«Ի՞նչն էր պատճառը, որ 11 օր առաջ Հայաստանի արտաքին գործերի ու սփյուռքի նախարարությունները, տեղեկանալով Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման մասին, ոչ մի քայլ չձեռնարկեցին եւ ոչ մի աջակցություն ցույց չտվեցին հունգարահայերիս»: Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հունգարահայերի այս բողոք դիմումին անդրադառնալով ՝ Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թեւոս Ներսիսյանը Aravot.am-ին պարզաբանեց.«Բնական է, որ արձագանքեցինք, զեկուցեցինք մեր ղեկավարությանը , այդ զեկույցը գնաց կառավարություն եւ այլն: Հայաստանի իշխանությունները արձագանքեցին ու բանակցություններ վարեցին, հարցումներ փոխանցեցին Հունգարիայի կառավարությանը: Հունգարիայի կառավարությունը խաբում էր մինչեւ վերջին օրը, այսինքն հավաստիացնում էր, որ նման բան չկա, հնարավոր չէ՝ մենք չենք տա: Համայնքը ինչքան էլ տեղեկացված լինի, բայց համայնքն ավելի՞ տեղեկացված է, քան տեղի կառավարությունը, չէ իհարկե… համապատասխան ատյաններն են բանակցել, զրուցել»:
Ինչ վերաբերում է հունգարահայ համայնքի դժգոհություններին, թե իրենք պարբերաբար դիմել են Սփյուռքի եւ ՀՀ արտգործնախարարությանը Հունգարիայում բացել հայկական դեսպանություն, բայց միշտ պատասխան են ստացել, որ իրենք թվով շատ քիչ անձնակազմ ունեն եւ չունեն հնարավորություն այդ խնդիրներով ամեն անգամ զբաղվելու, պարոն Ներսիսյանը կրկնեց. «Կուզենայինք, բայց հնարավորություններ չկան»:
Թ. Ներսիսյանի խոսքերով, Հայաստանի կառավարության պատասխանը Հունգարիային ՀՀ նախագահի խիստ ելույթն էր, արդարադատության նախարարի նամակը եւ դիվանագիտական հարաբերությունների խզումը:
Ըստ նրա, Ադրբեջանը Հունգարիային գնել է 2-3 միլիարդ դոլարով. «Պետական թղթեր պետք է առներ Ադրբեջանը նրանցից: Պայմանավորվել են Ադրբեջանի հետ, որ այսքան թղթեր տպագրեն, ու Ադրբեջանը թղթի փոխարեն գումար տա, որ նա իր տնտեսությունը զարգացնի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ