Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան Սաֆարովի վերաբերյալ

Սեպտեմբեր 03,2012 15:17

Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը սեպտեմբերի 3-ին հանդիպեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ:

ԱԺ պատգամավորները բարձր գնահատեցին  եվրոպական ժողովրդավարական, քրիստոնեական  արժեքների տարածման ու ամրապնդման գործում հիմնադրամի  կատարած մեծ աշխատանքն ու առաքելությունը:

Միաժամանակ նրանք ափսոսանք հայտնեցին, որ այս հանդիպումը համընկավ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած  Ռամիլ Սաֆարովին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու  եւ ապա  հայրենի իշխանությունների կողմից մարդասպանին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձության հետ, ինչը հակասում է  միջազգային ու եվրոպական իրավական ու բարոյական նորմերին: Հունգարիայի կատարած այդ արարքը իրավացիորեն հայ ժողովրդի ու եվրոպական հանրության վրդովմունքի պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի անօրինական քայլը կրկին  հաստատել նրա ֆաշիստական նկրտումները:   ԱԺ պատգամավորները արձանագրեցին, որ իբրեւ պահպանողական կուսակցության անդամներ, իրենք ակնկալում են միջազգային առաջադեմ կազմակերպությունների արդարացի գնահատականը կատարված փաստի վերաբերյալ:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանը կատարված փաստը մտահոգիչ համարեց իրենց համար եւս, քանի որ այն խոչընդոտում է նաեւ իրենց առաքելությանը: Նա հավաստիացրեց, որ այսօր-վաղը ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան կատարված փաստի վերաբերյալ, քանզի Եվրամիությունը պատասխանատու է իր անդամ երկրի վարած քաղաքականության համար: Տիկին Աթիլգանը Ադրբեջանի պահվածքը գնահատեց խիստ պրոբլեմատիկ եւ հավաստիացրեց, որ ինքը հասկանում ու կիսում է հայ ժողովրդի մտահոգությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեց սեպտեմբերի 22-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) նախաձեռնությամբ Վրաստանում տեղի ունենալիք համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցության հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավորները նշեցին, որ իրենք միշտ էլ ակտիվորեն են մասնակցել տարածաշրջանային ու միջազգային ծրագրերին, բայց կատարված վրդովեցուցիչ իրադարձությունները փոփոխություն են մտցրել տարածաշրջանային իրավիճակի մեջ ու հանգեցրել անվստահության ու անվտանգության պակասին: Ինչ վերաբերում է առաջիկայում այդ համաժողովին մասնակցելու առաջարկին, կուսակցությունը շուտով կքննարկի հարցը եւ կտա պաշտոնական պատասխան:

Տիկին Աթիլգանը տեղեկացրեց նաեւ, որ հիմնադրամը ցանկանում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Բյորնզեն Վոլֆգանգի գրքի հայերեն թարգմանության ու հրատարակության ծրագիր իրականացնել ՀՀ Ազգային ժողովի հետ:

ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովի եւ իրենց կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հիմնադրամի բոլոր տեղական ծրագրերին, իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային միջոցառումներին, իրենք ձեռնպահ կմնան, քանի դեռ ԵՄ-ը եւ միջազգային հեղինակավոր կառույցներն արդարացի գնահատական չեն տվել հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող անօրինական փաստի վերաբերյալ:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930