Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրության» շքահանդես

Սեպտեմբեր 04,2012 10:33

Վաղը գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնումը և դրա արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Արդեն հայտնի է, որ այդ նստաշրջանի արդյունքում ԱԺ խմբակցություններն ընդունելու են կատարվածը դատապարտող միասնական հայտարարություն և դիմելու են միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին` կոչ անելով համարժեք վերաբերմունք արտահայտել: Սակայն ԱԺ արտահերթ այդ նստաշրջանը, ըստ էության, ոչինչ է լինելու մեծ աղմուկի մեջ և ընդամենը ևս մեկով ավելացնելու է արդեն իսկ հնչած տասնյակ, հարյուրավոր դատապարտող  գնահատականները:

Իհարկե, խորհրդարանական ուժերի միասնական հայտարարությունը կարգավիճակի ու նշանակության առումով` ավելի բարձր է, քան առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների կամ փորձագետների կարծիքները: Սակայն, լայն իմաստով, նախագահ Սերժ Սարգսյանի` Անվտանգության խորհրդի նիստում և օտարերկրյա դիվանագետների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ հնչած հայտարարություններում ամբողջապես ներկայացվել է տեղի ունեցածին համարժեք գնահատական:

Այլ հարց է, որ ԱԺ-ն կարող էր արտահերթ նիստ հրավիրել հետագա գործողությունները քննարկելու և կոնկրետ քայլեր մշակելու համար: Սակայն արդեն իսկ այսօր այս հարցի շուրջ ստեղծված մթնոլորտը հուշում է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը դառնալու է բարձրագոչ հայրենասիրական ճառերի, կեղծ պաթոսի արտահայտման հերթական հարթակը, որտեղ ընտրություններից առաջ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե որքան  ազգային ու որքան պետականամետ է ինքը:

Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ արտահերթ նիստն անցկացվեր ոչ թե բաց, այլ փակ ռեժիմով, և դրանում քաղաքական ուժերի ներկայացուցիչները` իսկապես վեր կանգնելով կուսակցական շահերից, ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլեր առաջարկեին, արտաքին քաղաքական զարգացումներում, մասնավորապես` ղարաբաղյան խնդրի հետ կապված, այս հարցը շահեկան դիրքերից ներկայացնելու  «ներքին դերաբաշխում» կատարեին: Արդեն այսօր կարծիքներ են հնչում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ:

Սրանք հարցեր են, որոնց ոչ բոլոր ասպեկտներն են ենթակա հրապարակային քննարկման: Կարճ ասած, ԱԺ արտահերթ նիստը կարող էր ավելի լայն ձևաչափով Ազգային անվտանգության խորհրդի նիստի գործառույթ կատարել, որից հետո, բնականաբար, կհրապարակվեր նաև այդ միասնական հայտարարությունը: Սակայն նաև որոշակի զգացմունքային ֆոնի պայմաններում` այս հարցով ԱԺ նիստն անցելու է բաց, տասնյակ լրատվամիջոցների ներկայությամբ, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերը պահպանելու են նաև «շոուի» ժանրի կանոնները: Իհարկե, բոցաշունչ ելույթներից հետո նրանք կընդունեն նաև ոչ պակաս բոցաշունչ ու նույնքան միասնական հայտարարություն, որն ընդամենը կարտահայտի «արտաքին վտանգի դեպքում քաղաքական ուժերի համախմբվածությունը»: Ոչ ավելին:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930