Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դու իմ թիմակիցը չես, քեզ պետք է ազատեմ աշխատանքից»

Սեպտեմբեր 04,2012 14:09

Իր այս «խոստումը» իրականացնելու գործում Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանին աջակցում են նաեւ տեղի ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցնե՞րը:

Սվետլանա Բեգլարյանն Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցում աշխատել է շուրջ 27 տարի, որից 10 տարին եղել է տնօրեն: Հիմա նա աշխատանքից ազատված է եւ կարծում է, որ զուտ քաղաքական նախադրյալներով: 2011 թվականի նոյեմբերի 13-ի ընտրություններից հետո Իջեւանի քաղաքապետ ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը Սվետլանա Բեգլարյանի հավաստմամբ՝ հալածանքներ է սկսել իր նկատմամբ: «Դու իմ թիմակիցը չես, քեզ պետք է ազատեմ աշխատանքից»,- ասել է Ղալումյանը երաժշտական դպրոցի տնօրենին: «2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքը հրահանգել էր, որ ողջ կոլեկտիվով ընտրենք ԲՀԿ-ին: Սակայն ես չէի կարող նման քայլ կատարել, քանի որ իմ աշխատած տարիներին ՀՀԿ-ի եւ ներկայիս իշխանությունների կողմից մշտապես սերտ աջակցություն եմ ստացել»,- պատմում է արդեն նախկին, անկուսակցական տնօրենը՝ հիշելով, որ դպրոցն ընդունել է 172 աշակերտով եւ երեք բաժիններով, հիմա դպրոցի 16 բաժիններում սովորում է մոտ 400 աշակերտ: Դպրոցը նորոգվել է սոցներդրումների հիմնադրամի կողմից, բացմանն էլ ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ դպրոցին գերմանական ռոյալ է նվիրել: Սվետլանա Բեգլարյանը վստահեցնում է, որ ինքը կոլեկտիվին թողել է ազատ ընտրության իրավունք. մեծամասնությունն իր հետ միասին քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: ԲՀԿ-ական քաղաքապետի արձագանքը չի ուշացել՝ մայիսի 18-ին նա աշխատանքից ազատել է երաժշտական դպրոցի՝ արձակուրդում գտնվող տնօրենին: Պատահաբար տեղեկանալով եղելությանը՝ տնօրենը քաղաքապետից պահանջում է իր ազատման հիմքերը փաստող փաստաթուղթ: Չի ստանում: Ընդամենը չորս օր անց քաղաքապետն անվավեր է ճանաչում սեփական հրամանը եւ մեկ այլ հրամանով Սվետլանա Բեգլարյանին աշխատանքի վերադառնալու հրաման է տալիս: Այդ ընթացքում աշխատանքից, արդեն սեփական դիմումի համաձայն, ազատվում է նաեւ քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարը, ով նաեւ երաժշտական դպրոցի տնօրենների խորհրդի անդամ էր: Այժմ այդ պաշտոնում քաղաքապետի քույրն է աշխատում: Իր ապօրինի ազատման եւ քաղաքապետի կամայականությունները սանձելու հորդորով Սվետլանա Բեգլարյանը դիմել է ՀՀ նախագահին: Նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումների արդյունքում դպրոցում արտառոց եւ աղաղակող փաստեր չեն հայտնաբերվում: «Իրենք էլ հասկացան, որ զուտ քաղաքական միտում է, բայց դա էլ չկանգնեցրեց պարոն քաղաքապետին: Հունիսի 25-ին ինքն ավագանու նիստ է անում, փոխում է տնօրենների խորհրդի կազմը եւ նախկին երեք հոգանոց կազմի փոխարեն հինգ հոգանոց կազմ է նշանակում: Ես, որ նախկին խորհրդի անդամ էի, այդ ամենի մասին տեղյակ չեմ լինում: Հուլիսի 11-ին ես միայն փոստով պաշտոնական ծանուցում եմ ստանում տնօրենների խորհրդի կազմի փոփոխության մասին: Տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ օրն իմ բնակարանն էին թալանել: Չգիտեմ՝ որքանով այդ իրադարձությունները կարելի է կապել, ինչեւէ»,- վրդովված պատմում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ ամենի առիթով ինքը դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս քար լռություն է պահպանում: Օգոստոսի 2-ից դպրոցում ՓԲԸ-ի վերստուգիչ հանձնաժողովը մանրակրկիտ ստուգումներ է սկսում: Նրանց զարմացնում է հատկապես այն փաստը, որ դրամարկղում ընդամենը 836 դրամ գումար է լինում: Ինչեւէ, փաստերը հավուր պատշաճի արձանագրվում են, իսկ օգոստոսի 29-ին տիկին Սվետլանային տնօրենների խորհրդի նոր կազմի անդամները ծանուցում են, որ նա այլեւս ազատված է աշխատանքից: Վերջիններս ցույց են տալիս քաղաքապետի համապատասխան որոշումը: Որոշման իր օրինակը Սվետլանա Բեգլարյանը փոստով ստանում է միայն օգոստոսի 30-ին: Սվետլանա Բեգլարյանն իր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով դիմել է դատարան: Սա նրա երկրորդ հայցն է քաղաքապետի դեմ: Առաջին հայցով տիկինը վիճարկել է տեղեկատվություն ստանալու իր իրավունքը, քանի որ քաղաքապետն այդպես էլ չի տեղեկացրել, թե ինչի հիման վրա էր իրեն առաջին անգամ ազատել աշխատանքից:

Օգոստոսի 30-ին երաժշտական դպրոց է ներկայանում Իջեւանի ոստիկանության ներկայացուցիչը եւ տեղեկացնում, որ քաղաքապետից գրություն ունեն, թե Սվետլանա Բեգլարյանն այլեւս տնօրեն չէ եւ պարտավոր է հանձնել կնիքը, դրոշմակնիքը եւ հրամանագիրքը: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ տեղի ոստիկանապետը, վարչության պետը իրեն ուղղորդել են, որ եթե Սվետլանա Բեգլարյանը չհամաձայնի անմիջապես հանձնել կնիքը, դրոշմակնիքը եւ հրամանագիրքը՝ վկայակոչի ՀՀ քրօրի 324 հոդվածը, ըստ որի՝ Սվետլանա Բեգլարյանին սպառնում է 1-3 տարի ազատազրկում կամ աշխատավարձի 500-ապատիկի չափով տույժ: «Ճիշտն ասած, ես վախեցա մի պահ ու ասեցի՝ լավ կտամ, բայց մի պայմանով, որ չեք հանձնելու քաղաքապետարան, քանի որ ես դատական կարգով վիճարկում եմ հարցը: Ոստիկանության աշխատակիցն ասաց՝ դու հանգիստ մնա, ստացականով հանձնիր մեզ, մենք կպահենք մեզ մոտ, մինչեւ դատարանը որոշում կկայացնի: Իմ երկու աշխատակիցների հետ միասին արձանագրություն կազմեցինք՝ կնիքը, դրոշմակնիքը եւ հրամանագիրքը ոստիկանությանը փոխանցելու մասին, դրանք դրեցինք առանձին ծրարի մեջ, ծրարի մեջ եւ դուրսը երեքս էլ ստորագրեցինք, աշխատասենյակս զմռսեցինք: Ամսի 31-ին եկավ ոստիկանության աշխատակիցը եւ տեղեկացրեց, որ ընդունում-հանձնում պետք է անենք: Ասացի՝ բայց դատական գործընթացը չի ավարտվել: Ասաց՝ չգիտեմ, ինձ Վահե Ղազարյանը՝ Իջեւանի ոստիկանության աշխատակիցը, ասել է, որ գամ եւ ընդունում-հանձնում անեմ»,- պատմում է մեր զրուցակիցը ու հավելում, որ առանց իր եւ իր աշխատակիցների ներկայության, եւ քաղաքապետի մասնակցությամբ ծրարը բացվել է, կնիքը, դրոշմակնիքը եւ հրամանագիրքը փոխանցվել են նոր տնօրենին: «Ոստիկանությունը, փաստորեն, քաղաքապետի կամակատարն է դարձել: Քաղաքապետը ոնց ասում է, էնպես էլ անում են: Իջեւանի ոստիկանությունը ԲՀԿ-ի համա՞ր է աշխատում, չեմ հասկանում»,- վրդովվեց մեր զրուցակիցը: Նախօրեին ծնողները Սվետլանա Բեգլարյանին նաեւ տեղեկացրել են, որ ԱԱԾ Իջեւանի բաժնի աշխատակիցներն իրենցից հետաքրքրվել են երեխաների՝ երաժշտական դպրոց հաճախելիության մասին:

Նախօրեին տեղի ունեցած ժողովի ժամանակ նորանշանակ տնօրենը Սվետլանա Բեգլարյանին ազատել է նաեւ երաժշտական դպրոցի ուսուցչի պաշտոնից: Աշխատանքից ազատվել են նաեւ երաժշտական դպրոցի ուսուցիչներ Այվազյան Լաուրան, Էդգար Ամիյանը: Նրանցից որեւէ մեկը տեղյակ չի եղել ժողովի մասին եւ չի մասնակցել դրան: Սվետլանա Բեգլարյանն էլ ենթադրություն է անում. «Վարդան Ղալումյանին ձեռք չի տալիս, որ առաջիկա ընտրություններում մենք դպրոցում լինենք: Նա շատ լավ գիտի, թե ես ինչպես եմ ընտրությունները կազմակերպում եւ անցկացնում, ուզում է դպրոցը «մաքրի», որ կոլեկտիվին ծառայեցնի ԲՀԿ-ին»:

Երեկ այս ամենի վերաբերյալ «Առավոտը» փորձեց ստանալ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի մեկնաբանությունները: Վերջինս հրաժարվեց մեր հարցերին հեռախոսով պատասխանել: Ասաց, որ պատրաստ է լսել մեր բոլոր հարցերը՝ իր աշխատասենյակում հանդիպման ժամանակ: Հուսանք, որ սա բացատրություններից խույս տալու պատրվակ չէր եւ առաջիկա պատեհ առիթով կլսենք ԲՀԿ-ական քաղաքապետի բացատրությունները՝ իրեն ուղղված մեղադրանքների վերաբերյալ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930