Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. Սաֆարովի կատարած սպանությունը Թուրքիայի իրականացրած ցեղասպանության արտացոլումն է

Սեպտեմբեր 03,2012 15:27

Այսօր «Ելակետ» ակումբում «Տարածաշրջանում առկա խնդիրները. Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունը» թեմայով խոսեց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Վերլուծելով հայ սպային կացնահարած և ներում ստացած Սաֆարովի հետ կապված վերջին իրադարձությունները` բանախոսը նշեց, որ մարդասպանին Ադրբեջանին հանձնելու փաստը Հունգարիայի վարչապետի եւ Ալիեւի որոշումն էր. «Հատկանշական է, որ այդ որոշման կապակցությամբ հայտարարություններ չարեցին Հունգարիայի արտգործնախարարությունը եւ Պաշտպանության նախարարությունը: Հունգարիայի քայլն ամոթ էր ոչ միայն իր, այլեւ Եվրամիության համար: Հունգարիան, հանդիսանալով ԵՄ-ի անդամ-երկիր, հիասթափեցրեց աշխարհին` չկատարելով իր առջեւ դրված պարտավորությունները: Իրականությունից հեռու է Հունգարիայի կառավարության այն հայտարարությունը, թե ըստ իրենց իմացածի` Սաֆարովն Ադրբեջանում բանտ էր նստելու»:

Քաղաքագետը հավելեց, որ մարդասպանին Բաքու տեղափոխելու հարցն Ադրբեջանը վաղուց էր պլանավորել` ուղարկելով համապատասխան ինքնաթիռ. «Հունգարիան Սաֆարովին հանձնեց` Ադրբեջանից բնական գազ եւ ֆինանսական օգնություն ստանալու նպատակով»:

Անդրադառնալով Բաքվում կատարվածին` Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ անընդունելի էր նախագահ Ալիեւի կողմից Սաֆարովին ներում շնորհելը, հերոսացնելը եւ զինվորական կոչումը բարձրացնելը. «Փաստորեն, նա պատվի արժանացավ սպանության համար: Սպանությունը խրախուսելու հանգամանքը բնութագրում է նաեւ ադրբեջանական բանակը: Ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, կամ այլ երկրներին ճանաչել տա»:

Հայկական կողմի արձագանքների մասով քաղաքագետը համակարծիք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ կատարվածն ատելության հանցանք է. «Ինչ վերաբերում է ՀՀ Արտգործնախարարությանը, այն պատրաստված չէր, մինչդեռ պետք է կանխատեսեր դեպքերի նման ընթացքը: Իսկ Պաշտպանության նախարարության ռեակցիան տեղին էր եւ ժամանակին: Հայաստանը ստատեգիական պլանավորման խնդիրներ ունի, բայց բացթողումը կարելի է վերափոխել հաղթանակի»:

Հիշատակելով փաստի առթիվ ԱՄՆ Անվտանգության խորհրդի եւ Սպիտակ Տան հայտարարությունները, Ռիչարդ Կիրակոսյանը դրանք որակեց որպես արագ եւ ուժեղ ձեւակերպումներ. «Դրանք փաստում են Օբամայի անհանգստության մասին, մինչդեռ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի կարեւորում միջազգային հանրության կարծիքը: Ինչ վերաբերում է Մոսկվայի լռությանը, այն կասկածի տակ է դնում ռուս-հայկական ստրատեգիական հարաբերությունների իսկությունը: Իսկ Թուրքիայի լռությունը խոսում է այն մասին, որ վերջինիս հետաքրքրություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն. Ադրբեջանն ինքն է ղեկավարում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, սակայն դավադրությունը Թուրքիայի ծրագրավորածը չէր»:

Կիրակոսյանի խոսքով, եթե միջազգային հանրությունը կատարվածի առթիվ ուժեղ արձագանք չդրսեւորի, Հայաստանը պետք է վերանայի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունները. «Սեպտեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան: ՀՀ նախագահը պետք է կրկին նշի, որ հայ սպայի սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում, հետեւաբար, ՆԱՏՕ-ն չի կարողացել ապահովել անձի անվտանգությունը: Հետեւաբար, կառույցից սպասում ենք համապատասխան քննադատություն` Ադրբեջանի անփույթ քայլերի հանդեպ»:

Քաղաքագետը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսումը. «Ադրբեջանը կգնա այդ քայլին` միաժամանակ գիտակցելով, որ պարտվելու է»:

Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ ասաց, որ Սաֆարովի կատարած սպանությունը Թուրքիայի իրականացրած ցեղասպանության արտացոլումն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930