Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և տվյալ երկրի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու վերաբերյալ լուրը առաջ է բերել հունգարացի մի շարք մտավորականների արդարացի զայրույթն ու վրդովմունքը: Սեպտեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ստացել է մի շարք նամակներ, որոնցում քննադատելով Հունգարիայի իշխանությունների այդ քայլը, մտավորականներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Մասնավորապես. Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատասխանատուներից նամակում նշվում է. ,,Զարմանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության որոշմանը ցմահ բանտարկության դատապարտված մարդասպանին Ադրբեջանին հանձնելու և այնտեղ անմիջապես ներում շնորհելու լուրը: Չի կարող պատահել. ինչպիսի ամոթ և կոպիտ սխալ: Իմ նամակով ցանկանում եմ տեղեկացնել, որ հունգարացիների մեծ մասը դեմ է այս որոշմանը և արտահայտում է իր խոր զորակցությունը հայ ժողովրդին: Ընդամենը մի քանի ժամ առաջ Հունգարիայի արքեպիսկոպոսը գրավոր իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Մենք կիսում ենք Ձեր զգացմունքները, հուսով ենք, որ դուք հասկանում եք, որ այն ոչ թե հունգար ժողովրդի, այլ կառավարության որոշումն է… Հուսով ենք, որ կգան լավ ժամանակներ և մենք կշարունակենք մեր համագործակցությունը,,: