Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանքը բումերանգ է. այն ամենը, ինչ արել ես, մի օր վերադառնալու է քեզ

Սեպտեմբեր 04,2012 14:23

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը։ Ցնցված են գրեթե բոլորը եւ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտում Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարությունների դեմ։ Ցնցված էր նույնիսկ մեր հանրապետության նախագահը։ Սերժ Սարգսյանը պարզապես ապշած էր, թե ինչպես կարելի է ոճրագործին ազատ արձակել։ Իրոք, ապշելու բան է, բայց ոչ մեր նախագահի համար։ Ի՞նչ է, Սերժ Սարգսյանն այդքան շո՞ւտ մոռացավ 2008թ.-ին իր կայացրած որոշումը մեկ այլ ոճրագործի՝ Արմեն Սարգսյանին ազատ արձակելու մասին։ Դե, ուրեմն, մի փոքր հիշեցում. նախագահի պաշտոնին անցնելու հենց առաջին իսկ քայլը եղավ այն, որ ազատ արձակեց ոճրագործին, որն ընդամենը 5 տարի էր անցկացրել ճաղերի ետեւում։ Այդ քայլն ապօրինի էր, որովհետեւ մինչեւ հիմա էլ պարզ չէ՝ ոճրագործին ներո՞ւմ է շնորհվել, թե՞ ժամկետն է կրճատվել։ Թե՛ մեկի եւ թե՛ մյուսի դեպքում հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա:

Ժամանակին Հունգարիայի կառավարությունը ավելի արդարացի եւ բարոյական որոշում կայացրեց՝ ոճրագործին դատապարտելով ցմահ բանտարկության, իսկ մեր երկրում Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալված ոճրագործները ստացան ընդամենը 15 տարվա ազատազրկում։ Ռամիլ Սաֆարովը մի զինվոր է (թեկուզ հոգեկան հիվանդ), որ սպանել էր իր թշնամու զինվորին (այլ բան է, թե ինչ պայմաններում)։ Իսկ ինչո՞ւ էին սպանել Տիգրան Նաղդալյանին: Նրա համար, որ ազգի սերո՞ւցքն էր, որ շատ խելացի՞ էր, որ հայ ազգի (եւ ոչ միայն) սերն ու հարգա՞նքն էր վայելում, թե՞ որ տաղանդավոր երիտասարդ էր։ Ինչպե՞ս են անվանում այն ոճրագործին, ով պատվիրում է սպանել ազգի պարծանքին։ Նա ոչ այլ ոք է, քան ազգի դավաճան։ Ու հիմա մեր նախագահն ապշել է այդ անօրինական որոշման առիթով։ Միգուցե Հունգարիայի կառավարությունը այդ քայլին գնացել է հենց Սերժ Սարգսյանի կատարած քայլերից հետեւություն անելո՞վ։ Դե, օրինակ, ինչո՞ւ Հունգարիան չի կարող ազատ արձակել մի տականքի, որին զոհ դարձած անձի հայրենիքում հենց երկրի նախագահն ինքն է նմանատիպ որոշում կայացրել։ Եթե Հունգարիայի կառավարությանը Ադրբեջանի նախագահը կարող էր կաշառել նավթով կամ խավիարով (ինչպես միշտ հիշատակում են), ապա ինչո՞վ է կաշառել մեր երկրի սաֆարովը (Արմեն Սարգսյանը) մեր նախագահին։

Սաֆարովը ոճրագործ է մեզ համար, բայց Ադրբեջանի համար նա պարզապես զինվոր է, որ սպանել է թշնամու զինվորին։ Բոլորը զարմանում են, թե ինչպես է Ալիեւը ողջագուրվել ոճրագործի հետ։ Դե, լավ էլի, ի՞նչ է, մեր նախագահը չի՞ ողջագուրվել ոճրագործի՝ Ա. Սարգսյանի հետ, դեռ ավելին, ինչպես Արմեն Սարգսյանն է նշել իր հարցազրույցներից մեկի ժամանակ՝ այդ հինգ տարիների ընթացքում (երբ նա, իբր, եղել է բանտում) իր կողքին է եղել Սերժ Սարգսյանն ու խոստացել է, որ անպայման ազատ կարձակի իրեն: Դե, մարդն էլ իր խոստումը կատարել է հենց նստել է նախագահի աթոռին (չարաշահելով պաշտոնեական դիրքը)։ Ոչ միայն նախագահը, նաեւ մեր պաշտպանության նախարարն ու վարչապետն են ողջագուրվել «մեր» ոճրագործի հետ, դեռ ավելին՝ այն նույնիսկ լուսաբանվել եւ գովազդվել էր Հ1-ի եթերից եւ «Ֆեյսբուքում»։ Բոլորն են կարծես ոճրագործամոլներ։ Ու հիմա բոլորը բարձրաձայնում են եւ պահանջներ ներկայացնում Հունգարիային։ Միգուցե դա պետք էր անել դեռ 2008թ.-ին՝ մեր երկրի նախագահի կատարած ապօրինի եւ անարդար որոշումների դեպքում, հետո նո՞ր մյուսներից պահանջել արդարություն։ Միշտ էլ հեշտ է ուրիշին քննադատելը։ Հիմա պարոն Սարգսյանը ուզում է ցույց տալ, որ ինքը շատ մտահոգ է իր երկրի զինվորի թափված արյան համար եւ արդարացի վճիռ է պահանջում Հունգարիայից։ Ամենաքիչը նա է, որ ունի դրա բարոյական իրավունքը։ Մի՞թե Սերժ Սարգսյանին (ինչպես նաեւ մյուսներին, որոնք չպահանջեցին 2008թ.-ին) չի մտահոգում Տիգրան Նաղդալյանի թափված արյունը, չէ՞ որ այդ արյունը թափվել էր հենց Ս. Սարգսյանի արյան փոխարեն, որովհետեւ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով ամենամեծ կասկածյալները հենց Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանն էին, բայց ավելի հասանելի դարձավ Տիգրան Նաղդալյանը։ Մի՞թե մեղքի զզացումը չի հետապնդում Ձեզ այս 10 տարիների ընթացքում, պարոն նախագահ։

Կյանքը բումերանգ է, եւ այն ամենը, ինչ արել ես, մի օր վերադառնալու է քեզ։

ԿԱՐԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Հասկանալով սպանված գործընկերոջ հարազատի զգացմունքները՝ գտնում ենք, որ նամակում անցկացրած զուգահեռը բավականին վիճելի է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930