Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի ելույթը ԵԽԽՎ-ում.«ԵԽԽՎ-ի ոչ միանշանակ եւ հեղհեղուկ հայտարարությունները այլեւս ընդունելի չեն»

Սեպտեմբեր 03,2012 22:53

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որի ժամանակ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուն եւ ներում շնորհելուն: Պարոն Հարությունյանի ելույթը հրապարակում ենք անգլերենից ազատ թարգմանությամբ: Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ կայքի անգլերեն բաժնում:

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Ես ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը մեր խորը մտահոգությունն է առաջացրել եւ ուղղակիորեն ազդում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի փխրուն հավասարակշության վրա, այլեւ կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների կողմից ընդունված համընդհանուր արժեքները: Խոսքը Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու եւ այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու մասին է:

Սակայն թույլ տվեք սկզբում կարճ հիշեցնեմ այդ գործի նախապատմությունը` մինչեւ կանցնեմ հիմնական ասելիքիս:

Ռամիլ Սաֆարովը ադրբեջանցի զինվորական է, որը 2004 թվականի փետրվարի 14-ից հունգարական բանտում էր, որտեղ նա կրում էր իր պատիժը` ցմահ ազատազրկումը` այդ երկրում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար: Սաֆարովը սպանել էր հայազի սպա Մարգարյանին, երբ վերջինս քնած էր իր սենյակում` Բուդապեշտի ռազմական ակադեմիայում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին զինվորականնների համար ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի կուրսերին:  Այնուհետեւ Սաֆարովը փորձել է սպանել նաեւ երկրորդ հայ զինվորականին, որը նույնպես քնած էր` մյուս սենյակում, բայց, բարեբախտաբար, այդ փորձը ձախողվում է:

2006 թվականին հունգարական առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի` մինչեւ 2036 թվականը: Դատարանը հաշվի էր առել հանցագործության կանխամտածված լինելն ու դաժան բնույթը, ինչպես նաեւ այն, որ Սաֆարովը չէր զղջում իր արարքի համար: Հունգարական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց այդ վճիռը` Սաֆարովի պաշտպանի հայցից հետո:

Այդ վճռից հետո ադրբեջանական իշխանությունները փորձել են համոզել հունգարական կողմին` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ Սաֆարովի հանցագործությունը փառաբանվում էր Ադրբեջանում, իսկ ինքը ընդունվում էր որպես հերոս եւ օրինակելի կերպար այդ երկրի երիտասարդների համար, Հայաստանը մտահոգություն էր հայտնել նրա արտահանձնման հնարավորության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը հունգարական իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ էր` այդ հարցի կապակցությամբ եւ անընդհատ ստանում էր հավաստիացումներ, որ Սաֆարովի հանձնման հարցը օրակարգում չէ: Վերջին անգամ մենք նման հավաստիացումներ ստացել ենք մեկ շաբաթ առաջ:

Սակայն, չնայած այդ բոլոր հավաստիացումներին, 2012 թ.  օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, ըստ երեւույթին, Ադրբեջանից հավաստիացումներ ստանալով, որ Սաֆարովի դատավճիռը կիրականացվի եւ նա իր պատժի մնացած մասը կկրի այդ երկրում: Սակայն հենց նույն օրը Ադրբեջանի նախագահի հրամանագրով Սաֆարովը անմիջապես ներում ստացավ եւ ազատ արձակվեց:

Նույն օրը նա լեյտենանտից դարձավ մայոր, ադրբեջանական կառավարությունը նաեւ նրան նվիրեց նոր բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը` փոխհատուցելու համար այն տարիների համար, որ նա անցկացրել էր հունգարական բանտախցում:

Չխորանալով այս հարցում Հունգարիայի պատասխանատվության չափի եւ հունգարական իշխանությունների կողմից Սաֆարովի հանձնումը իրավունքի տեսանկյունից բացատրելու ակնհայտ միամտության մեջ` ես կցանկանայի անդրադառնալ այս հարցի երկու կողմին:

Նախ,  Սաֆարովը Բաքու է ուղարկվել 1983 թ. Ստրասբուրգում ընդունված կոնվենցիայի հիման վրա, որով դատապարտված անձանց իրավունք է տրվում պատիժը կրել սեփական երկրում: Սակայն նրա ժամանման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելը  բացահայտում է այդ կոնվենցիայի որոշ թերություններ: Ակնհայտ է, որ մենք ոչ միշտ կարող ենք հույս դնել այն երկրների բարեխղճության վրա, որոնց հանձնվում են դատապարտված անձինք, եւ, ինչպես տեսնում ենք, նրանցից ոմանք պատրաստ են չարաշահել այն իրավունքները, որոնք տրվում են այդ կոնվենցիայով:

Երկրորդը, համաձայն դատավճռի, այդ սարսափելի սպանությունը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր, դա խոստովանեց նաեւ մարդասպանը` ցուցմունքներ տալու ժամանակ: Ռամիլ Սաֆարովի մարդասպանության արդարացումն ու փառաբանումը Ադրբեջանում տարվում են ամենաբարձր պաշտոնական մակարդակներում, ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նախագահի մակարդակով: Պետք է նշեմ, որ այդ զզվելի հանցագործությունը Ադրբեջանում պաշտոնական մակարդակով անընդհատ հանրային գովասանքի էր արժանանում: Այդ երկրի օմբունդսմենը մարդասպանին կոչում էր հայրենասիրության մարմնավորում` ադրբեջանական երիտասարդության համար: 2005 թվականին Սաֆարովը Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության կողմից արժանացել է «Տարվա մարդ-2005» կոչմանը` իր զազրելի արարքի համար:

Նրա` Բաքու գնալու օրը եւ այն բանից հետո, երբ նրան ազատ արձակեցին, ադրբեջանական պետությունը տոնակատարություն էր կազմակերպել, որի ժամանակ Սաֆարովին պտտացնում էին որպես հերոսի: Ի դեպ, այդ տոնակատարությանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչը նույնպես տագնապալի է:

Նաեւ թույլ տվեք ձեզ հիշեցնեմ բառերը, որոնք ասաց Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիեւը.«Ես խորհուրդ չեմ տալիս հայերին հանգիստ քնել, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել: Բուդապեշտում կատարվածի նման դեպքերը չեն կարող բացառվել»:
Ի դեպ, ոչ ոք այդ կազմակերպությունում չարձագանքեց այդ խոսքերին:

Այս բոլոր իրադարձությունները հստակորեն ցույց են տալիս այդ երկրում պետության կողմից հովանավորվող ռասիստական եւ հակահայկական քսենոֆոբիական տրամադրությունները հասարակության մեջ զարգացնելու քաղաքականությունը: Դա շատ վտանգավոր եւ տագնապալի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար, այլեւ արժեքային այն ողջ համակարգի, որը մենք բոլորս դավանում ենք եւ որոնք պահպանելու եւ խրախուսելու պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա: Մենք չենք կարող արհամարհել այս իրադարձությունները, մենք չենք կարող կողքից դիտել, մենք պետք է դրան արձագանքենք:

Հայաստանը ակնկալում է, որ այս անգամ Եվրոպայի խորհուրդը օպերատիվ եւ համարժեք կերպով կարձագանքի այդ անընդունելի իրադարձություններին, որոնք ոտնահարում են արդարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը եւ մարտահրավեր են նետում Եվրոպայի խորհրդի արժեհամակարգի եւ պարտավորությունների բուն էությանը:

Հակառակ դեպքում դա կարող է ավելի խորացնել ԵԽ անդամ պետության մեջ ծայր առած ազգային խտրականությունը, քսենոֆոբիան եւ անհանդուրժողականությունը: Մենք չպետք է դահիճներին թույլ տանք մտածել, որ նրանք կարող են վայելել էթնիկ կամ կրոնական ատելության պատճառով կատարված սպանության անպատժելիությունը:

Մենք ուզում ենք կոչ անել ԵԽԽՎ-ին` հստակ եւ միանշանակ արձագանքնել այս հարցին որքան հնարավոր է արագ:

Սա մեր պատասխանտվությունն է` իրավական եւ բարոյական, ցույց տալ, որ արժեքները ոչ միայն պետք է քարոզել, այլեւ հետեւողականորեն կիրառել: Այլապես մենք մեր անգործությամբ գիտակցաբար կաջակենք էթնիկ եւ ազգային ատելության պատճառով դաժան մարդասպանություն գործածին:

Լռությունն ու անտարբերությունը, ԵԽԽՎ-ի ոչ միանշանակ եւ հեղհեղուկ հայտարարությունները այլեւս ընդունելի չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930