւի բաժինների աշխատողները խռոված են կամ ալարում են մեկմեկու իրազեկել, փոխարենը մեր քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվում անիմաստ վազքի մեջ:

Եթե բուհերում հաջողվում է խոսք հասկացնել, որ սպասեն, ապա ոստիկանությանը՝ հազիվ թե: ՀՀ քաղաքացին, զզվելով ՀՀ «անկախ» դատարանների գործելակերպից, գերադասում է հնգապատիկը վճարել, քան հակընդդեմ հայց ներկայացնել դատարան՝ վճարած անդորրագիրը ձեռքին: Ահա այսպես են անում, որ մեր քաղաքացիները զզված լքում են երկիրը:

Զրուցակիցներս բոլորն էլ հավաստիացնում էին, որ զայրացնողը ոչ թե տուգնանքներն են, այլ այն, որ Ճանապարհային ոստիկանությունը պատժում է իր շատ քաղաքացիների մեկ անձի օգուտի համար: Ասում են՝ այդ գումարների միայն 30 տոկոսն է մտնում բյուջե, իսկ 70-ը՝ սարքավորումները տեղադրողինն է: Եթե վերջինս մեզ համար անհայտ մեկն է, ապա պարզվում է, որ հասարակության որոշ շերտերին լավ էլ հայտնի է…

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930