«Մեկ շաբաթում նիհարիր 10 կիլոգրամ»,«Կեր ամեն ինչ և նիհարիր 10 օրում 5 կիլոգրամ», «- 27 կիլոգրամ 3 շաբաթում»: Այսպիսի անհավանանական առաջարկներ տեղադրված են համացանցում: Մարդիկ էլ, հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, հետևում են դրանց` հետագայում հանդիպելով առողջական բազմաթիվ խնդիրների: 36-ամյա Արմինե Մնացականյանը 15 տարեկանից տարբեր դիատեներ է պահում, պատմում է` եղել է, որ օրերով հաց չի կերել, զարմանում էր` ինքն ավելի քիչ էր հաց ուտում, քան իրենից նիհար ընկերուհիները. «Չէի հասկանում, որ խնդիր ունեմ, բժշկի դիմեմ: Ամեն գիշեր լացում էի, հայելու մեջ ինձ քիչ էի նայում, շատ էի կոմպլեքսավորվում»: Այսօր Արմինեն նվազագույնը ամիսը մեկ անգամ բժշկի մոտ է լինում, բուժում է դիետաներից առաջացավ խնդիրները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս չհավատալ անհավանական արդյունք խոստացող դիետաներին, միշտ խորհրդակցել բժիշկների հետ: Եթե ցանկանում ես նիհարել, ամեն ինչ դանդաղ պետք է տեղի ունենա, ամիսը` 4, 5 կիլոգրամ, որպեսզի չառաջանան առողջական խնդիրներ: Պետք չէ դրսում շատ սնվել, ամեն օր ուտել յուղալի և տապակած կերակուրներ, խմել գազավորված ըմպելիքներ, այլ պետք է նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին և բնական հյութերին: Ինչպես նաև անհրաժեշտ է շատ քայլել, աշխատել, ուտելուց հետո չպառկել, կարևոր է նաև՝ քնելուց առաջ հաց չուտել, որպեսզի այն չվերածվի ճարպի: 19-ամյա Սաթենիկ Մալխասյանը 3 ամսում նիհարել է մոտավորապես 20 կիլոգրամ, պատմում է` բռերով սիսեռ էր կուլ տալիս, հաց չէր ուտում, այսօր արդյունքը ակնհայտ է, բայց այս ամենի հետ մեկտեղ առողջական բազմաթիվ խնդիրներ է ձեռք բերել. «Ինչ դիետա տեսնում, լսում էի, պահում էի: Հիմա այնքան եմ թուլացել, իմունիտետս այնքան է ընկել, ր կարող եմ ուշագնաց լինել պահի տակ: Այժմ բուժվում եմ: Բոլորին եմ խորհուրդ տալիս` դիմեք բժշկի, ինքնագլուխ ոչինչ մի’ արեք»: Հոգեբան Մարինա Հակոբյանը այս ամենը համարում է կոմպլեքսավորվածության արդյունք և բոլորին խորհուրդ տալիս` գնահատեք ձեր ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկությունը, որը շատ ավելի կարևոր է:
Լիլիթ Սարգսյան