ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունից
Պարոն նախագահ, Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության անունից ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ 2004թ.-ին, Գուրգեն Մարգարյանի մահվան օրվանից սկսած, ջանք չխնայելով Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ամեն քայլի դիմեց, որ Սաֆարովը կրի իր արժանի պատիժը, որը եւ տեղի ունեցավ 2006-ին:
Կարդացեք նաև
Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն բացելուց հետո Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը միշտ տեղյակ է պահել Սփյուռքի նախարարությանը , Ավստրիայի ՀՀ դեսպանությանը Ադրբեջանի բոլոր հակահայկական ակտերի մասին:
Շատ անգամ խնդրել ենք ՀՀ Սփյուռքի նախարարությանը եւ ՀՀ արտգործնախարարությանը Հունգարիայում բացել հայկական դեսպանություն, քանի որ Ավստրիայում հայկական դեսպանությունը պատասխանատու է եղել չորս պետության համար, իսկ Հունգարիայում Ադրբեջանի հետ կապված կոնֆլիկտները ամենօրյա էին: Խնդիրները տեղեկացնելուց հետո միշտ պատասխան ենք ստացել, որ իրենք թվով շատ քիչ անձնակազմ ունեն եւ չունեն հնարավորություն այդ խնդիրներով ամեն անգամ զբաղվելու:
Օգոստոսի 20-ին, նախքան Հունգարիայի՝ Սաֆարովին Ադրբեջան հանձնելը, 11 օր առաջ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողայոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը եւ Ավստրիայի ՀՀ դեսպանությանը սպասվող լուրի մասին եւ խնդրել Հայաստանի Հանրապետությանը անմիջապես քայլեր ձեռնարկել կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը հայտարարելու համար, ցավոք ամեն ինչ անարդյունք էր: Ցանկալի է պարզել, թե ինչն էր պատճառը, որ 11 օր առաջ իմանալով այդ լուրը, ոչ մի քայլ չձեռնարկեց եւ ոչ մի աջակցություն ցույց չտվեց հունգարահայերիս:
Շուրջ ութ տարի պայքարելուց հետո Հունգարիայի Հայ ինքնավարությունը հասկացավ, որ ադրբեջանական լոբբին այնքան մեծ է Հունգարիայում, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտություն է անհրաժեշտ:
Հունգարիայի հայ համայնքը ոչ մի աջակցություն չի սպասում Ավստրիայի ՀՀ դեսպանությունից, մենք ինքներս ինչպես միշտ, այնպես էլ այժմ քայլեր կձեռնարկենք մեր դժգոհությունը արտահայտելու համար Հունգարիայի կառավարությանը:
Դր. Սարգսյան Սեւան, նախագահ
Ավանեսյան Ալեքս
փոխնախագահ
Նիկողայոս Հակոբյան
փոխնախագահ