Այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Այս մասին նշվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով սեպտեմբերի 3-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է, անկախ հանգամանքներից, երեխաներին ընդունել դպրոց: «Իրենց ցանկությամբ և ընտրությամբ սիրիահայ երեխաները կարող են հաճախել նաև սովորական հայկական դպրոց և կրթություն ստանալ հայկական ծրագրերով»,- նշել է նախարարը:
Սիրիահայերի խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Ինչպես հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից, դպրոցի տարածքի հետ կապված քննարկվել են մի քանի տարբերակներ: Կրթական գործընթացի վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ ԿԳՆ-ի նշանակած պատասխանատուի կողմից, ով, նախարարի առաջարկով, պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ: Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները: Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»