Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ալեքսանյան. «Հաղորդումը պատրաստելու է «Ա1+»-ը, իսկ «Արմնյուզը» չի միջամտելու խմբագրական աշխատանքին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2012 12:11

Ինչպես հաղորդել էինք, «Ա1+»-ը սեպտեմբերի 10-ից սկսյալ՝ շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում է ունենալու «Արմնյուզի» եթերում: Լրագրողների հետ հանդիպմանը «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ նախաձեռնությունն «Արմնյուզինն» է և նպատակ ունի ներկայացնել ինֆորմացիոն ժանրի բազմաբովանդակ ծրագիր. «Հաղորդումը պատրաստելու է «Ա1+»-ը, իսկ «Արմնյուզը» չի միջամտելու խմբագրական աշխատանքին: Կնքվել է մեկ տարվա պայմանագիր»:

Արտակ Ալեքսանյանի փոխանցմամբ` Արեւմուտում ընդունված մշակույթի համաձայն` հեռուստաընկերությունները միմյանց պատվիրում են որոշակի հաղորդումներ. «Դրանք ոչ թե խանգարող հանգամանքներ են ստեղծում, այլ` լրացնում մեկը մյուսին»:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ երբ «Արմնյուզը» սկսեց թափ հավաքել ինֆորմացիոն դաշտում, «Ա1+»-ը չէր կարող քաշվել մի կողմ եւ սպասել, քանի որ լրատվական դաշտում է 1991թ-ից. «Համագործակցությունը, որպես բիզնես-առաջարկ, հետաքրքիր աշխատանք է ենթադրում: Պայմաններն «Ա1+»-ը մեծ սիրով է ընդունել: Ծրագիրը կունենա ինֆորմացիոն-վերլուծական բովանդակություն, ներկայացնելու է առօրյայի անցուդարձը, քաղաքական դաշտը, եւ հատկապես` մշակույթը, որը կարծում եմ` անտեսված է»:

Մովսեսյանը հաստատեց, որ շարունակելու են դատական այն գործընթացը, որ մրցույթներից հետո «Ա1+»-ը նախաձեռնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, եւ որտեղ որպես 3-րդ կողմ ընդգրկված է նաեւ «Արմնյուզը»: Վերջինիս հետ համագործակցության շրջանակում, Մեսրոպ Մովսեսյանի հավաստմամբ, աշխատանքն ու իրավունքների պաշտպանությունն առնչություն չեն ունենալու:

Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրար. «Բայց դա չի համարվում թշնամություն եւ անհասկացողություն: Երկու կողմն էլ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում դիրքային պայքար: Շատերին դուր կգար, եթե ընթացքում մեր միջեւ «պատերազմ» սկսվեր, բայց նման բան չի լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930