Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Ադրբեջանի» դիմաց Ղարաբաղի անկախությո՞ւն

Սեպտեմբեր 04,2012 13:48

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն առաջարկում է հրավիրել համահայկական լոբբիստական կազմակերպությունների համաժողով: Նրա կարծիքով՝ Սիրիայում ծավալվող զարգացումների արդյունքում քրդական հարցը հայտնվելու է համաշխարհային քաղաքականության առանցքում, ուստի Հայաստանն արդեն այսօրվանից պետք է լրջորեն պատրաստվի Արեւմտյան Հայաստանի հարցի բարձրացմանը: Իսկ ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Սիրիայում զարգացող գործընթացներից «վիետնամիզացիայի հոտ է փչում»: 

Լեւոն Շիրինյան– Սիրիական գործընթացի հետեւանքները տարածաշրջան են գալու Քրդստանի ճանապարհով: Հիմա Ալիեւները դաշնակցելու են քրդերի հետ, եւ այն պետականությունը, որի տարրերը քրդերն ունեն Իրաքում, այդ գործընթացը գնալու է: Տարածաշրջանային փոփոխության իմաստով հիմա Թուրքիայի դերը գնահատվում է, նրան փառաբանում են, ինքն էլ փքված տեսք ընդունած՝ կանգնած է համաշխարհային հանրության առաջ: Բայց կարծում եմ՝ Թուրքիան սարսափի մեջ է: Մերձավոր միջին Արեւելքի տարածաշրջանը՝ թուրքական հատվածով, որը Արեւմտյան Հայաստանն է, գուցե եւ գա համաշխարհային քաղաքականության կենտրոն: Մենք սրան պիտի պատրաստվենք: Մերձավոր միջին Արեւելքի նախագծում Արեւմտյան Հայաստանի հարցի վերարծարծման խնդիրը կա՞, թե՞ չէ: Ես վստահ եմ, որ քրդական խնդրի ներդրման հետ միասին հայկական հարցը գալիս է: Ուրեմն դրա համար մենք պետք է շատ ուշադիր հետեւենք զարգացումներին: Իսկ Արցախի հարցում սա մեզ ավելի շատ ուրիշ բան է թելադրում. Ռուսաստանն ու Իրանը մեր էլիտաների լավ աշխատանքի դեպքում անընդհատ համոզվում են, որ հայկական սեպը պետք է ուժեղացվի: Հայկական սեպ ասելով՝ ես նկատի ունեմ Ջավախքի ազգային տարածքը, Հայաստանը եւ Արցախը, որը կտրում-բաժանում է թուրանական աշխարհը: Եվ այստեղ գալիս է Նախիջեւանի հանգույցի հարցը, որը հանիրավի նվիրվեց Ադրբեջանին: Հիմա սրանք կարող են այսօր թվալ այսպես՝ տեսական դատողություններ, բայց համաշխարհային քաղաքականության մեջ շատ հաճախ լինում են այնպիսի բաներ, որոնք խիստ անհավանական են: Օրինակ՝ Խորհրդային Միության փլուզումը: Ո՞վ կհավատար, որ նման բան հնարավոր է: Եվ հիմա մեզ ինչ է մնում, մեզ ինչն է պակաս, կամ վատ ենք աշխատում. դա համաշխարհային քաղաքական կենտրոնների էլիտաների հետ մեր էլիտաների աշխատանքն է: Ժողովրդական զանգված, բանվոր-գյուղացիություն, զորք. սրանք քիչ նշանակություն ունեցող բաներ են: Ես կարծում եմ, որ մեր պետությունը, այն կուսակցությունները, որոնք լուրջ են եւ գնահատում են միտքը, պետք է սկսեն էլիտաների հետ շատ ակտիվ աշխատել: Ես նույնիսկ առաջարկ ունեմ. հիմա հայկական լոբբիստական կազմակերպությունների համահայկական հավաք է պետք, ոչ թե սփյուռքի ժողով, համաժողով, լուսանկարվել եւ այլն, այլ լուրջ խորհրդակցություն՝ մեր ներուժը քննելու, մոբիլիզացնելու եւ նոր ռեսուրսներ ներառելու հարցերի քննարկմամբ:

Արման Նավասարդյան– Եթե նման աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժեր են գնում, անպայման հնարավոր են լուրջ փոփոխություններ նաեւ Ղարաբաղի հարցում: Այստեղ, իհարկե, հիմնական խաղացողներն են Ռուսաստանը եւ Իրանը: Իրանը շատ լուրջ երկիր է, չեն պատկերացնում: Հաճախ Արեւմուտքում Իրանի մասին մտածում են, թե դա արաբական մի երկիր է: Բայց եթե իրանական փղերը ոտքի կանգնեցին, դա շատ լուրջ, ահավոր մի բան կլինի: Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին եւ այդ համատեքստում Իրան-Ադրբեջան հակասություններին, ապա ներկայումս տեղեկատվություն կա, որ ամերիկացիները պատրաստում են Իրանի ադրբեջանական հատվածի հետ կապված տարբերակներ. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանին ներքաշելու նպատակով այսպես ասած՝ Հարավային Ադրբեջանի հարցը մեջտեղ բերել եւ այլն: Մի խոսքով՝ խառն է: Այսօր Իսրայելը պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրանին: Նույնիսկ ժողովրդին հակագազեր են բաժանում: Եվ նրանք աշխատում են դա անել մինչեւ նոյեմբեր ամիսը՝ ԱՄՆ նախագահի ընտրությունները: Նրանք ծրագրում են այդ հարվածը շուտ հասցնել, որպեսզի իրանական կողմը չկարողանա շատ խորը թաղել զենքերը եւ այդ սարքավորումները՝ այն հաշվարկով, որ այդպիսով կարողանան 5-7 տարի հետաձգել ջերմամիջուկային զենք ստեղծելու հարցը: Ես չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, սակայն ըստ այդ տեղեկատվության՝ կարծես թե բալանսի վրա են դնում եւ ասում, որ ամերիկյան օգնությամբ Ադրբեջանը կվերցնի Իրանի ադրբեջանական հատվածը, իսկ Ղարաբաղի հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի: Այստեղ էլ նպատակն այն է, որ Հայաստանը վերջնականապես կտրվի Ռուսաստանից եւ այդ Եվրասիական ծրագրից: Իմիջիայլոց, եթե նկատում եք, դեպքերը շատ ավելի սրվում եւ զարգանում են՝ կապված Եվրասիայի ծրագրերի հետ:

Լ. Շիրինյան- Այսինքն՝ ռուսական բեւեռի ձեւավորումն անոմալիաներ է առաջացնում: Հիմա եթե Ատրպատականի հարցը գա՝ խոսքը, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի մասին է, ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը հյուսիսից Ադրբեջանի վրա պետք է ճնշումը մեծացնի, որովհետեւ նոր փոփոխվող աշխարհակարգում Իրանի թուլացումը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ եթե Ասադի ռեժիմը տապալվի, սուննիական Թուրքիան չափից շատ կհզորանա: Հետեւաբար, ռուսները Ադրբեջանին խաղալու հնարավորություն չպիտի տան ու այդ հարցը փակեն: Իսկ Իսրայելի շանտաժն ավելի շատ քարոզչական է եւ իրագործման մեծ հիմքեր չունի:

Ա. Նավասարդյան– Ես ուզում եմ հիշեցնել, որ գոյություն ունեն ռուս-իրանական երկու մեծ պայմանագրեր՝ 1921 եւ 1940թթ.: Ուզած վայրկյանին Իրանը կարող է դարպասները բացել եւ ասել ռուսներին՝ եկեք կռվեք սրանց դեմ իմ փոխարեն:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության  հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930