Այսօր այնքան էլ սկզբունքային չէ, թե ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն կամ թե ԲՀԿ-ն ավելի շատ տեղեր կզբաղեցնեն, որովհետեւ փոխհամաձայնությունների, պայմանավորվածությունների դաշտ է ձեւավորվել: Այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ՏԻՄ ընտրություններում ավելի շատ տեղեր ո՞ր կուսակցությունը կունենա: Նրա խոսքերով` «Այդ դաշտին բնորոշ է` «Բարգավաճ Հայաստան» անունից եւ Գագիկ Ծառուկյանի գրպանից անցած ՏԻՄ ղեկավարները նստելու են Սերժ Սարգսյանի հաշվին: Օրինակ` խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով 8 պատգամավոր է անցկացրել «Բարգավաճը», 8-ն էլ` պայմանավորված է եղել»:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` առաջիկա ՏԻՄ ընտրություններին արմատական ընդդիմությունը պատրաստ է «դամ պահել», «մոմ վառել» եւ հետեւել, թե ինչպես իրար մեջ կպայմանավորվեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն:
Անդրադառնալով մի քանի ամսից տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ պայքարը գնալու է ներկայի եւ անցյալի միջեւ, այսինքն ոչ մի նոր դեմք եւ ոչ մի նոր մոտեցում երկրի ապագայի վերաբերյալ չի լինելու թեկնածուների կողմից:
Կարդացեք նաև
Ըստ ՀՔՄ նախագահի, «Ամենամեծ ինտրիգը այն է, թե կմասնակցի՞ այս ընտրություններում հանրապետության երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը: Վերլուծաբանները հակված են մտածելու, որ եթե Քոչարյանը մասնակցեց, դա սրություն կհաղորդի ընտրություններին եւ մրցակցության բավականին կոշտ երանգներ: Ես գնահատում եմ նրա մասնակցության հավանականությունը` 70-80 տոկոս, բավականին մեծ է: 2018 թվականի նախագահական ընտրություններին նոր մարդիկ կմասնակցեն եւ ընտրությունը լինելու է ներկայի եւ ապագայի միջեւ, որովհետեւ կլինեն մարդիկ, ովքեր կներկայացնեն երկրի ապագա զարգացումներ: Իսկ եթե 2018 թվականի ընտրություններն անցնեն ներկայի եւ ապագայի միջեւ ընտրության ոգով, եւ այն ժամանակ Քոչարյանի վերադարձը նախագահի պաշտոնին քիչ հավանական է, ուրեմն` այս ընտրություններին իր համար այն իրավիճակն է, որ ինքը կարող է դա դիտել որպես իր համար կուլմինացիոն հնարավորություն վերադառնալու` որպես ղեկավար, քաղաքական դաշտ»:
Հարցին թե, հնարավո՞ր է որպես վարչապետ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, քաղաքագետն ասաց. «Չեմ տեսնում այդպիսի հեռանկար, որ Քոչարյանը վարչապետ լինի Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ինչպես ժողովուրդն է ասում` 2 գլուխ մի կաթսայում չի եփվի»:
Փոխհամաձայնության կամ «տորգի» արդյունքում կատարված վարչապետի փոփոխությունը, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց` «խայ-տա-ռա-կու-թյուն է, որովհետեւ եթե այդպես լինի, դա չի նպաստելու վարչապետի աշխատանքին եւ ոչ էլ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն»:
Ըստ քաղաքագետի, եթե վարչապետի փոփոխությունը լինի ընտրությունների միջոցով, ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի նախագահական ընտրություններում. «Եթե «Բարգավաճ Հայաստանը» մտածում է ընտրությունների միջոցով վարչապետի փոփոխություն, դա մի հարց է, եթե մտածում է`ճնշումներ գործադրելու միջոցով հասնի նրան, որ իր հետ նստեն սակարկությունների, սրա արդյունքում փոփոխություն լինի, նման դեպքում չի կարող նպաստել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Մեծ հաշվով Սերժ Սարգսյանին մրցակից կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը եւ Քոչարյանի առաջադրումով հնարավորություն կլինի մրցակցության, բաց քննարկում կլինի: Իմ կարծիքով`ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորի ԲՀԿ-ն: 2011 թվականին Գագիկ Ծառուկյանը, իսկ Գագիկ Ծառուկյանին ես մարդկայնորեն շատ լավ եմ վերաբերվում, ազնիվ խոսք, ելույթ ունենալով կուսակցության համագումարին, ասաց՝ եթե ես տեսնեմ, որ իմ մոտ չի ստացվում, ես կասեմ` թող գա իսկապես քաղաքական գործիչ, քաղաքականապես կայուն, հասուն մարդ, դա նրա համար ճշմարտության պահն էր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ