Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգեր. Ադրբեջանական կայքերում Հայաստանը կա’մ գոյություն չունի, կա’մ էլ դա Արեւմտյան Ադրբեջանն է

Սեպտեմբեր 03,2012 14:05

«Այսօր ՀՀ եւ ԼՂԻՄ միասնական քարտեզի օրն է, կիսատ քարտեզներ տեղադրելով, մենք նվաստացնում ենք մեր հաղթանակները»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Բլոգերի ներկայացմամբ, սխալ քարտեզների կիրառումը մի շարք խնդիրներ է առաջացնում, օրինակ, զբոսաշրջության զարգացման հետ կապված: Ինչ-որ մեկն ուզում է այցելել Արցախ, բայց, տեսնելով սխալ քարտեզ, ուղղակի վախենում է, մտածելով, որ օրինակ Բերձորի տարածքը գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո. «Ամենակարեւորը վիզուալիզացիայի հարցն է, մենք այսօր գտնվում ենք եթե ոչ սառը պատերազմային վիճակում, ապա գոնե մոտ ենք այդ ամենին: Այստեղ խնդիր է առաջանում այն բանում, որ երբ մենք գնանք Արցախում կռվելու եւ մեր տարածքները պաշտպանելու՝ նախքան դա մեր աչքը պետք է տեսնի, սովորի, թե հանուն ինչի ենք պայքարում: Մարդը հոգեբանորեն ճնշվում է դրանից, մտածում է, հա, լավ էլի, մեկ է` իմ տարածքը չի, ինչի՞ համար եմ կռվում»:

Տ.Քոչարյանը պատմեց, որ երբ սկսել են այս ակցիան, շատ դժվար էր մարդկանց համոզել, որ սա կարեւոր է, նույնիսկ որոշ հեռուստաընկերություններ վեճի մեջ էին մտնում իրենց հետ: Ըստ նրա, առաջինը ճիշտ քարտեզ սկսեց օգտագործել ԱԼՄ-ն: Արդեն 3 ամիս հեռուստաընկերությունում քարտեզի մնալուց հետո՝ մյուսներն էլ համոզվեցին, որ իրենցից ոչ ոք չպահանջեց, որ քարտեզը հանեն, որ դա սովորական քարտեզ է եւ աստիճանաբար սկսեցին եղանակի տեսությամբ էլ ճիշտ քարտեզներ դնել:

Բլոգերը կարեւորեց նաեւ որոնողական համակարգերում միացյալ քարտեզների գտնվելու փաստը. «Թե’ արտասահմանցիները, թե’ քաղաքագետները եթե անընդհատ տեսնեն էդ պատկերը, ապա նրանց ուղեղում էլ կտպվի ճիշտ քարտեզը: Տեղեկատվական պատերազմ որ ասում են, սա էլ այդ պատերազմի օրինակ է»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետի խոսքերով, դիվանագիտական նկատառումներով որոշ պետական հիմնարկներում չեն օգտագործում միացյալ քարտեզ, բայց ոչ ոք մեզ չի կարող պարտադրել, որ Հայաստանի ներսում այդ քարտեզները չկիրառվեն. «Ադրբեջանական կայքերում Հայաստանը կա’մ գոյություն չունի, կա’մ էլ դա Արեւմտյան Ադրբեջանն է: Եվ որեւէ միջազգային կառույց չի ասում Ադրբեջանին, որ դա փոխի: Պետք չի անընդհատ նայել միջազգային հանրությունն ինչ կասի, միջազգային հանրությունը ժամանակին էլ պահանջում էր ազատագրված տարածքներից զորքերը դուրս բերել: Ճիշտ է, մենք նավթ չունենք, բայց կարող ենք Ադրբեջանի նավթին հակադրել մեր միասնությունը, հզոր բանակը եւ «թասիբ»-ը, մենք դրանց հաշվին ենք գոյատեւում»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930