Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարացի. «Հունգարիայում գործարքի գնալով՝ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին»

Սեպտեմբեր 03,2012 13:26

Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ գործարք Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարության միջեւ իսկապես եղել է. «Ադրբեջանը խաբել է Հունգարիայի կառավարությանը: Հունգարիան տնտեսական ճգնաժամի մեջ է, այն վերջին 20 տարիների ամենամեծ ճգնաժամն է: Ադրբեջանն առաջարկել է 3 մլրդ դոլարով մեղմել այդ ճգնաժամը»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ պարտատոմսեր է գնել Հունգարիայից, հունգարացին հաստատեց՝ ասելով, որ գործարքը եղել է, բայց դեռ գումարը չի փոխանցվել. «Ադրբեջանի արդարադատության նախարարությունը գրավոր երաշխիք է տվել Հունգարիայի կառավարությանը, որ Սաֆարովը առնվազն 25 տարի պատիժ կրելու է, եւ Ադրբեջանից Հունգարիայի կառավարությունն ընդունել է այդ գումարը՝ միայն գրավոր երաշխիք ստանալուց հետո»:

Նա ասաց, որ բողոքի ակցիաներ են անցկացնելու. «Ես հիմա Հունգարիայի ժողովրդի անունից եմ խոսում, ուզում եմ հասկացնել հայ ժողովրդին, որ ամբողջ հունգար ժողովուրդը Հայաստանի կողքին է այս պահին, ցավակցում է հայերի հետ: Հունգար ժողովուրդը կառավարությունից այդ ամն ինչը պահանջում է, այս է իմ ասելիքը»:

Հարցին՝ ի՞նչ կարող է անել հիմա Հունգարիան՝ Սաֆարովն արդեն Ադրբեջանում է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ կարող է անել: Կարեւորը, իմ կարծիքով, այն է, որ հունգար ժողովուրդը արդեն ցույց է տվել ինքը ում կողքին է, հիմա պետք է կառավարությունը ցույց տա: Հունգարիայի կառավարության ուզածի հակառակն էր, որ Սաֆարովը ազատ արձակվեր»:

Հայագետը ասաց, որ իր համար անսպասելի ու անակնկալ չէր, որ Հայաստանը կարող էր կասեցնել այսքանից հետո դիվանագիտական հարաբերությունները. «Ինչքան էլ վերլուծաբանների կողմից հակասական կարծիքներ կան, Հայաստանի այդ քայլը ճիշտ էր, թե սխալ էր, ինձ համար դա տրամաբանական քայլ էր»:

Բենեդեկ Ժիգմոնդը վստահեցնում էր, որ Հունգարիան արդար դատավճիռ է կայացրել, 8 տարի Ռամիլ Սաֆարովը նստել է:

Ուշագրավ էր հատկապես հունգարացու պատասխանը այն հարցին, թե Հունգարիան այդքան վատ վիճակո՞ւմ էր, որ մնացել էր Ադրբեջանի փողերի հույսին՝ մարդասպանին ազատ արձակելու գնով. «Ադրբեջանն էր մնացել, նաեւ մի ուրիշ լուծում, որ այդքան էլ լավ չէր: Չնայած, որ Հունգարիայի կառավարությունը դրդված էր այդ քայլը անել, բայց սխալ է արել, որ այդպիսի որոշում է կայացրել: Կարեւորը այն է, թե ինչ կա հունգար եւ հայ ժողովուրդների, ոչ թե կառավարությունների միջեւ»: Ճշտող հարցին՝ Հունգարիայի իշխանությունը լեգիտիմ չէ՞, որ անհամաձայնություն կա ժողովրդի տեսակետի ու կառավարության միջեւ՝ հունգարացին այսպես պատասխանեց. «Լեգիտիմ է: Հունգարիան 2002-ից մինչեւ 2010-ը ունեցել է մի հատ այնպիսի կառավարություն, որ լիովին թալանել է ամբողջ Հունգարիան ու հասցրել հիմիկվա ճգնաժամին: Հունգարիայում էլ կան լեւոնականներ եւ սերժականներ, սերժականները ընտրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ ուրիշ ընտրանք չկա, բոլորը միանշանակ կողմ էին, որ Լեւոնն ընտրվի, որովհետեւ այնպիսի մեծ ճգնաժամ է եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «լեւոնականները» որոշեցին հանուն գործարքի դեմ գնալ ժողովրդին ու մարդասպանին հանձնել Ադրբեջանի՞ն, նա ի պատասխան՝ միայն նշեց, որ ամբողջ հունգար ժողովուրդը, Հունգարիան հայամետ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930