Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2012» ծրագրի 8-րդ փուլի հրաժեշտի խարույկի և փակման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Արի տուն-2012» ծրագրի 8-րդ փուլը Ռուսաստանի Դաշնության, Էստոնիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի և հայաստանյան հյուրընկալող ընտանիքների 80-ից ավել պատանիների և աղջիկների: Նրանք 9 օր ապրել էին հյուրընկալ հայ ընտանիքներում, ճամփորդել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթացել հայկական կենցաղին ու ավանդույթներին: Իսկ վերջին 4 օրն անցկացրել էին միասին` Աղավնաձորի ճամբարում: Ընտանիքներից յուրաքանչյուրը երեխաներին որևէ հետաքրքիր բան էր սովորեցրել` հայկական երգ ու պար, ասմունք, որոնք ներկայացվեցին հանդիսավոր արարողության ժամանակ: Հրաժեշտի խարույկի շուրջ ճամբարականները երգեցին և պարեցին եգիպտահայ երգիչ Ռուբեն Նակիբ Սաատի, Անահիտ Սահակյանի, «Հայկազունք» անսամբլի կատարողների հետ միասին:
Նախարար Հ. Հակոբյանը ողջունեց արիտունցիների` ՀՀ սփյուռքի նախարարության կանչը լսելու և տուն գալու նախաձեռնողականությունը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ ծրագրի մասնակիցներն այդ օրերի ընթացքում կարողացել են ճանաչել Հայրենիքը, զգալ նրա սերն ու հոգատարությունը: Տիկին Հակոբյանը վստահեցրեց, որ երեխաները բնակության երկիր տանելու են միայն վառ ու ջերմ հիշողություններ և, որ հայաստանյան տպավորությունները, ստացած գիտելիքներն ու ձեռք բերած ընկերությունը միշտ մղելու են կրկին վերադառնալ Հայաստան:
ՀՀ սփյուռքի նախարարություն