Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Շահե քահանա. «ՀՀ նախագահի համբերության բաժակը երեւի լցվել էր»

Սեպտեմբեր 03,2012 23:43

Տեր Շահե քահանա Հայրապետյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի քայլը կանխելու հարցում Հայաստանը ուշացավ.«Երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանն աշխատել են Հունգարիայի հետ, այսինքն նրանք նախապես այդ միլիարդներն ու  նաեւ հող էին պատրաստում:  Մենք ուշացած վիճակի մեջ ենք, երեւի մեր բնույթն  է այդպես, մենք չպատրաստվեցինք եղեռնին, չհասկացանք, որ 1828-ին Արեւմտյան Հայաստանը դատարկվում էր,  ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ կազակներն այնտեղ պետք է բնակվեին, այսինքն տեղաշարժեր կան աշխարհում,  եւ մենք ուշացած ենք իմանում, հետո փորձում ենք ընդվզել ու դառնում ենք ֆիդայիններ…սա է մեր ողբերգությունը: Երանի թե մենք ունենայինք թուրքական դիվանագիտության նման դիվանագիտություն, որովհետեւ նրանք միշտ ամեն տեղից չոր են դուրս գալիս: Աստված մեզ տվել է սիրտ, որը կոչվում է վստահության, քաղցրության սիրտ»:

Նրա կարծիքով` ՀՀ նախագահի հայտարարությունը՝ կասեցնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը, մեկնաբանության ենթակա չէ.«Խզել չէր, սառեցնել էր, խզել նշանակում է պատերազմ հայտարարել դիմացի պետության դեմ: Ինչեւէ, մարդասպանն ազատ արձակվեց,  ու Ադրբեջանը քահ-քահ ծիծաղում է աշխարհի վրա,  որովհետեւ նավթ ունի, պետք է անպայման ինչ-որ քայլ արվեր,  ու նախագահի քայլը քննարկելը մեր կողմից ճիշտ չէ, երանի թե ունեննայինք այդ շփման մակարդակը վերեւներում, որ իմանայինք, թե նախագահն ինչու է այդ քայլն անում: Մենք պտղաբերությունը հետո պետք է տեսնենք: Նախագահը, եթե նման քայլ է անում, ուրեմն համբերության բաժակը  լցվել էր: Եթե հետեւենք, վերջին 300 տարիների ընթացքում ամեն դարասկզբին կատարվել  են քայլեր հայի դեմ, 1820-ականներին Արեւմտյան Հայաստանի տեղահանությունն էր դեպի Արեւելյան Հայաստան, 100 տարի հետո  եղեռնն էր, 100 տարի հետո կանգնած ենք այս ճշմարտության առաջ: Այսինքն, կարծես թե  աշխարհը խաղ է անում մեզ հետ: Աղոթում եմ, որ իմաստուն լինենք…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930