Լոռու մարզի Շնող գյուղը նախապատրաստվում է սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սեպտեմբերին այստեղ առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ Հայկազ Քոչինյանը եւ 2004թ.-ից մինչ օրս «Հայանտառ» ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովիկ Սահակյանը:
Նախկին տրանսպորտի նախարար, Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, թեեւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, սակայն նա ինքնառաջադրվել է եւ, փաստորեն, հանդես է գալիս որպես անկուսակցական:
Նրա մրցակիցը նույնպես անկուսակցական է:
Շնող գյուղ մեր այցելության ժամանակ փորձեցիք տեղեկանալ, թե ինչպես է գյուղը նախապատրաստվում ընտրություններին, ինչ խնդիրներ կան, որոնք ցանկանում էին տեղաբնակները տեսնել լուծված:
3000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղը մեզ դիմավորեց ցամաք աղբյուրներով: Գյուղը ջուր չունի: Մարդիկ դույլերով գնում են ջուր կրելու բնական աղբյուրներից հսող ջրից: Խմելու ջուրը պիտանի չէ, քանի որ հոսող գետի ջուր է, չֆիլտրված եւ տեխնիկական առումով անապահով: Գյուղ մտնող ջրագծերը բարձիթողի էին: Այն գալիս էր Թեղուտի հանքերի մոտով: Միակ տեղը, ուր ջուր գտանք, դա գյուղապետի բենզալցակայանի տարածքն էր:
Մեզ հանդիպած դույլերով մարդկանցից իմացանք, որ ջուրը վաճառվում է 5000 դրամով:
Այդ 5000 դրամանոց ջրի համար չկա հաշվիչ, մարդիկ ստորագրում են դպրոցական տետրի վրա: Այն պահվում է գյուղապետարանում: Ի դեպ, ապագա ընտրողներից մեկն ասաց, որ «սեփականաշնորհվել» է…գյուղապետարանը եւ տեղի հիվանդանոցի 2-րդ հարկը: Նշված բուժհիմնարկում կա կոշկակարանոց, խանութ: Հիվանդանոցն ավելի շուտ հիշեցնում է ամբուլատորիա, իսկ հիվանդները դիմում են Ալավերդի-Նոյեմբերյանի բուժհիմնարկներ, եթե դրա անհրաժեշտությունը ծագում է:
Շնողի ընտրական տեղամասերը լինելու են տեղի միջնակարգ դպրոցն ու Արվեստի դպրոցը:
Դպրոցի ներսում փակցվել էին ընտրողների ցուցակները, մինչդեռ, ըստ ԸՕ-ի, այն պետք է փակցված լիներ բաց տեղում:
Միակ հայտարարությունը, որը նկատեցինք, նկարում պատկերվածն էր: Ըստ դրա՝ կատարվելու էր թունաքիմիկատներով բուժում եւ կրծողների դեմ մկնդեղով պայքար:
Զգուշացվում էր, որ ապօրինի արածեցման ժամանակ անասունների թունավորման դեպքում տնտեսությունը պատասխանատվություն չի կրում:
Տեղաբնակներից մեկին տեսանք գյուղի կենտրոնում՝ թեկնածուներից մեկի նախընտրական ծրագիրը գրպանում պահած:
Նա ասաց, որ մինչ այդ էլ են եղել ՏԻՄ ընտրություններ, սակայն որեւէ մեկը հանդես չի եկել ծրագրով:
Իսկ ծրագիրը բաժանել էր թեկնածու Հովիկ Սահակյանի նախաձեռնող խումբը:
Թեկնածուն գրել էր, որ իր նախընտրական խոսքը ներկայացնելու է «մտերմիկ զրույցի ձեով», իսկ այդ մտերմիկ խոսքում նա պարտավորվել էր. «Մեր տան ճանապարհը սարքելը, մեզ ջուր հասցնելը, մեզ հողով, աշխատանքի հնարավորությամբ ապահովելը Շնողի գյուղապետարանի ուղղակի պարտականությունն է»:
«Շնողը գրպանի գյուղ չէ, շնողեցիներն էլ գրպանում տեղավորվող մարդիկ չեն կարող լինել: Գյուղի եւ մարդկանց հաշվին մեկին տասը հավելագրումներ չեմ անելու, որ հետո նույն գումարներով փորձեմ գյուղն ու մարդկանց փոքրացնել, դնել գրպանս»,- գրել էր իր նախընտրական ծրագրում Վասիլիչը, ինչպես կոչում էին նրան տեղաբնակները:
Այս թեկնածուն պարտավորվել էր նաեւ, գյուղապետ ընտրվելու դեպքում, վճարել մարդկանց աշխատավարձերը, օրենքով նախատեսված 32 500 դրամը, եւ գտնում էր, որ դրանից պակասը հնարավոր չէ: «Իմ ընտրվելու դեպքում նվազագույնով աշխատող չի լինելու»,- խոստացել էր նա:
Գյուղաբնակներից մեկը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հիվանդանոցի կոյուղին չի գործում: Մինչդեռ, ըստ նույն նախընտրական ծրագրի հեղինակի, դա ցանկությամբ լուծելի խնդիր է:
Գյուղն ունի ուշագրավ անուններով թաղեր՝ «Մեծ քարի գլուխ», «Նախկին դպրոցի թաղ», «Կոտրած բեմի թաղ», որտեղ էլ առաջիկայում կսկսվեն նախընտրական հանդիպումները:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ