Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրապարակեք այն հնարավոր իրադարձությունների ցանկը, որոնց դեպքում կարելի է հավաքվել «Հարսնաքարի» մոտ

Սեպտեմբեր 04,2012 10:49

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ կոչվողներին առաջարկում եմ միանգամից հրապարակել այն հնարավոր իրադարձությունների ցանկը, որոնց առկայության պարագայում կարելի է հավաքվել «Հարսնաքար» ռեստորանի մոտ եւ ակցիաներ անել։ Օրինակ, մի քանի օր առաջ Հնդկաստանում գնացքներ էին բախվել։ Կային զոհեր։ Բա այդ առիթով չգնա՞նք «Հարսնաքար» ռեստորանի մոտ, մի հատ ցույց անենք, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանի հնդիկ գործընկեր-օլիգարխևերը միջոցներ չեն ներդնում երկաթուղին ժամանակակից սարքերով ապահովելու գործում։ Նրանց այդ հանցավոր կեցվածքն էլ պատճառ է դարձել, որ բախվեն մարդատար գնացքները։ Զոհերի թվում, այ քեզ ճակատագիր, կան Հնդկաստանի ազգային բանակի սպաներ։

Հարցս ձեզ եմ ուղղում, շարժման կազմակերպիչներ՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը Վահե Ավետյանին սպանեց հայ եւ Հայոց բանակի սպա լինելո՞ւ համար։

Օլիգարխիայի թիկնազորը եւ առհասարակ օլիգարխիկ համակարգը շատ գլուխներ է կերել ու պարտակել։ Էս ի՞նչ շարժվել եք շարժվում այսպես ուշացումով։ Հայ սպան ինչո՞ւ այդպես արժեւորվեց հանկարծ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ Youtube-ները լցնում էիք հայ սպային խայտառակող ֆիլմերով ու լուսանկարներով, որոնց մեծ մասը ադրբեջանցիների տարածած նյութերից արված բաներ էին։

Վահե Ավետյանի հիշատակին վատ բան ասողի լեզուն թող տեղում չորանա։ Եվ թող պապանձվի նա, ով կփորձի որեւէ կերպ արդարացնել նրան սպանողին։ Բայց, հավատացեք, զզվելի է, երբ դուք մարդկանց բողոքը սեփականացնում եք, դարձնում եք փեշակ։ Զզվելի է, երբ տուժողի անունով շարժում է ստեղծվում, որ ցավը հնարավորինս երկար ապրի ու կեղեքի առաջին հերթին տուժողի ընտանիքի անդամներին, հետո՝ ողջ ժողովրդին, որ անտարբեր չգտնվեց այդ դաժանության հանդեպ։ Իսկ ե՞րբ պիտի հասկանաք, որ սա պետություն է, եւ չի կարելի հոգեխանգարմունքի հասցնել այդ պետությանը, անընդհատ քանդել ու քանդել նրա պտուտակները եւ այն տանել փլուզման։

Ձեզնից որեւէ մեկը կարո՞ղ է հրապարակավ թվարկել այն քայլերի հաջորդականությունը, որ ի վերջո կբերի նման երեւույթների իսպառ բացառման։ Պարզվում է՝ չկա։ Ամենահեշտը, գիտեմ, օդում «օլիգարխ» բառը կրակելն է։ Պետք է քանդել օլիգարխիկ համակարգը, եւ այդ պայքարում բոլոր միջոցներն արդարացված են՝ կասեք։ Ես ձեզ առաջարկում եմ մի փոքրիկ նախավարժանք այդ հայրենանվեր գործը ձեռնարկելուց առաջ։ Եկեք գնանք Կապան ու Գյումրի եւ չթողնենք, որ օլիգախներն այդ քաղաքներում գողանան ժողովրդի քվեն։ Եկեք հաղթենք Գյումրիում ու այդ հաղթանակը նվիրենք Վահեի հիշատակին։ Կգա՞ք։ Չեք գա։ Դուք կնախընտրեք պարտվել Գյումրիում եւ այդ կապակցությամբ ցույց անել «Հարսնաքար» ռեստորանի դիմաց, բա չեք ասի՝ չլինեին Ռուբեն Հայրապետյանն ու նրա նմանները, ՀՀԿ-ն Գյումրիում օլիգարխ քաղաքապետ չէր նշանակի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930