Կարճատև արձակուրդային դադարից հետո «Առավոտ երիտասարդականը» շարունակում է յուրաքանչյուր շաբաթ ձեզ ներկայացնել այն ամենի մասին, ինչ կատարվում է համացանցում: Քանի որ օր օրի նորությունների թիվն ավելանում էր, ես կփորձեմ այսօր ներկայացնել օգոստոս ամսվա ամենաքննարկվող թեմաները մեր իրականությունում:
Օգոստոսի 31-ից սոցցանցերում թեժ վիճաբանություններ էին սկսել Ռամիլ Սաֆարովի մասին: Հատկապես ֆեյսբուքյան խմբերում տեղադրվում էին նրա նկարները, իսկ մեկնաբանություններն անթիվ էին. հաճախ նաև իրենց կարծիքներով կիսվում էին ադրբեջանցիները: Ես իհարկե չեմ մեջբերի այն բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք հնչում էին հայերի ու ադրբեջանցիների միջև՝ միմյանց հասցեին, բայց ասեմ, որ մեկնաբանություններն իսկապես թեժ էին, հերթը հասել էր նույնիսկ Արցախին: Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, տեղի ունեցավ բողոքի ակցիա հյուպատոսարանի դիմաց. այրվեց Հունգարիայի դրոշը, Հունգարիայի հասցեին ամոթանքի խոսքեր էին հնչում, կային նաև այդպիսի ցուցանակներ, հյուպատոսարանի դիմաց այրվեց նաև Հունգարիայի դրոշը: Գրառումներ, մեկնաբանություններ, զայրույթի խոսքեր… ֆեյսբուքը շարունակում էր ակտիվ մնալ: Ռամիլ Սաֆարովի ֆեյսբուքյան էջը մի քանի ժամվա ընթացքում ոչնչացվեց, Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է. «Տեսնու՞մ եք, երբ միավորվում ենք, անհամեմատ ավելի ուժեղ ենք դառնում։ Բավական էր, որպեսզի մի քանի ժամ ֆեյսբուքահայերով հետևողականորեն report արվեր Ռամիլ Սաֆարովին գովերգող ֆեյսբուքյան էջն, որն ի դեպ ավելի քան 42.000 like-եր ուներ, և այն այլևս չքվեց Ֆեյսբուքից։ Ապրենք բոլորս։ Սա սիմվոլիկ ձեռքբերում է, ի՞նչ խոսք, բայց կարելի է գործնական հետևություններ անել՝ կիրառելի համազգային մասշտաբներով»: Սրան հաջորդեցին հայ հաքերների քայլերը. ադրբեջանական պաշտոնական կայքերը կոտրվում էին: Մի քանի ժամվա ընթացքում կոտրեցին Ադրբեջանի Գերագույն դատարանի կայքը, Ադրբեջանի կապի նախարարության կայքը, և շուրջ 20-ից ավելի կայքեր: Այս ամենը նույնպես ֆեյսբուքում նոր գրառումների թեմա դարձավ. «Ապրեն տղեքը, հալալա իրանց», «Վերջապես համախմբված քայլեր ենք նկատում», «Ապրեն հայ հաքերները, մալադեց»…
Մի փոքր էլ շոուբիզնեսյան նորությունների մասին: Այն ընթացքում, մինչ մենք հանգստանում էինք, որոշ հանրային դեմքեր հասցրեցին կոնկրետություն մտցնել իրենց անձնական կյանքում, ինչպես օրինակ՝ Արևիկ Ալավերդյանը. օգոստոսի 4-ին տեղի է ունեցել նրա հարսանեկան արարողությունը. հարսն այդ օրը մեկի փոխարեն 2 անգամ է ճերմակ զգեստ հագել: «Երկուսն էլ կարվել էին իմ դիզայնով, շատ գեղեցիկ էին»,- Bravo.am-ի հետ զրույցում ասել է Արեւիկը: Երգչուհին նշել է, որ հարսանիքին երկար ժամանակ են պատրաստվել, գրեթե ամեն ինչ միայնակ է արել, բայց ստացել է նաեւ ընկերուհիների ու մայրիկի աջակցությունը:
«Գաղտնի» ամուսնացել է նաև վիտամին ակումբի Գարիկը. Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, օգոստոսի 27-ին նա հավերժ սիրելու ու հավատարմության խոստում է տվել «X Factor» նախագծին մասնակցած «Mars On» խմբից Մարիաննային: Քանի որ զույգը փորձել է գաղտնի պահել սիրային հարաբերությունները` հեռու մնալով տեսախցիկներից ու լրագրողներից, պսակադրության օրը նույնպես բոլոր ներկաներին արգելված է եղել տեսալուսանկարահանել միջոցառումը: Ներկայումս Գարիկն ու Մարիաննան Դուբայում վայելում են իրենց մեղրամիսը:
Հայկ Կասպարովը շուտով նույնպես կլքի ամուրիների շարքերը. երգիչը պատրաստվում է նշանադրվել: Bravo.am-ին պատմել է` հինգ ամիս առաջ է ծանոթացել ապագա կնոջ հետ. «Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին մենք կնշանադրվենք»: Երգիչն ասել է, որ հարսանիք չի լինի, նշանադրությունից հետո սիրելիի հետ կմեկնեն ճամփորդության:
Մինչ մյուսները նշանադրվում են կամ ամուսնանում, դերասան Անդրանիկ Հարությունյանն արդեն իր դստերն է գրկում: Օգոստոսի 22-ին դերասանը հայր է դարձել: Ինչպես և ծրագրավորել էին՝ երեխայի անունը Էլեն են դրել:
Եվ վերջապես ամենակարևորի մասին. այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ես հասկացա, որ Ձեզ շա՜տ եմ կարոտել, թեև գիտեմ, այս հարցը մյուսների պես ֆեյսբուքյան քննարկման չի ենթարկվի ու ոչ էլ շոուբիզնեսյան նորություն կհամարվի, բայց այնուամենայնիվ ինչ լավ է, որ ես նորից գրելու եմ ձեզ համար 🙂 սպասեք շաբաթվա նորությունների ամփոփմանն արդեն յուրաքանչյուր կիրակի 🙂
Տիգրանուհի Թասլակյան