Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում պայքարել «ստահակների» դեմ

Սեպտեմբեր 03,2012 15:19

«Այլ պետությունները մի գրիչի ստորագրությամբ են ամեն ինչը ստացել, մենք, ցավոք, միշտ էլ պայքարել ենք եւ պետք է պայքարենք: Այսօր էլ պիտի պայքարենք՝ հանուն մեր հասարակության, հանուն այսօրվա իրողության, հանուն արդարության, հանուն նրա, որ այլեւս որեւիցէ տեղ, որեւիցէ ստահակ չկարողանա ձեռք բարձրացնել մեր ազգի ներկայացուցչի վրա»,- այսօր «Ազդակ» ակումբում խոսելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ այդ իրադարձության շուրջ տեղի ունեցած հետագա զարգացումների մասին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա չբացառեց, որ «այդ խաղաքարտը» Հայաստանն օգտագործի ԼՂՀ բանակցային հետագա գործընթացում. «Եթե Ադրբեջանը նմանատիպ քայլի է դիմում, ուրեմն էլ ի՞նչ բանակցության մասին է խոսքը: Բանակցության կողմերը, Մինսկի համանախագահները պետք է կարողանան լուրջ հետեւություններ անել: Այո, անհրաժեշտ է վերանայել բանակցային ֆորմատը եւ, կարծում եմ, կվերանայվի: Այնտեղ, որտեղ կա Ադրբեջան եւ Հունգարիա, մենք որեւէ անելիք չունենք»:

Aravot. am-ի հարցին՝ այս օրերի ընթացքում մեղադրեցինք բոլորին, բացի մեզնից՝ ինչո՞ւ հայկական կողմը տեղյակ չէր այդ գործընթացին, այն դեպքում, երբ Ադրբեջանն էքստրադիցիայի մասին խոսում էր դեռ դատավարության ընթացքում, եւ ի վերջո, նման բաները մեկ ժամում եւ օրում չեն լինում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հունգարական կողմը միշտ հավաստիացրել է, որ նման բան լինել չի կարող, բայց, ցավոք, օգոստոսի 31-ին այդ ստոր քայլին գնացին»: Հետաքրքրվեցինք՝ ԱԳՆ-ի պատկան պաշտոնյաներին գոնե նկատողություննե՞ր չեն լինի: «Եթե Հունգարական կողմից անընդհատ եղել են հավաստիացումներ, որ նման բան չի լինի, ի՞նչ կարող էին անել ԱԳՆ-ի պաշտոնյաները՝ գնալ ձեռքները բռնե՞լ, թե թույլ չտային որոշում կայացնել: Ուրիշ բան, եթե դիմած եւ հետաքրքրված չլինեին»: Aravot.am-ի դիտարկմանը՝ ամեն անգամ, երբ նման իրավիճակների առջեւ ենք կանգնում, փորձում ենք արդարացումներ գտնել, բայց սա հերթական ապացույցն էր հայկական դիվանագիտության պարտության, Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Դա արդեն ձեր կարծիքն է, իմը ես ասացի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930