Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի ներկայացուցիչը վստահ է՝ «Այստեղ էլ կմերժվենք»

Սեպտեմբեր 03,2012 16:33

Հայաստանի վերաքննիչ դատարանը այսօր հետաձգեց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ դատը տեղափոխվեց վաղը՝ դատախազ Հովսեփ Սարգսյանի բացակայության պատճառով:

Վ. Օսկանյանի ներկայացուցիչ Տ. Աթանեսյանի խոսքերով, վերաքննիչ դատարանից գործով ոչ մի ակնկալիք չունեն. «Մեր դատական համակարգից քիչ ակնկալիքներ ունեմ, նման կարգի գործով բացարձակ ակնկալիք չկա: Սա կարեւոր քայլ է, որով ցույց է տրվում, որ սա իրավական հետապնդում չէ, մտացածին, սեւը սպիտակ ներկայացնելով ինչ-որ բանի են ուզում հասնել: Բողոք բերելու իմաստն այն է, որ ցույց տրվի, որ դա իրականության հետ կապ չունի: Հայաստանում դատական համակարգից ակնկալիքներ ունենալը առնվազն միամտություն կլինի»:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը վերացնելու մասին:  «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ու իր ներկայացուցչի կարծիքով, այդ քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները:

Պարոն Աթանեսյանը մինչեւ հիմա չի հասկացել, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մերժման հիմքերը.« Իրավական ոչ մի հիմնավորում մերժման հիմքում դրված չէ: Կամ այն փաստարկներին , որոնց դժվարացել են պատասխանել՝ ընդհանրապես չեն անդրադարձել: Կամ էլ իրենց իսկ առաջ քաշած փաստարկը, թե Վ. Օսկանյանի ոչ մի իրավունք էլ չի խախտվել, այդ դեպքում ուրեմն բողոքն ընդհանրապես չպետք է քննարկվեր: Իմ համոզմամբ, այստեղ էլ կմերժվենք, անպայման կդիմենք վճռաբեկ դատարան, թող վճռաբեկը ի ցույց դնի ամբողջ աշխարհին, որ ինքը իր իսկ նախադեպերը չի հարգում ինչպես եւ շատ-շատ գործերով … հերթական անգամ ցույց կտան՝ ինչ դատական համակարգ ունենք կամ չունենք»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ այս գործով դատավարությունը հետաձգվել էր Օսկանյանի ներկայացուցչի բացակայության պատճառով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930