«Մենք մեր ուշադրությունը շեղել ենք՝ փորձելով ապացուցել՝ կառավարությունը իրոք փոխհատուցում է դա, թե ոչ: Խնդիրը դրանում չէ: Այս օրենքի դեպքում տուժելու են մեր քաղաքացիները»,- այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը մարդկանց բացատրում է, որ մեր քաղաքացիները չեն տուժի, քանի որ մենք այն, ինչ վերցնում էինք սոցապ հիմնադրամ, հիմա կվերցնենք եկամտահարկի անվան տակ, եւ ոչ ոք չի տուժի. «Կասեն՝ որ մեկն էլ տուժի, մեզ ասեք, հարկային մարմինները կգնան, դրանց հախից կգան, այդպես է, չէ՞: Նախ, դա այդպես չէ: Եթե դուք ինձ մոտ աշխատում եք, ձեր նկատմամբ չեմ փոխի ձեր աշխատավարձը, ապա հաջորդը, որ նոր պիտի գա խախտելու` ես անպայման կփոխեմ: Սա պարզ է: Եվ խելոք լինել պետք չէ, որպեսզի երկու նախարար նստեն, երկուսով տնտեսագիտական գիտելիքների անմակարդակ հայտարարություն անեն, վերջում էլ վեր կենան գնան: Խոսքը ֆինանսների նախարարի եւ սոցապնախարարի մասին է»:
Ավելի լավ բացատրելու համար, թե իրականում օրենքների այդ փոփոխությունը ում է պետք եւ ինչի համար, Հրանտ Բագրատյանը այսպես ներկայացրեց. «Պատկերացրեք՝ Սերժ Սարգսյանը այն կոմպյուտերի մոտ նստած է, ասում ենք իրեն` լավ, 6 ամիս հետո ընտրություններ են, ինչի՞դ էր պետք, դու ընդհանրապես մտածո՞ւմ ես, սովո՞ր ես մտածել, թե՞ ոչ: Թե՞ մի անգամ իշխանությունն ընկել է ձեռքդ, կարծում ես ինչ ուզենաս՝ կարող ես անել: Հավատացնում եմ` պատասխան չես ստանա: Իսկ երբ որ Տիգրան Սարգսյանը հետը նստած լինի, նա կասի պատասխանը: Կասի` ես իսկապես ուզում եմ 2013-2014-ին անցնել կուտակային ֆոնդին: Պետք է լինի պետական թոշակ, որը ես դարձնում եմ նպաստ: Մենք ասում ենք՝ Ձեր կուտակային ֆոնդը սխալ է: Զարգացման այս մակարդակում ձեր կուտակային սխեման չի աշխատի: Ես փողը դնում եմ 50 տոկոս, պետությունն էլ է դնում 50 տոկոս, սա չի աշխատի: Դուք ջնջում եք պետական կենսաթոշակային համակարգը, որը առանց այդ էլ հիմար վիճակում է, սա այնպիսի հարված է, որ դրանից հետո հետ գալը շատ դժվար է լինում: Ոչ թե քարը գլորում ես: Քարը գլորում ես՝ կարող ես հետ գլորել, բայց երբ արդեն անդունդի եզրը անցնում ես, էլ չի լինի հետ բերել: Ահա այսպիսի քայլ է ուզում անել Տիգրան Սարգսյանը՝ «на прощание», ինչքան ես եմ հասկանում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ բյուջեի նախանշված հավաքագրումն ինչպե՞ս են հասցնելու իշխանություններն անել, քանի որ ծանրացել է այս վերջին ամիսների վրա՝ նա պատասխանեց. «Տիգրան Սարգսյանին տեսնեք՝ կբարեւեք ու այդ հարցը կտաք»: Պարոն Բագրատյանի դիտարկմամբ` 2011-ի ֆինանսական ոլորտի աճի 70 տոկոսը ԱՊՊԱ-ն է. «Տիգրանն ասում է՝ մյուս տարին էլ կուտակայինն է լինելու, կտա աճ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ