Այսօր ՀՀ Արտգործնախարարության շենքում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի համատեղ մամուլի ասուլիսը:
Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և Արգենտինյան հանրապետության սպորտի քարտուղարության միջև՝ սպորտի բնագավառում համագործակցության մասին:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ հարևան երկրների միջև կա բավականին ինտենսիվ համագործակցություն: Արգենտինան առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը երկկողմ հարաբերություններում հաջողության է հասել. «Արգենտինան մեծ հոգատարությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանության հարցի ընդունումը, այն օրենքի մակարդակով ընդունած և դատապարտած երկիր է, որի համար շնորհակալություն եմ ուզում հայտնել: Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները 2 երկրների միջև, անդրադարձ կատարվեց բազմաթիվ հարցերի շուրջ, ընդ որում՝ միջազգային-տարածաշրջանային հարցերի շուրջ: Հիմնախնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով»:
Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ է պահպանել համագործակցությունը Արգենտինայի և Հայաստանի միջև. «Իմ այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Արգենտինայի և Հայաստանի միջև: Արգենտինան միշտ խաղաղության կողմնակիցն է»:
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունեք Ռամիլ Սաֆարովի հարցի վերաբերյալ, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց. «Հնարավոր չէ, որ դադարեցվեն բանակցությունները: Դեպքը վատ ազդեցություն ունեցավ տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի կողմից միանշանակ կձախողվեն բանակցությունները, նրանք մերժում են բոլոր առաջարկները: Այն գործելաոճը, որով շարժվում է Ադրբեջանը, բոլորին է հայտնի՝ սադրանքներ, սպառնալիքներ և այլն: Միջազգային հանրությունը պետք է թույլ չտա այս արկածախնդրային քաղաքականությանը, որը գործում է հարևան երկրների միջև»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ