Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, Գյումրիում քարոզարշավը բավականին պասիվ է: Պասիվությունը նա բացատրում է նրանով, որ գյումրեցիների համար արդեն պարզ է, որ Բալասանյան Սամվելը հաղթելու է, ուստի մարդիկ իրենց ձայնը վճռորոշ չեն համարում:
Փոխարենը, պարոն Ավետիսյանի կարծիքով, բավականին ակտիվ է Գյումրու ավագանու համար մղվող պայքարը: Նա դա նաեւ դրական է համարում:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեղեկությունները, որ, ի հեճուկս կուսակցական որոշման, Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար ինքը սատարում է այլ թեկնածուի, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Այդ լուրը ես պատահական տեսա: Ես դա համարում եմ բարոյազուրկ մարդու հիվանդ երեւակայության արգասիքը»: Քանի որ պարզ չէ, թե նման տեղեկատվության հեղինակն ով է, պարոն Ավետիսյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններից: Նա համոզված է, որ Գյումրիում Սամվել Բալասանյանը ֆավորիտ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ