Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սիրիա

Սեպտեմբեր 03,2012 15:37

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Թռիչքների դադարեցման պատճառը, ըստ «Արմավիա»-ի, «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցած շաբաթ հնչեցված սպառնալիքներն են այն մասին, որ նրանք կոչնչացնեն Հալեպի եւ Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը, ինչպես նաեւ սիրիական կողմի հետ կապի բացակայությունն է:

Այս կերպ, առաջին հերթին ապահովվում է ուղեւորների անվտանգությունը, ասված է «Արմավիա»-ի տարածած հայտարարությունում:

Ազգային ավիափոխադրողը այս հարցով անցած շաբաթավերջին դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բարձրացված հարցը ուսումնասիրում են, ճշտում են դրա իսկությունը:

«Արմավիա»-ն Հալեպ – Երեւան – Հալեպ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում շաբաթական մեկ անգամ: Այս տարվա օգոստոսին, սակայն, ավիաընկերությունը չվերթների թիվը ավելացրեց եւս մեկով` հնարավորություն տալով սիրիահայերին տեղափոխվել Հայաստան:

Հայաստանում հանգստացող 140 սիրիահայ երեխաներ երեքշաբթի օրը պետք է վերադառնան Հալեպ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի ու վաղն արդեն թռիչքը կկայանա:

«Սիրիական ավիաուղիներ»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք, ըստ ամենայնի, չեն դադարեցնի թռիչքները, իսկ ավելի ստույգ պարզ կդառնա վաղը` իրեն հերթական թռիչքի օրը:

Նաիրա Բուլղադարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել