Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում կրակոցներ են հնչել

Սեպտեմբեր 04,2012 11:32

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Երեւանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի 25 եւ 26 շենքերի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ 16-րդ թաղամասի բնակիչներից։ Նույն օրը նույն թաղամասի մեկ այլ փողոցում էլ կրակոցներ են հնչել։ Արդյունքում, այդ երեկո տեւական ժամանակ 16-րդ թաղամասի փողոցները փակ են եղել։

«Ժողովուրդ»-ն այցելեց թաղամաս՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Պարզեցինք, որ թաղամասի խանութի բանվորներից մեկը (մեր տեղեկություններով նրա անունը Արսեն է), որը թիվ 25 շենքի բնակիչ է, դուրս է եկել խանութից եւ մոտեցել տարածքում հավաքված տղաներին՝ պահանջելով լռել։ «Ապե, խանութի դեմն եք կանգնած, մի քիչ կամաց խոսացեք։ Իսկ հավաքվածներն էլ, որ հարբած էին երեւում, նրա տոնից զայրացան ու ասացին՝ կարող ա՞ ստեղ էլ չթողես կանգնենք։ Տենց սկսվեց քաշքշուկը, հետո՝ ծեծկռտուքը»,- «Ժոդովուրդ»-ին պատմեց բնակիչներից մեկը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ։ Միայն նկարագրեց, որ այդ «թեթեւ» խոսակցության պատճառով շուրջ երկու ժամ ողջ շենքերի բնակիչների մասնակցությամբ ռազբորկա է տեղի ունեցել։ «Բոլորը խառնվել էին իրար։ Կին, տղամարդ, մեր, հեր… Բանվորին պաշտպանող տղաներն էլ իրենց հերթին զանգեցին ընկերներին ու կանչեցին։ Նրանք էլ եկան ու կռիվն ավելի թեժացավ։ Բայց մոտ երկու ժամ հետո, երբ ոստիկանությունը եկավ, ամեն ինչ խաղաղվեց»,- տեղեկացրեցին 16-րդ թաղամասի բնակիչները։ Պարզվում է, որ ոստիկանության ժամանումից հետո կռվի մասնակիցներից մի քանիսին հաջողվել է փախուստի դիմել։ Իսկ մի քանիսն էլ ձերբակալվել են։

Սա առաջին դեպքը, իսկ երկրորդ ռազբորկան ավարտվել է կրակոցներով։

Արգիշտի փողոցի բնակիչ 21-ամյա Մկրտիչ Բարումյանը պատմել է, որ 23:00-ի սահմաններում 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անծանոթ անձը հարվածել է իր դեմքին։ Նշենք, որ Մկրտիչ Բարումյանը ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության թիվ 1 ռազմականացված ջոկատում որպես հրաձիգ է աշխատում։ Եվ որպես «իսկական հրաձիգ», դեմքին հարված ստանալուց անմիջապես հետո, հանել է գոտկատեղից կախված ատրճանակն ու օդ կրակել։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ անծանոթ անձը Բաշինջաղյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Վահան Հարությունյանն է, ով բնականաբար, արդեն փախուստի մեջ է։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930