Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին խնդրեց մեկնաբանել Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի այն հայտարարությունը, որտեղ նա Զոլյանին «աբիժնիկ» էր անվանում, իսկ բուհի ներկայիս ռեկտորի վերաբերյալ էր ասում էր. «Գասպարյանի հմտության պակասն այն էր, որ կաշառք չէր վերցնում եւ կիսվում ռեկտորի հետ: Այդ պատճառով Զոլյանն այդ պաշտոնում նշանակեց «հմուտ» մասնագետի, ում 2 տարի անց բուհից դուրս վռնդեցին»:
Մեզ հետ զրույցում պարոն Զոլյանն ասաց, որ այս օրերին ավելի կարեւոր հարցեր կան, քան այն անձի` Գայանե Գասպարյանի թեման, ով , իր ձեւակերպմամբ, նստում է ռեկտորի աշխատասենյակում: «Ճիշտն ասած, չէի պատրաստվում առհասարակ անդրադառնալ այդ տիկնոջ հարցին , դա արվել է ի պատասխան «Առավոտի» լրագրողի խնդրանքի, ինչի համար խորապես ցավում եմ: Կան շատ ավելի լուրջ հարցեր ուշադրությանը արժանի հարցեր; Սակայն պարոն Արաբյանի հայտարարարությանը ստիպված եմ արձագանքել: Քանի որ խոսք է գնացել հմտությունների վերաբերյալ, պետք է ասեմ, որ այդ կինը կատարում է այն, ինչն իրեն հանձնարարված է , ուստի եւ նրա գործողություններն ու հմտությունները արժանի չեն առանձին քննարկման: Ես արդեն հայտնել եմ այդ ենթադրությունը, որ պատրաստվում է ԵՊԼՀ-ի (Բրյուսովի) լուծարումը եւ շենքը վաճառքի հանվելու: Ես դեռ իմ ռեկտոր եղած ժամանակ ասել եմ, որ իմ փոխարեն կնշանակվի մի անձ, ով կդառնա համալսարանի գերեզմանափորը: Ինչպես տեսնում եք այս գործառույթի իրականացման համար կամեցողներ գտնվեցին:
Որպես խոսուն փաստ վերցնենք այս տարվա ընդունելությունը: Եթե նախանցյալ տարի մենք ընդունեցինք 1200 դիմորդից ավել (անցյալ տարի հանրապետությունում ընդունելություն իրականում չի կատարվել շրջանավարտների բացակայության պատճառով), այս տարի անգամ 700 ուսանող չկարողացան ընդունել: Եվ դա այն դեպքում, որ այս տարի ընդհանուր առմամբ 1,5 անգամ ավելի շատ դիմորդներ են եղել: Եթե գործընթացները նման ուղղությամբ պիտի զարգանան, ապա ուսանող չլինելու պատճառով տրամաբանական կլինի բուհը միացնել այլ բուհի եւ շենքը հանել վաճառքի: Սա ենթադրություն է, բայց ամեն ինչ հենց դրան է գնում: Եվ սա է այն հարցը, որ պիտի դառնա լուրջ քննարկման առարկա, այլ ոչ թե ով ումից է նեղացել: Ես ժամանակին ասել էի, թե պատրաստ եմ` մեկը ինձ փոխարինի, բայց չեմ ուզում, որ նա լինի բուհի գերեզմանափորը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արմեն Արաբյանին, նախկին ռեկտորն ասաց, որ նրա մասին տեղեկացել է ինտերնետից. «Ես նման արվեստագետ չգիտեի, ստիպված էի մտնել ինտերնետ, որպեսզի իմանայի, թե ով է, եւ որտեղից ունի նման տեղեկություններ լեզվաբանական համալսարանում կատարվածի վերաբերյալ: Պարզեցի, որ պարոն Արաբյանը ամբողջ կյանքի ընթացքում կա’մ վարիչ է եղել, կա’մ տնօրեն եւ կրթության ոլորտի հետ կապ չի ունեցել, ուղղակի զարմանալի են, որտեղից է տիրապետում նման տվյալների: Իմացա նաեւ, որ նա մշակույթի վաստակավոր գործիչ է: Մի կողմ թողնենք, թե ինչի հիման վրա վաստակավոր տնօրենը իրեն իրավունք է վերապահում գնահատել լեզվաբանական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունները: Սակայն ճիշտ կլինի, որ մշակույթի հարգարժան վաստակավոր գործիչը պարզաբաներ` ում վռնդեցին հմուտ կաշառակեր լինելու համար, ով էր այդ մարդը, եւ ինքը ինչ տվյալներ ունի, որ տիկին Գասպարյանին ազատեցին ոչ թե պրոֆեսիոնալ անպիտանելիության համար, (թեեւ դա ձեւակերպված չի եղել), «այլ որ կաշառք չէր վերցնում եւ կիսվում ռեկտորի հետ»:
Դա լուրջ մեղադրանք է` թե իմ հասցեին, որովհետեւ ռեկտորը այդ ժամանակ ես էի, թե այն «հմուտ կաշառակերի», որ եկել էր փոխարինելու տիկին Գասպարյանին : Եթե պարոն մշակույթի վաստակավոր գործիչն ունի տեղեկություններ, պարտավոր է անպայման հայտնել պատկան մարմիններին: Թե չէ ստացվում է` վաստակավոր տնօրենը իր հիմնական գործը թողած զբաղվում է ինչ-ինչ քննչական գործողություններով եւ ունի համապատասխան մարմիններին խիստ հետաքրքրող տեղեկություններ, որոնք պարտավոր է հրապարակել եւ գործին տալ օրենքներով նախատեսված ընթացք: Իր հայտարարությունից հետո կամերային երգչախմբի վաստակավոր տնօրենը այլընտրանքի առջեւ է. կա երկու քրեական հոդված` կամ սուտ մատնության, կամ իմանալու եւ չհայտնելու մասին: Ուստի նման դիմումներ պարոն Արաբյանը թող ուղարկի ոչ թե խմբագրություն, այլ քննչական վարչություն:
Ինչ վերաբերում է նրա բառապաշարին, այն հիանալի ձեւով պատկերացում է տալիս, թե ինչ վիճակում է այսօրվա մեր մշակույթը, հատկապես պաշտոնական եւ վաստակավոր մշակույթը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ