Այսօր «Հենարան» ակումբում ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց. «Օրակարգում 2 հարց ունենք, առաջինը Հունգարիայի եւ Ադրբեջանի հարցն է, որը ստվերել է ներքին խդիրները: Երկրորդը ՏԻՄ ընտրություններն են: Մենք վաղուց պատմական փորձով համոզվում ենք, որ պետությունները առաջնորդվում են բացառապես իրենց տնտեսական շահերով եւ եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն մարդկային արժեքների վրա, մենք վաղուց իբրեւ ժողովուրդ դրանց պետք է հետեւություն արած լինեինք, պետական հիմքերի վրա պիտի դրած լինեինք այս մտածողոթյունը: Իսրայելցի մի զինվորի առեւանգումը վերածվում է պետական հստակ քաղաքականության՝ իր արդյունքներով, կարող են միլիոնավոր դոլարներ ծախսել, պատժել իրենց զինվորին նեղացրածին: Ինչքան էլ մենք ձեւեր թափենք, պետք է կարողանանք մենք եւս առաջնորդվենք իբրեւ պետություն բացառապես մեր շահերով: Որպեսզի դա անենք, պետք է լինենք ուժեղ, մեր ներքին խնդիրները լուծող պետություն: Նման վարքագիծը հարցականի տակ է դնում այդպիսի պետության հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը, պարտավոր ենք այդ հարցին անդրադառնալ: Գաղտիք չէ, որ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը կա: Իբրեւ եզրակացություն ասեմ, որ այս կարգի խնդիրները լուծելուն ընդունակ պետականության կազմակերպում է պետք»:
Հակասական կարծիքներ կան ՀՀ նախագահի հայտարարության հետ կապված: Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ «Այն, ինչ կատարեց ՀՀ նախագահը, այո, վճռական էին, սկզբունքային էին, մեր պետության եւ ժողովրդի արժանապատվության դիրքերից էին, բայց նաեւ ակնհայտորեն ուշացած էին: Արդարադատության նախարարությունն ասում էր՝ մենք ահազանգ ունեինք, փորձում էինք կանխել: Ուրեմն լավ չեք արել, հրապարակային ահազանգերը պետք էր անել ոչ թե փակ դռների հետեւում, սպասել, թե Հունգարիայի արտգործնախարարությունը կընդունի՞ ձեզ, թե՞ չէ, այլ՝ հրապարակային: ՀՀ նախագահը հրավիրել էր մոտ 30-35 դեսպանների, փոխանցեց իր խոսքը՝ ակնկալելով հստակ վերաբերմունք: Առաջին անգամ ճշգրիտ ասվեց, որ կիսավերաբերմունքը, դատարկախոսությունները մեզ պետք չեն, անցել է 4 օր: Այդ հրավիրված երկրներից արձագանքել են ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, Ֆրանսիայի ներկայացուցիչը:Արձագանքները հետեւյալ բնույթի են: Հանկարծ այս իրադարձությունների պատճառով բանակցային գործընթացը չտուժի, տարածաշրջանում խնդիրներ չլինեն: Երբ 30-35 երկրներից ընդամենը 2-3-ն են արձագանքում, սա եւս խոսում է մեր պետության ազդեցության, կշռի մասին: Մինչեւ մենք տարածաշրջանում չդառնանք ազդեցիկ, կշիռ ունեցող, որեւէ մեկը մեր մարդկային գաղափաների, արժեքների համար մեզ չի գնահատելու, սա ակնհայտ է:Վաղը հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու այս խնդիրը: Կարեւոր է, որ մեր ԱԺ-ն, անկախ իր տեսակից, իր բովանդակությունից, կազմից, կարողանա անել պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնին վայել, ճշգրիտ, մտածված հայտարարություն»:
Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել բանակցային գործընթացներից՝ նա պատասխանեց. «Ժամանակն է քննարկել բոլոր կողմերը՝ ինչ դրական բան կտա: Պետք է ճիշտ ձեւակերպես խնդիրը ու փորձես լուծել: Մենք այս իրավիճակում, երբ ակնհայտ է Ադրբեջանի վարքագիծը, ատելությունը, պարբերաբար պատերազմի սպառնալիքները, մեզ թույլ պետք է տանք քննարկել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞վ եք բացատրում միջազգային հանրության անդեմ հայտարարությունները՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Բացատրեմ, որովհետեւ միջազգային հանրությունը միշտ երկակի չափանիշներով է առաջնորդվում, նաեւ մեր պետության արտաքին քաղաքականության թուլությամբ եմ բացատրում»:
Ադրբեջանի այն տողատակին ասված հայտարարությւոնների առնչությամբ, որ իրենք կարող են իրենց «հերոսին» զոհաբերել եւ մեղքը գցել Հայաստանի վրա՝ նա պատասխանեց. «Ամեն պետություն ինքն է որոշում իր արժանապատվության հարցերը, իր անելիքները: Դաշնակցության հայտարարության մեջ մենք ասում ենք, որ մեր խնդիրները մենք պիտի լուծենք, մեր վրա բարձրացված ձեռքը մենք պիտի կտրենք: Սա մտածողություն է»:
Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել այս օրերին տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից շրջանառվող այն վարկածը, որ իրականում Ադրբեջանի քայլը լավ խաղաքարտ է մեզ համար՝ բանակցային գործընթացներում շահեկան դիրքում հայտնվելու եւ շատ հնարավոր է, որ մեր իշխանությունները նախապես իմացել են գործարքի մասին, բայց դիտավորյալ քայլեր չեն ձեռնարկել՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները իմացել են ու չեն բարձրաձայնել, սա մառազմ է ուղղակի: Կգերադասեի նման առիթ մենք չունենայինք, հանցագործը պատիժը կրեր, քան թե իբրեւ խաղաքարտ դա օգտագործել: Նման մտածողությամբ կարող ենք ասել՝ լավ կլինի Հայաստանի կեսը Ադրբեջանը գրավեր, որպեսզի մենք միջազգային հանրության առաջ արդարացնեինք մեր գործողությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ