Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը պիտի հետևի Իսրայելի օրինակին եւ ինքը լուծի Ռամիլ Սաֆարովի նմանների հարցը»

Սեպտեմբեր 04,2012 00:23

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով  հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու  ու հերոսացնելու  փաստը, ասաց.«Առաջին հերթին պետք է նշենք, որ հայկական դիվանագիտությունը  իրոք շատ վատ վիճակում է գտնվում, 20 տարվա մեջ մեր Արտաքին  գործերի նախարարությունը  չկայացավ: Այդ փաստով մենք կարող ենք ասել, որ մենք արտաքին գործերի նախարարություն` որպես այդպիսի ինստիտուտ, չունենք: Ինչո՞ւ ենք գալիս այդ եզրակացությանը, որովհետև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մահմեդովը Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադառնալուց հետո բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունների միջև Սաֆարովի ազատ արձակման բանակցությունները մեկ տարուց ավելի է` ընթանում էին: Հարց եմ տալիս, իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչությունը: Ի՞նչ էին անում հայ դիվանագետները Բուդապեշտում: Ինչո՞վ են նրանք զբաղված: Մարդիկ, որոնք ոչ միայն պետք է համագործակցեին Արտգործնախարարության հետ , այլեւ սերտ կապեր ունենային մեր Ազգային անվտանգության հետ, չակերտները չեմ բացում , թե ովքեր պետք է լինեին և ինչ գործունեություն պետք է ծավալեին Հունգարիայում: Ես չեմ ասում, որ լրտես էին, բայց գոնե Հայաստանի շահերի պահպանման համար նրանք պետք է ուշիուշով հետևեին Ռամիլ Սաֆարով անձի շուրջ ընթացող բոլոր գործընթացներին»:

Ըստ քաղաքագետի, սա մեր արտգործնախարարի առաջին բացթողումը չէ,այլ հերթական դիվանագիտական սայթաքումն է: «Դիվանագիտությունը  այն արվեստն է քաղաքականության մեջ, որը պետք է կանխատեսի գործընթացը, 15 օրից ավելի բավականին մեծ   քանակությամբ ինտերնետ կայքեր և արտասահմանյան լրատվամիջոցներ բացեիբաց  խոսում   ու տպագրում էին նյութեր այն մասին, որ Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարությունների միջև տեղի են ունենում բանակցություններ 2-ից մինչև 3 միլիարդ դոլարի շուրջ, և ինքնըստինքյան բոլոր խելացի մարդիկ էլ  շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանի իշխանությունները այդ 2-3 միլիարդ  դոլարը Հունգարիայի գեղեցիկ աչքերի համար չէին տալու, այլ ակնկալիքներով,  որոնցից Ադրբեջանի համար ամենակարևորը  Ռամիլ Սաֆարովն էր: Իրենք նույնիսկ 2005 թվականին, երբ որ դեսպանատուն բացեցին Բուդապեշտում,  բացեցին հենց կոնկրետ այդ անձի համար: Դեպքը  տեղի է ունցել 2004 թվականին, 2005թ.-ին  արդեն Ադրբեջանը դիվանագիտական ներկայացուցչություն բացեց Բուդապեշտում: Եվ ադրբեջանական   իշխանությունները բացարձակ գաղտնի չէին պահում, որ դեսպանատան գլխավոր աշխատանքը  պետք է լինի Ռամիլ Սաֆարովին տուն վերադարձնելու խնդիրը, և 8 տարի անց նրանք հասան իրենց ուզածին: Ես հարց եմ տալիս, ինչո՞ւ մեր արտգործնախարարությունը սկսեց արձագանքել Սաֆարովին Բաքու հետ վերադարձնելուց հետո»:

Ըստ Գագիկ Համբարյանի,  ՀՀ արտգործնախարարությունը  նախօրոք պետք է զգուշացներ Հունգարիայի  կառավարությանը, որ իրենք ունեն հստակ տվյալներ այդ գարշելի գործարքի մասին: «Եթե այդ մասին տպագրում է  «Ռեգնում» գործակալությունը, հայկական կայքերը, ինչպե՞ս կարող է մեր արտգործնախարարությունը չունենա այդ տվյալները, իրենք ավելի շատ ունեին, քան տպագրվում է մամուլում, և պարտադիր պետք է արձագանքեին վաղօրոք, որպեսզի հունգարական կառավարությունը գիտենար, թե ինչպիսի հետևանքներ կունենա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան»: Ըստ մեր զրուցակցի, Հունգարիան, իբրև թե կրելով եվրոպական արժեքներ, իր  այս հանցագործ քայլով մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իրենց համար ֆինանսից, շահերից վեր ոչ մի բան չկա: «Դեմոկրատիա, մարդու պաշտպանություն, ռասիզմի բացակայություն, և այլն, այլն, մեկ անգամ ևս երևաց, որ հունգարացիք թքած են ունեցել բոլոր արժեքների վրա, իրենք ունեն իրենց շահը և դա կապված էր խոշոր գումարի հետ»:

Ըստ քաղաքագետի, այս քայլը Հայաստանը պետք է  հմուտ կերպով օգտագործի  հօգուտ Ղարաբաղի հարցի լուծման: «Նախ, Հայաստանը  ոչ թե պետք է դադարեցներ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ ընդհանրապես  պետք է խզեր: Միջազգային դիվանագիտության մեջ այդ տերմինալոգիաները տարբեր նշանակություն ունեն: 2-րդ` Հունգարիայի վարչապետին  պետք է բացեիբաց մեղադրանքներ ներկայացնենք պաշտոնապես, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս գործարքի հեղինակը Վիկտոր Օրբանն է: Մենք Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է բացեիբաց ցույց տանք բոլորին, որ մի երկիր, որն իբրև թե ցանկանում է լուծել իր հարցերը ԼՂՀ-ի հետ և ԼՂՀ-ին տրամադրել ինքնավարություն իր տարածքում, էսօրվա դրությամբ հերոսացնում է և ամեն ինչ անում է պաշտպանելու մի հանցագործի, որը սպանում է հային` քնած տեղը: Ես հարց եմ տալիս` ինչպե՞ս կարելի է  համոզել հայերին, որ հայերը կապրեն անվտանգության մեջ Լեռնային Ղարաբաղում, եթե այդ երկրամասը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, երբ այդ նույն Ադրբեջանում հերոսացվում է մի հանցագործ, որը 8 տարի առաջ սպանում է  մի քնած մարդու, որը չի կարողացել պաշտպանվել: Դա տղամարդ էլ չէ: Սա մենք պարտադիր պետք է դնենք միջազգային հանրության առջև, միջազգային հանրությունը պետք է պատասխան տա` ինչպե՞ս կարող են հայերը իրենց անվտանգ զգալ Ադրբեջանում»:

Ըստ քաղաքագետի, սա պետք է օգտագործվի այն բոլոր միջազգային քաղաքական ուժերի և պետությունների դեմ, որոնք հետագայում կփորձեն հովանավորել հայատյաց քաղաքականություն վարող մարդկանց: Գագիկ Համբարյանի  ասելով, մեր կառավարությունն ու ԱԱԾ-ն պետք է դասեր վերցնի Իսրայելից, որը իր գաղտնի ծառայությունների միջոցով իրականացնում է  Իսրայելի քաղաքացիներին սպանած  քաղաքական ու ռազմական գործիչների ոչնչացման քաղաքականություն: «Եթե որևէ մի Իսրայելի քաղաքացի ենթարկվում է  հարձակման որևիցե այլ երկրում և պաշտոնապես ճշտվում է այդ հարձակվողի անձը, ինքնությունը, ապա Իսրայելը ոչ մի պետությունից, ոչ մի միջազգային կազմակերպությունից թույլտվություն չի խնդրում , թե էդ մարդուն ձերբակալեք կամ փոխանցեք ինձ կամ ինքը պատիժ պետք է կրի ձեր բանտում: Ինքը ուղղակի պետք է ոչնչացնի էդ մարդուն, որտեղ որ պատահի, և ես գտնում եմ, որ դա  շատ ճիշտ քաղաքականություն է, որովհետև Իսրայել պետությունը այսպիսով զգուշացնում է բոլորին, որ ինքը թույլ չի տա թեկուզև իր մի քաղաքացու ոչնչացեն: Եթե պետությունը լռում է, չի արձագանքում այսպիսի հանցագործություններին, ապա աշխարհում  ոչ ոք էդ պետությանը  չի հարգում: Մենք  ևս մեկ անգամ համոզվեցինք, որ չկա դեմոկրատիա որպես այդպիսին , չկա մարդու պաշտպանություն այնպիսին, ինչպիսին մենք պատկերացնում ենք, չկա հավասարություն, կա ուժի հարգում միջազգային հանրության կողմից: Ինչքան ուժեղ եղար, էնքան քեզ կհարգեն, էդ քո գոռգոռոցները, քո հիստերիան բացարձակ չի ընդունվի միջազգային հանրության կողմից: Մի պահ կընդունվի ` մի 10-15 օր , հետագայում կյանքը կշարունակվի նույնպես, ինչպես կար: Դրա համար մենք պետքէ կոնկրետ գործողությունների անցնենք, և ոչ ոք մեզ չի կարող  մեղադրել տեռորիստական գործողությունների  մեջ»:

Քաղաքագետը նաև զարմանում է , որ Մինսկի խմբի անդամները այսքան ուշացումով են  արձագանքում, իսկ ՆԱՏՕՆ ու Եվրամիությունը, որքան էլ իրենց  տարածքում  ու իրենց հրավերքի պատճառով կատարված լինի մարդասպանությունը, բացարձակ չեն արձագանքում: «Մենք պետք է հրաժարվենք այն ռոմանտիզմից, որ Եվրոպան իրոք  Եվրոպա է, աշխարհը բացարձակ չի փոխվել, աշխարհում ինչպես որ հարգել են ուժը, այնպես էլ պիտի շարունակվի, մենք փող չունենք, բայց ունենք ուժ, և շատ հմուտ ու ճշգրիտ պետք է օգտագործենք», -եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930