Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ի պատասխանատուների մուտքը Հայաստան արգելել»

Սեպտեմբեր 04,2012 14:06

Ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

«Եվրոպան անբարոյական է, միայն գիտե իր սանտիմը, իր շահը, նյութապաշտ է, էգոիստ, քարսիրտ, չար ու անզգամ: Միայն ունի քաղաքավարիական կեղեւ: Եվրոպան կատարյալ գործված գազան է՝ զուրկ խղճմտանքից, բարոյականությունից: Նա դարձել է փողաշատ մի անասուն, որի նմանը չի եղել ոչ ասորական, ոչ էլ մոնղոլական դարաշրջանում: Հայոց բոլոր արյունի մեղքը եվրոպացիների խղճի վրա է ծանրանում»,- Ավետիք Իսահակյանի այս գնահատականները ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մեջբերում է ի հեճուկս այն գործիչների, ովքեր համոզված են, որ Հայաստանի տեղը Եվրոպայում է: «ԱԺ պատգամավորները փրփուրը բերաններին հետապնդում են եվրոպական կոչված արժեքները եւ պարային շարժումներով անընդհատ մեզ Եվրոպա են առաջնորդում: Այդքան եվրոպաներում հանձնաժողովներում ընդգրկված ենք, այդքան նիստեր են լինում, մի՞թե որեւիցե մեկը չէր կռահում, որ նման վայրագություն է հնարավոր: Մեր մեծ բանաստեղծը գնահատականներ է տվել. մենք դրանից հետեւություններ չէի՞նք կարող անել: Ո՞րն էր եվրոարժեքը, Նորվեգիայում տեղի ունեցած վայրագությո՞ւնը, որի ժամանակ 77 մարդ սպանվեց…»,- հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին վերադարձնելը եւ նրան ներում շնորհելը վրդովմունքով եւ զայրույթով են ընդունել նաեւ ՀԿԿ-ում: Ռուբեն Թովմասյանը, սակայն, առավել զայրացած է ՆԱՏՕ-ի կրավորական կեցվածքից. «Չէ՞ որ Գուրգեն Մարգարյանը հրավիրվել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերին, եւ այդ ընթացքում, փաստորեն, նա համարվում էր ՆԱՏՕ-ի զինվորներից մեկը: Ինչո՞ւ չապահովեցին հայ սպայի անվտանգությունը: Այսօր ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում մարդասպանի՝ ազատության մեջ գտնվելու համար: Թռչող բանտերն ունեն, Գուանտանամոն ունեն, Հաագայի միջազգային դատարանն ունեին, բոլոր երկրներում իր բայեվիկներն աշխատում են, եւ հանկարծ ՆԱՏՕ-ն նոր իմացավ, որ Սաֆարովին տալիս են Ադրբեջանի՞ն»: Ռուբեն Թովմասյանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն՝ օգտագործելով իր հեղինակությունը, ետ պահանջի Սաֆարովին Ադրբեջանից եւ նրան դատի տա Հաագայի դատարանում. «Եթե այնտեղ կարող են սպանել իր ժողովրդին պաշտպանել ցանկացող Միլոշեւիչին, ապա ինչի՞ պիտի մարդասպանին անտարբերության մատնել»: Քանի դեռ ՆԱՏՕ-ն նման քայլեր չի նախաձեռնել, Թովմասյանը ՀՀ իշխանություններին առաջարկում է արգելել ՆԱՏՕ-ի պատասխանատուների մուտքը Հայաստան, փակել մեր երկրում ՆԱՏՕ-ի գրասենյակը:

Թովմասյանը վստահ է, որ եւ ՆԱՏՕ-ի պատասխանատուները, եւ Օբաման, եւ մնացյալ իբր «վրդովվածները» շատ լավ էլ տեղյակ էին գործընթացին եւ հիմա էլ ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ են անում: «Փաստորեն, սրանով Ադրբեջանին թույլատրվեց տարածաշրջանում սանձազերծել այն ամենը, ինչը կցանկանա»,- ԼՂՀ հարցի հետագա կարգավորումը նկատի ունենալով՝ ասում է ընկեր Թովմասյանը ու հարցնում. «Ի՞նչ երեսով են շփման գծում դիտարկումներ իրականացնող եվրոպացիները, Մինսկի խմբի համանախագահները գալու Հայաստան եւ նայելու հայ ժողովրդի երեսին: Նրանք էլ հեղինակազրկվեցին»: Միաժամանակ, Թովմասյանը գտնում է, որ սա հաստատումն էր նրա, որ Ղարաբաղը որեւէ պարագայում չի կարող Ադրբեջանի կազմում լինել. «Եթե էթնիկ ծագման համար կարող են կացնահարել քնած զինվորին եւ դրա համար ազգային հերոսի կոչում, ներում ու պարգեւներ ստանալ, երիտասարդության հպարտության չափանիշ դառնալ, ղարաբաղցիներն ինչպե՞ս դա ներեն եւ Ադրբեջանի կազմում մնան»: Ընկեր Թովմասյանին զայրացրել է նաեւ այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից եւ որեւէ մեկը չհամարձակվեց անգամ որեւիցե դատապարտող հայտարարություն անել:

Ռուբեն Թովմասյանը քննադատում է նաեւ ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին, որոնք այս ողջ ընթացքում «ուխտի ականջում» էին. «Միայն մազերը ֆենել եւ հեռուստատեսությամբ ելույթ ունենալը չէ: Նրանք պարտավոր էին ազգի համար այս կարեւորագույն, ներքին եւ արտաքին անվտանգության հարցի ճանապարհը կտրել»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930