Դավիթ Ծաղիկյանը սեպտեմբերի 1-ին գնացել է դպրոց՝ որդու` Լեւ Եսոյանի դպրոցական առաջին քայլերին ներկա գտնվելու, սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը, երեխայի մորական կողմի պապիկը եւ տատիկը, որ Դավիթի որդուն որդեգրել են եւ կտրականապես արգելում են երեխային հոր հետ շփվել ՝ աղմուկ են բարձրացրել: Դավիթ Ծաղիկյանի պատմելով. «Երեխաս հուզվեց, լաց եղավ, շարքից հանեցին ու իր առաջին սեպտեմբերի 1-ը նա դպրոց չգնաց այդպես էլ»:
Օրերս ՀՀ նախագահի նստավայրի առաջ անժամկետ հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանը որոշել է կտրուկ քայլերի դիմել, քանի որ, ըստ նրա, երեխային վերադարձնելու իր 4 տարիների պայքարը, օրինական ճանապարհով, որեւէ արդյունք չի տալիս: Հայրության ճանաչման թեստավորումը փորձաքննող մարմնի կողմից, Դավիթի խոսքերով, կեղծելու համար գլխավոր դատախազից, ոստիկանությունից, ՀՀ նախագահից բացի, դիմել է անգամ ԱԱԾ, սակայն իրավապահ մարմինները ուղղակի ընթացք չեն տալիս. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ ոք ինձանից արյուն չի վերցրել, բայց դատարան է եկել փորձաքննության մի արդյունք, թե իմ երեխան ինձանից չէ սերված: Կատարվել է հանցագործություն, բայց չեն ցանկանում այս գործը բացահայտել: Ես հայտարարություն եմ անում հանցագործության մասին, բայց իրավապահները ընթացք չեն տալիս: Երեխայիս պապիկը, ոստիկանության գնդապետ լինելով, կարողանում է այնպես անել, որ հանցագործությունը կոծկվի: Ես այլ ելք չեմ գտնում, ՀՀ նախագահին իմ ձայնը հասցնելու համար որոշել եմ պառկել նախագահի շարասյան առաջ»:
Դավիթ Ծաղիկյանի զրույցի մանրամասները`տեսանյութում.
Դավիթը պատմում է, որ իր միջոցներով պատրաստ է փորձաքննություն անցկացնել արտերկրի կլինիկաների մասնագետների մոտ, սակայն նման թույլտվություն չի կարողանում ստանալ. «Մեզ մոտ կեղծում են փորձաքննության արդյունքները եւ կրկնակի փորձաքննություն են նշանակում հենց նույն անձի մոտ` պատճառաբանելով, որ Հայաստանում ուրիշ փորձագետ չկա: Բայց մեր երկրում հայրության ճանաչման թեստավորում առհասարակ չկա: Նրանք այդ ինչպես, առանց ինձանից որեւէ փորձանմուշ վերցնելու որոշեցին, որ ես Լեւի հայրը չեմ, ինձ համար այդպես էլ անհայտ է մնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ