Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանները զայրացնում են դաշնակցականներին

Սեպտեմբեր 04,2012 14:22

Գյումրու քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը իր մրցակցին՝ Սամվել Բալասանյանին, կոչ է անում հեռանալ Գյումրիից:

Մի քանի օր է՝ մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը որոշակի աշխուժություն է մտցրել Գյումրու միապաղաղ ընտրարշավում: Վերջինս սկսել է անխնա քննադատել իր մրցակցին՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, նրան մեղադրելով Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտն էլ ավելի փչացնելու, քաղաքում տեղի ունեցած կրիմինալ վերջին դեպքերին անուղղակի կերպով մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ «քեռի, հորեղբայր, մորքուր» ավագանու անդամի թեկնածություն առաջադրելու մեջ: ՀՅԴ-ական թեկնածուն ոչ ավել-ոչ պակաս պարոն Բալասանյանին հորդորում է հանել իր թեկնածությունը ու հեռանալ քաղաքից, քանի որ, նրա մեկնաբանմամբ, Բալասանյանի պատճառով արդեն իսկ երիտասարդ տղաներ են ձերբակալվել: Նշենք, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանի կոկորդն էր բռնել՝ բացատրություն պահանջելով, թե ինչու է Բալասանյանի կողմն անցել:

ՀՅԴ-ական թեկնածուի քննադատությունը, բնականաբար, անարձագանք չէր մնացել Ս. Բալասանյանի կողմից. նրա շտաբի պետ, Շիրակի նախկին փոխմարզպետ Ռուբեն Սանոյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Հովսեփ Սիմոնյանը պատվերով համերգ է կատարում, եւ խորհուրդ էր տվել քաղաքի խուլիգաններին տանել ու տանը պահել: Երեկ քաղաքապետի դաշնակցական թեկնածուն, դիմելով մեր խմբագրություն, հարկ էր համարել պատասխանել Ռուբեն Սանոյանի ասածներին: «Ես որեւէ մեկին չեմ վիրավորել, եւ ես ցավ եմ ապրում, որ ձեր հոդվածով նորից ու նորից փաստեցի, որ Սամվել Բալասանյանը ի վիճակի չէ նույնիսկ իր տարրական իրավունքների համար պատասխան տալ: Չեմ խոսում այն մասին, թե ինչ կլինի վաղը-մյուս օրը, եթե Աստված ոչ անի՝ հանկարծ ինքը հայտնվի այս քաղաքի ղեկին: Ինքը նույնիսկ չի կարող այս քննադատությանն ինքնուրույն պատասխանել, ու նրա փոխարեն փեսան՝ Ռուբիկն է պատասխանում: Իսկ եթե Ռուբիկը, իբրեւ թե, շփոթում է իմ անուն-ազգանունը, ասելով՝ Հովսեփյան Սիմոն, Սիմոնը եղել է իմ պապի պապը, ես ուրախ եմ Սիմոնով, Սիմոնը եղել է եկեղեցական. Սիմոնը վիրավորական բառ չէ, որ մարդիկ փորձում են դրանով ինչ-որ տպավորություն ստեղծել: Ես հպարտ եմ նաեւ իմ ծննդավայրով, իմ ծնողներով, իմ ընտանիքով, իմ ժառանգներով եւ խորհուրդ կտամ, որ որեւէ մեկը չփորձի ոչ իմ ժառանգներին, ոչ իմ ծնողներին, ոչ էլ իմ ծննդավայրը շահարկման առիթ դարձնել: Ամբողջ Հայաստանին շատ լավ ճանաչում եմ եւ գտնում եմ, որ անբարո է այս արժեքների մասին խոսելը: Առավել եւս, երբ որ ես նման արժեքների չեմ կպել իրենց մասով»,- ասաց ՀՅԴ-ական թեկնածուն: Նրան զայրացրել է նաեւ Ռուբեն Սանոյանի այն խոսքը, թե՝ թող Սարատակ գյուղից չգան ու մեզ մեր հրապարակ հրավիրեն: «Բալասանյանն ումի՞ց է վախենում կամ քաշվում, որ ոստիկաններով ման գա, իրենի՞ց է վախենում, թող պարզ խոսեն»,- ասել էր Սամվել Բալասանյանի շտաբի պատասխանատուն՝ անդրադառնալով ՀՅԴ-ական թեկնածուի այն քննադատությանը, թե պարոն Բալասանյանը ոստիկաններով ու թիկնապահներով է ման գալիս: «Ես հասկանում եմ, թե ինչու է Սարատակ գյուղը դրոշմվել, ես հասկանում եմ, Ռուբենն, իմիջիայլոց, աշխատել է սարատակցի պաշտոնյայի ենթակա, նա դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի տեղակալն է եղել եւ իր մատնանշած իրենց հրապարակով ամեն անգամ գնացել է դեպի սարատակցի պաշտոնյայի դուռը, նստել է ժամերով եւ խնդրել է ինձ, որպեսզի ես օգնեմ, որ ինքը կարողանա մտնել իր ղեկավարի մոտ, այ, ես գիտեմ, թե ինչու է Սարատակ գյուղը այդպես իր ուղեղի մեջ տպավորվել»,- ասաց պարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռուբեն Սանոյանի այն հայտարարությանը, որ Սամվել Բալասանյանը Գյումրիում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, մինչդեռ Հովսեփը այս քաղաքում քարը քարին դրած չկա, ճանապարհ չի անցել: «Բալասանյանը քաղաքում 50 հատ օբյեկտ ունի, հազար հատ էլ աշխատող, թող մի հատ գա, մի պատի վրա իրա ձեռքով նկարած նկարը կամ քարը քարին դրած մի որեւէ բան ցուցադրի ժողովրդին, նոր մյուսներին հրավիրի հրապարակ, մենք էդ հրապարակում ենք մեծացել, ու ոչ ոք թող Սարատակ գյուղից չգա ու մեզ հրավիրի մեր հրապարակ»,- հայտարարել էր Սամվել Բալասանյանի շտաբի պետը: «Ցավ եմ ապրում, որ իրենք աշխատողներին հատերով են հաշվում, ես հարգում եմ իմ ժողովրդին, ես գիտեմ, որ մարդը հատով չէ, ես հասկանում եմ, որ իրենց շատ հոգեհարազատ են հատ, քշել, գոմ բառերը, բայց գտնում եմ, որ մեր ժողովուրդը հատով չպետք է հաշվվի: Աշխատողը անձ է եւ մարդիկ են: Մյուս խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ անպայման, ինչքան ես գիտեմ, ըստ Բալասանյան Սամվելի ներկայացրած հայտարարագրի, ինքը մի անասնագոմ ունի, համենայնդպես՝ 50 օբյեկտ հայտարարագրված չէ, կխնդրեի, որ համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեին, թե որտե՞ղ են 50 օբյեկտները, որը ֆիքսված չէ հայտարարագրում, եւ որտեղ են աշխատում էդ 1000 մարդիկ: Եթե դա իրենը չէ, էդ դեպքում թող գյումրեցիները հասկանան, թե էդ մարդիկ ովքեր են, ով է Ռուբիկը եւ ինչ է ուզում սրանով ասել: Ես նորից ու նորից կրկնում եմ, որ էս քաղաքից Բալասանյան Սամվելը պետք է հեռանա, նրա գալով էս քաղաքում նորից ու նորից լարվածությունը իր գագաթնակետին է հասնում: Եվ մի բան. իրենք չէ, որ պետք է որոշեն՝ այս կամ այն անձը խուլիգան է, թող դատարանը որոշի, թե ովքեր են խուլիգան: Այսօր իրա տղան չի փախուստի մեջ, գիտե՞ք ով է փախուստի մեջ, իմ մոտ ընկերոջ տղան՝ Գարոյան Հովսեփի որդին, որը շատ գրագետ, շնորհքով անձնավորություն է, բայց Բալասանյան Սամվելի երեսից հայտնվել է փախուստի մեջ»,- ասաց Հ. Սիմոնյանը՝ խորհուրդ տալով չպատասխանել իր հնչեցրած պատասխանին ու լեզվակռիվը փակել. «Ռուբիկը գրում է, որ չի ուզում իջնել ինչ-որ մեկի մակարդակին. Ռուբիկ, դու սխալ ուղղությամբ ես գնում, իմ մակարդակին հասնելու համար վերեւ պետք է բարձրանալ, ոչ թե իջնել, եթե մի քիչ էլ իջար, կհասնես քո աներձագին՝ Սամվել Բալասանյանին, էդ տարածքի վրա: Հոդվածում մի միտք էլ կա, որ իբր իմ դեմքը նման է եղել պատերազմում գերի ընկածի դեմքի. այո, էն տարիներին, երբ որ ես պատերազմի դաշտում էի, ինքն ու իր աներձագը երկիրն էին թալանում եւ պարծենում էին, որ իրենք ինչ-որ բան են ստեղծել՝ էդ վաուչերները կոպեկներով առնելով, մարդկանց խաբելով: Այո, ես եղել եմ պատերազմի դաշտում, գերի էլ չեմ ընկել ու չեմ ընկնելու ոչ սեփական ժողովրդի, ոչ էլ որեւէ մեկի ձեռքը, բայց իրանք էսօր գերի են ընկել իրենց ստեղծածի ձեռքը՝ իրենց փողերի, իրենց շրջապատի, իրենց հրահրողների ու իրենց տերերի ձեռքը»,- ասաց պարոն Սիմոնյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930