Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Գյումրի ու նոր կյանք

Սեպտեմբեր 04,2012 11:23

քաղաքացիական նախաձեռնություններ շարքից

Քաղաքիս գովք, վաղեմի հուշեր: Մի քաղաք, որը կենդանի էր և նրանում կյանքն էր եռում: Արվեստի և արհեստի քաղաք, հումորի, երգ ու պարի քաղաք, հանճարների օրրան և դյուցազների կռատուն: Այս քաղաքում՝ խոսքն օդում բանաստեղծություն էր դառնում, ծիծաղը՝ ստեղծագործություն, լացը՝ խինդի կոչ, մահը՝ կյանքի փիլիսոփայություն, ծնունդն հույսի շող, աշխատանքը՝ երջանկություն, հանգիստն առողջ կենսակերպ:

Մեռավ իմ քաղաքը 1988-ին և նրա հետ միասին կյանքը մեռավ: Նրա փլատակների վրա, հիմա մի այլ քաղաք է վեր բարձրանում, մեզ անծանոթ, մի տեսակ մեռած ու անկյանք, թղթե, անտեսք ու կեղտոտ, իսկ մարդիկ այնքան տարբեր՝ տարբեր նրանցից, որ էին և որ էլ չեն լինելու:

Ժամանակը խռոված բաժանվեց երկու մասի՝ անցյալի և ապագայի, ապագայի, որը դեռ կառչած է անցյալից: Ու մարդիկ բաժանվեցին, ոմանք մնացին անցյալում, իսկ ոմանք պարզապես խռովեցին ու թողեցին գնացին: Գնացին ապագան փնտրելու, իրենց փնտրելու, իրենց գտնելու, կյանքը՝ կյանքի կոչելու:

Ջնջեք իմ հուշերը, ներկայի ճնշումներից՝ դրանք սեղմվում են ինձանում ու ցավ պատճառում ինձ:

Դեռ երեկոն վրա չհասած, մարդիկ վազում են տուն: Փողոցում կարելի է հանդիպել վազող մարդկանց, ովքեր ինչ որ գործի պատճառով ուշացած՝ վախվորված, շտապում են ժամ առաջ հասնել տուն: Ժամանակը չի շտապում, քանի որ դեռ ժամը վեցն է և թվում է, թե օրը նոր պիտի սկսվեր, մինչդեռ մարդիկ ավարտելով աշխատանքային օրը շտապում են ավարտին հասցնել այն, կարծես թե օրն այլևս սպառել է իրեն: Փողոցները դատարկվում են՝ ձայները հետզհետե մարում, քաղաքի վրա կուտակված փոշեկեղտ զանգվածը հանդարտ իջնում է քաղաքի վրա, որպեսզի  հաջորդ օրը նորից վեր բարձրանա: Շենքերի պատուհաններից ներս, իրար հետևից սկսում են վառվել ճրագները և բաց պատուհաններից դուրս են հորդում հեռուստացույցով ընթացող այս կամ այն հեռուստասերիալի ձայնը, որը ընտանեկան վեճ է հիշեցնում: Բազմաթիվ պատուհաններ և նույնքան էլ վեճեր:

Ի՞նչու են շտապում այդ մարդիկ, ու՞մից են փախնում նրանք, ու՞ր են վազում և մինչև ե՞րբ: Ինչպես արբեցող մարդը, ով գինու մեջ խեղդում է իր վիշտը, այնպես էլ ողջ քաղաքն է իր դառը կյանքը մոռացության տալիս գիշերվա քունի մեջ:

Բյուր է թշնամին՝ կերպարանքն ահավոր: Աղքատություն են կոչում նրան, մասնագիտությամբ գործազուրկ է, վախեցնում է արտագաղթով, Իր ուժն է օրինազանցությունը: Ցնցվում է երկիրը նրա ոտքերի տակ ու ժողովուրդը՝ նրա ահից:

Այլաբանությունից մի պահ դուրս գալով, ներկայացնեմ, այդ թշնամու իրական պատկերը թվերով:

Գործազրկությունը Հայաստանում ըստ Gallup-ի: Իրականում գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց 62 տոկոսը:

Պաշտոնական տվյալներով 2011-ի դեկտեմբերի դրությամբ մեր երկրում գործազուրկների թիվը կազմել է 6 տոկոս՝ տարեսկզբի համեմատ նվազելով 1 տոկոսով: Կանանց գործազրկության ցուցանիշը՝ 70,9 տոկոս, շարունակել է բարձր մնալ: Հայաստանում 2011 թ. մայիսին, ըստ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, պաշտոնապես գրանցված էր 75 հազ. գործազուրկ, որոնցից` 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս): Տվյալները վերցված է՝ tert.am/am/news/2012/07/06/gallup-unemployment-2011/

Աղքատությունը Հայաստանում հասել է 46 տոկոսի: Իսկ բնակչության ծայրահեղ աղքատության ցուցանիշը հասել է 3.8 տոկոսի: Սա, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի: Տվյալները վերցված են https://www.armtown.com/news/am/nws/20110906/73196/

Արտագաղթի մակարդակը Հայաստանում 20,3 տոկոս է; Սա ըստ Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանի: Տվյալները վերցված է https://news.am/arm/news/7366.html :

Ինքնասպանությունները, ըստ՝ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն պն. Պողոսյանի, 2009-2010 թվականներին աճել է 9%-ով, իսկ 2011թ.-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 30%-ով»: Տվյալները վերցված է https://www.tert.am/am/news/2012/07/30/suicide/:

Այս ցանքը դեռ շարունակելի է, սակայն այսքանն այս պահին բավարար: Այս իրականությունն իր թմբիրի մեջ է առել մեզ:

Դարձյալ ցավոտ հուշեր: Քսաներեք երկար ու խավար տարիներ՝ տառապանքների և նեղությունների, գործազրկության և աղքատության, նվաստացման և մերժվածության մեջ, սակայն  փոփոխության ակնկալիքով՝ սպասումներ և հույսեր փայփայած մի ժողովուրդ:

Սա, ընդհանուր Հայաստանյան պատկերն է: Հատուկ շեշտադրմամբ եմ նշում Հայաստանյան բառը, քանի որ քիչ ներքևում կհասկանաք, թե ինչ ի նկատի ունեմ: Այս պատկերը ավելի գորշ է մարզերում, նամանավանդ Շիրակում, որտեղ վերը նշած խնդիրներն իրենց գագաթնակետին են հասել: Այստեղ, մարդկանց կենսակերպը՝ Երևանյան վարդագույն կենսակերպի հակապատկերն է: Թվում է, թե 120 կիլոմետր հեռավորությունը, բավական չէ նման կոնտրաստներին բախվելու  համար, սակայն իրական պատկերը տեսնելիս՝ համոզվում ես, որ նույնիսկ մի քանի հարյուր մետրը կարող է բաժանարար լինել: Ինչպես քիչ առաջ վերևում էի նկարագրում, որ երկրաշարժից հետո՝ ժամանակը բաժանավեց երկու մասի, այնպես էլ հարկ է նշել, որ Հայաստանը բաժանվեց՝ Հայաստանի և Երևանի: Թվում է, թե գրածս տիպիկ «ռայոնցու» մտածելակերպ և հոգեբանություն է, սակայն արի ու տես, որ սա իմ դիտարկումն է, թե ինչպես է դասակարգվում և բաժանվում   հասարակությունը՝ հենց իր ներսում, որտեղ երևանցիները անմեղորեն պիտակավորում են մյուս մնացածներին՝ «ռայոնցիներին»: Հարց է ծագում, ի՞նչու: Կենսակերպի մակարդակների տարբերության մեջ է խնդիրը, որն էլ իր հերթին է հարցեր առաջացնում: Իսկ այս պարագայում պատասխանը բազմաբնույթ է և ինչ վարկած ասես, որ չենք կարող առաջ քաշել: Կարող ենք մեղադրել կառավարությանը կամ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գլոբալացումը, հայաստանյան անտաղանդ քաղաքականությունը կամ ուրիշ ինչ որ մի բան, կամ մի՞գուցե ինչ որ մեկին: Ինչ էլ որ լինի պատճառը, թերևս ամեն բան կենտրոնանում է մեծ քաղաքում և մարդիկ՝ մի տեսակ կախարդված, ձգվում են դեպի այնտեղ, որտեղ կյանքն ավելի կենսունակ է և վառ գույներով համեմված՝ շարունակ զարգացման միտումով:

Իսկ իմ քաղա՞քը, նա տակավին դեռ հույսեր է փայփայում ու վառ, գունավոր երազներ տեսնում: Նա կկառուցվի ու կլինի ավելի լավը, քան երբևէ եղել է: Մենք դա դեռ կտեսնենք:

Խավարը թանձրանալիս՝ լույս է ծնում, լույսը ծնում հույս, հույսը ծնում տեսիլք, տեսիլքն ապագա, իսկ ապագան ծնեց ներկա սերունդը՝ մտածող, փնտրող գտնող պայքարող, չհամակերպվող, չլռող, ով խավարից ծնված լույսն է՝ ժամանակի պահանջով: Մի հույս կա ու մի առկայծող պատրույգ: Շուտով:

Ես եմ, դու ես, մենք՝ մի բազուկ, մի կռնակ ու մի հենարան, ամուր ու անվարան, իսկ ասպարեզում՝ բազմագլուխ մի ախոյան, իսկ մեր բազկում մի սուր՝ օրենքի ու կամքի ուժով օժտված: Գործ կա անելու, անձնուրաց գործ, շա~տ գործ:

Նոր միտք, մի նոր սերունդ, նոր ուժ ու նոր քաղաք ու երազած մի նոր երկիր: Շուտով:

 

Մամիկոն Համբարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930