Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Մեր դիվանագիտությունը ինչ կանի, ինչ չի անի՝ այս պարագայում, կարծում եմ, երկրորդական է»

Սեպտեմբեր 04,2012 12:28

 Հատված  ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆի հարցազրույցից:

-Հունգարիայի արտգործնախարարությունը նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ ըստ էության, արդարանալով, որ ադրբեջանական կողմը խախտել է հայասպան տականքի պատիժը «հայրենիքում շարունակելու» պայմանավորվածությունը։ Այս արդարացումը որքանո՞վ համոզիչ է։ 
-Հունգարիայի իշխանությունները լավագույն դեպքում ինքնախաբեությամբ են զբաղված. երեւի ամենամղձավանջային երազում անգամ չէին պատկերացնում, թե իրենց այդ մի քայլով ինչ են անում իրենց երկրի միջազգային վարկանիշի հետ, ինչպես են հարվածում պետության հեղինակությանը։ Չգիտեմ՝ հունգարական քանի սերունդ է պետք կորցրածը վերականգնելու համար։ Իսկ եթե հասկանալով են դիմել այդ քայլին՝ սա արդեն բարեկամ հունգար ժողովրդի խնդիրն է, իր իրավունքը՝ գնահատականներ տալու եւ որոշակի պարզաբանումներ պահանջելու սեփական իշխանություններից։
-Ադրբեջանը փորձում է հետին թվով սրբագրել մարդասպանի «հերոսական արարքը»՝ ներկայացնելով այնպես, թե ադրբեջանական դրոշն անարգելու համար է գաղտագողի կացնահարել քնած հայ սպային։
-Շատ բնութագրական է, թե ում են հերոսացնում։ Այդ հրեշը եւ նախագահ Ալիեւը մարդկային, մարդաբանական նույն տիպն են, դրա համար էլ ամեն ինչ արվել է ստահակին ազատ արձակելու համար։ Ալիեւը դասալիք է՝ փախել է պատերազմից, այս մի ստահակը (անգամ եթե ենթադրենք, թե ակնհայտ կեղծ այդ վարկածը համապատասխանում է իրականությանը), տեղում՝ վիրավորանքին տղամարդավարի պատասխանելու փոխարեն ի՞նչ է արել. կացինն առել, սրել է եւ քնած վիճակում կացնահարել մարդուն։
Եթե սա է նրանց հերոսը, Ադրբեջանի վաղվա օրը, ընդհանրապես ապագան խիստ վտանգված է։ Եվ այդպիսի «հերոսներով» Ալիեւը դեռ հոխորտում է, թե պատերազմ կսկսի, այս կանի, այն կանի։ Թո՛ղ փորձի եւ կտեսնի, թե դրա վերջը ինչ կլինի։ Իսկ դրա վերջը ինձ համար առավել քան պարզ է։
-Այս օրերին ակտիվորեն արծարծվող հարցերից մեկը հետեւյալն է. մեր դիվանագիտությունը կկարողանա՞ օգտագործել այս փաստը բանակցային գործընթացում մեր դիրքերը բարելավելու համար, թե՞ հերթական անգամ կխոսենք, կվրդովվենք, կանցնի՝ կգնա։ 
-Ճիշտ կլինի՝ գոնե հրապարակային դաշտում զերծ մնանք նման ձեւակերպումներից։ Կա փաստ՝ կացնահարված հայ սպա, որին սպանողը ազատության մեջ է։ Մեր դիվանագիտությունը ինչ կանի, ինչ չի անի՝ այս պարագայում, կարծում եմ, երկրորդական է։
Բոլորս՝ ե՛ւ դիվանագետներ, ե՛ւ ոչ դիվանագետներ, պետք է անընդհատ, ամենատարբեր առիթներով եւ ամենատարբեր ամբիոններից բարձրաձայնենք այս խնդիրը, ընդհանրապես չլռենք, մինչեւ հանցագործը եւ հանցագործությունը պարտակողները՝ նրան ներում շնորհողները եւ մայորի կոչում տվողները ստանան իրենց արժանի պատիժը։ Սա՛ պիտի լինի մեր նպատակը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930