Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե կիսաշրջազգեստներն ու ճչացող մեյքափներն ինձ դուր գային, հավանաբար ծանրաձողի հետ գործ չէի ունենա»

Սեպտեմբեր 03,2012 16:25

«Այս տարի ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 3-ին, որի համար շատ ուրախ եմ: Այն իմ սիրելի թիվն է եւ ինձ համար իսկապես տոն է, քանի որ առաջին անգամ ոտք դրեցի իմ սիրելի համալսարան, որի համար ուղիղ երկու տարի չարչարվել եմ»,-ոգեւորությամբ ասում է Անի Գրիգորյանը: Խոստովանում է, որ մինչև երեկ այդպես էլ չի կարողացել իր համար ընտրել այն զգեստը, որով կցանկանար բուհ մուտք գործել. «Առավոտյան, երբ նկատեցի, որ արդեն ուշանում եմ, կանգ առա այս զգեստի վրա: Օրս հրաշալի անցավ, կարծես թե պետական համալսրանը սիրեց ինձ»,-ժպտալով ասում է նա:  Այսօր տոն է ուսանողների համար, քանի որ դպրոցականները նոր ուսումնական տարին դիմավորել են սեպտեմբերի    1-ին: Ուսանողների մի ստվար զանգվածի համար սա իսկապես տոն է եւ նրանք պատրաստվում են մեծ շուքով այն նշել որեւէ ժամանցային վայրում.«Ամեն տարի տոնը նշում էինք կուրսեցիներով, բայց այս տարի համախմբվել այդպես էլ չստացվեց: Օրս պատրաստվում եմ անցկացնել դասընկերներիս հետ, որոնց շատ եմ կարոտել: Լինելու են նաեւ այն դասընկերներս, որոնց դպրոցն ավարտելուց հետո այդպես էլ չեմ տեսել: Այնքան հուզված եմ. նման զգացողություն ունեցել եմ մեկ էլ 1-ին կուրսում»,-ընդգծում է Վ.Բրյուսովի անվան 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ստեփանյանը:

Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ուսանողները մի պահ մոռացել էին տոնի մասին եւ ջանասիրաբար գեղեցկացնում էին իրենց սիրելի համալսարանը: Ուսանողների խոսքով՝ ծաղիկներն իրենք են աճեցրել եւ արդեն մի քանի տարի է՝ դրանք խնամքով պահում են:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսանողների տրամադրությունն ու տրամադրվածությունը նոր ուսումնական տարում այլ է: Նրանցում շատերը եղան, ովքեր ցանկություն հայտնեցին լինել բուհն ավարտածների կարգավիճակում.«Ճիշտ է, այսօր տոն է, բայց ոգեւորված չեմ օրով եւ դրա համար առանձնապես չեմ պատրաստվել: Ցանկությունս է արագ ավարտել եւ աշխատել իմ մասնագիտությամբ»,-ասում է մասնագիտությամբ ծրագրավորող Արեւիկ Պետրոսյանը:

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողուհի Նարինեն օրվա նախապատրաստության մասին ասում է. «Եթե  կիսաշրջազգեստներն ու ճչացող մեյքափներն ինձ դուր գային, հավանաբար ծանրաձողի հետ գործ չէի ունենա»: Հավաստում է, որ նրան չի հետաքրքրում շպարի պարագաները, վարսահարդարման կենտրոներն ու խանութները: Միակ նպատակը հանրապետությունից դուրս մրցույթնրում մասնակցություն ունենալն ու մեդալներ վաստակելն է.«Արդեն ժամանակն է ուժերս հավաքելու, իմ սպորտաձեւին խորապես տիրապետելու եւ ազգիս ինչ- որ ձեւով օգտակար լինելուն»: Չնայած արձակուրդին՝ Նարինեն շարունակել է մարզումները եւ ինչպես ինքն է ասում. «Մարզվենք, որ մի արդյունքի հասնենք»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930