Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ խուսափել դատական համակարգում «վհուկների որսից»

Սեպտեմբեր 04,2012 13:32

Դառը փորձից ու նախադեպերից ելնելով, ցավոք, վստահ չենք, թե դատական համակարգը հաշվի կառնի՞ արդյոք իրեն ուղղված նախագահի այն խրատը, որ անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները, չխուսափել դրանք բարձրաձայնելուց, նախաձեռնել անհրաժեշտ լուծումներ, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին, լինել բաց ու թափանցիկ։

Նույն պատճառով դեռ չգիտենք, թե ձայն բարբառո անապատի չի՞ լինելու երկրի ղեկավարի հայտնած հետեւյալ կարեւոր միտքը. «Դատական համակարգի հաջողության գրավականը հասարակական վստահությունն է: Այդ վստահությունն ունակ է միանգամից մի քանի քայլ վերեւ բարձրացնելու ողջ համակարգը, բազմապատկելու ձեր հաջողությունները, առաջ մղելու բարի յուրաքանչյուր նախաձեռնություն եւ, ինչու չէ, կասեցնելու խոցելի գաղափարները։ Իսկ հասարակական վստահություն դուք շատ լավ գիտեք, որ հնարավոր է ձեռք բերել նախ՝ ձեւավորելով միասնական դատական պրակտիկա եւ երկրորդ՝ ոչ խտրական կարգապահական պրակտիկա իրականացնելու միջոցով»։

Վերոնշյալ հանդիպման ընթացքում նախագահի ելույթը թերեւս կարելի էր համարել դատական իշխանությանը ցույց տրված յուրօրինակ դեղին քարտ, եթե չլիներ մի տարօրինակ, ասվածի համատեքստին չներդաշնակող վերապահում. «Բայց նաեւ հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում։ Խոսքը համակարգային փոփոխությունների, ամենօրյա աշխատանքի մասին է»։ Մտահոգ ենք, որ երկրի ղեկավարի այս հիշեցումը բազմաթիվ դատավորների ընկալումներում կարող է ի չիք դարձնել մինչ այդ նրա ասած արժեքավոր խոսքը։

Անշուշտ, անվիճարկելի է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ամենօրյա աշխատանք, բայց ինչո՞ւ, որպես այդ աշխատանքի բաղադրիչ, չիրականացնել նաեւ «վհուկների որս», խուսափել դրանից: Չէ՞ որ այս դեպքում «վհուկներ» ասելով՝ պետք է հասկանանք ոչ թե ինչ-ինչ օրինազանցություն կատարելու հարցում անհիմն կասկածվող կամ բարձրագույն դատական ատյանի, ՀՀ արդարադատության խորհրդի անդամներին անցանկալի, վերեւներում ոմանց ոչ ձեռնտու դատավորներին, որոնց, առիթն օգտագործելով, կարող են պատասխանատվության ենթարկել, այլ հենց օրինազանց դատավորներին։ Կտրական միջոցառումների անհրաժեշտությունը նույնպես պետք չէ կասկածի տակ դնել, որովհետեւ եթե օրինազանց դատավորների պատասխանատվության հարցը լղոզվեց տարիներ ձգվող ամենօրյա աշխատանքում, այդ պատասխանատվությունը կարող է, վերջին հաշվով, պետք չգալ, երբ մի օր գիտակցենք, որ անարդարությունից երկիրն արդեն դատարկվել է։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930