Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի նկատմամբ ինտերպոլով հետախուզո՞ւմ հայտարարվի, թե՞ ԼՂՀ բանակցությունները դադարեցնենք

Սեպտեմբեր 03,2012 14:14

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ պատերազմը շարունակվում է, ամեն ինչի պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր իրադարձությունների զարգացման. «100 տոկոսով չեմ կարծում, որ մտածված չի այս տարբերակը, բայց եթե սա իսկապես անակնկալ է, ուրեմն սա մանկապարտեզ է, մենք էլ մանկապարտեզի հաճախորդներ ենք հանդես գալիս»:

Հարցին՝ հասարակական արձագանքը բնակա՞ն էր՝ Ռուբեն Բաբայանի հետ բանավիճող գրականագետ Վարդան Դեւրիկյանը պատասխանեց. «Եթե ասեմ դա անհաջողություն չէր՝ սուտ կլինի, բայց պարտությունները լինում են երկու տեսակի՝ ամոթալի եւ պարտություններ, որոնք համախմբում են: Սա այն դեպքն է, որը կարող է մեզ օգուտներ տալ, նկատի չունեմ, որ միջազգային հանրությունը մեզ կարող է դիվիդենտներ տալ: Ամեն դեպքում կացնով սպանածին ինչպե՞ս կարող են ազգային հերոս ընդունել: Մեզ համար դա քստմնելի բան կլինի, ես չեմ կարող անգամ նրա ձեռքը սեղմել: Սա ազգային մտածողության ձեւն է: Մենք համոզվեցինք, որ մեր պատկերացրածից ավելի վատն էր Ադրբեջանը: Լավագույնը, որ մենք կարող ենք անել՝ Ինտերպոլով հետախուզում հայտարարվի, որ նա չկարողանա գոնե Ադրբեջանից դուրս գա: Մենք պետք է կատարենք տարբեր ակցիաներ: Հունգարիան ինչո՞ւ հանձնեց՝ տնտեսական քայլերն էին, ինչպես պարզվեց: Մենք նման տնտեսական քայլեր չենք կարող անել, բայց ակցիաներ կարող ենք անել: Տուրիստական կազմակերպությունները, հայ զբոսաշրջիկները պետք է ասեն, որ հրաժարվում ենք Հունգարիա գնալ, հայ գործարարը պետք է դադարեցնի իր հարաբերությունները այդ երկրի հետ»:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ պետք չի ավելացնել թշնամիների բանակը, առավել եւս, որ դա եղել է զուտ տնտեսական գործարք. «Հունգարիայի իշխանություններն ասում են՝ հանուն իմ ազգի կարող եմ սատանայի հետ գործարք կնքել: Հունգարիայի դեմարշը տրամաբանության մեջ տեղավորվում է: Բայց կարծում եմ, այն քայլերը, որ արել է Ադրբեջանը, լրիվ ձեռնտու է Հայաստանին: Այսօր իմացա, որ Հունգարիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է գրավոր նամակը, որը ուղարկել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը, որ Սաֆարովը կնստի բանտում առնվազն 25 տարի: Սա հոյակապ օրինակ է, որ այդ երկրի հետ որեւէ պայմանագիր չի կարելի կնքել: Մեր բախտը բերել է, որ այդ երկրի գլխին Իլհամ Ալիեւն է, ոչ թե իր հայրը: Մենք կարող ենք ամեն տեղ ասել, որ չենք կարող երաշխավորել մեր երկրի բնակչության անվտանգությունն այդ երկրում, երբ հային սպանելը դարձել է պետական քաղաքականություն: Նեղացածի կեցվածքը քաղաքականության մեջ պարտվողի կեցվածք է: Այնտեղ կա փող, այնտեղ կա նավթ, բազմաթիվ դաշնակիցներ: Մենք ունենք մի զենք՝ արդարությունն է եւ հասարակությունն է, իսկ հասարակությունը ունի ազդեցություն: Մենք պահանջում ենք, որ մեր Դատը ընդունվի: Բայց հիշո՞ւմ եք մի դեպք, որ մենք կանգնած լինենք ուրիշի արդար դատի կողքին՝ ոչ: Եթե մեր իշխանությունները իմացել են նման գործարքի մասին, կարծում եմ՝ ճիշտ են արել, որ չեն կանխել: Հայաստանը ստացել է խաղաքարտ: Մենք վերջապես ստացանք հնարավորություն ՝ ապացուցելու, որ մենք նույն հարթության վրա չենք»:

Ռուբեն Բաբայանը կտրականապես դեմ է, որ Ինտերպոլով հետախուզում հայտարարվի՝ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ. «Պետք է հետեւել, որ Սաֆարովը մի գեղեցիկ օր հայտնվի Հայաստանում, ոչ թե սպանենք, այլ բերենք խոսացնենք: Չի կարելի խաղաքարտերից հրաժարվել: Կմնանք մենակ, չենք շահագրգռում ոչ մեկին մեզնով: Լավ, Սաֆարովին չտային՝ ավելի լավ կլինե՞ր մեզ համար»: Ռուբեն Բաբայանը դեմ է նաեւ Հրանտ Բագրատյանի առաջարկած խնդրի լուծմանը՝ ԼՂՀ հարցի բանակցություները դադարեցնելուն: Նրա դիտարկմամբ՝ բանակցությունները դադարեցնել պետք չի, պետք է բանակցությունների գնալ զենքով:

Վարդան Դեւրիկյանի կարծիքով՝ մենք նեղացած կեցվածք չունենք, դա արժանապատիվ երկրի կեցվածք է. «Ադրբեջանի միջազգային վարկը սրանից չի տուժելու, պետք չէ պատրանքներ ունենալ»: Ռուբեն Բաբայանը այս հարցում էլ չհամաձայնեց պարոն Դեւրիկյանի հետ: Ըստ նրա, Ադրբեջանի վարկը միանշանակ ընկել է. «Ադրբեջանն այս քայլով հաստատեց Հայաստանի մեղադրանքները: Սրանից էլ պետք է օգտվենք՝ այդ պրեզիդենտը բավականին ամբիցիոզ է, իմաստուն չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930