Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ հանձնեց Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում:
Բոլորին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ ուսանողներն ընտրվել են բացառապես ուսման առաջադիմության չափանիշով՝ բուհերից ստացված ցուցակների համապատասխան:
« Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունեն կրթությունն ու գիտությունը: Ուստի առաջնային նպատակներից մեկն է ներարկումներ կատարել այս բնագավառներում՝ որպես հիմնական ներդրում մեր երկրի ապագայում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը: Խնայեցինք այսօր կրթության կամ գիտության ոլորտների հաշվին, ապագայում հարյուրապատիկն ու հազարապատիկը կկորցնենք: Կկորցնենք այդ ներուժը, որը ժամանակի հետ ինքնադրսևորման հնարավորություններ կփնտրի հայրենիքի սահմաններից դուրս: Այնինչ, մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող»,-նշեց Ա. Ճաղարյանը:
Միջոցառմանը ներկա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհակալություն հայտնեց Սամվել և Կարեն Կարապետյաններին՝ պարբերաբար իրականացվող նման գեղեցիկ նախաձեռնությունների համար: Քաղաքապետը մեծապես կարևորեց երիտասարդների դերը մեր երկրի, մեր պետության կայացման գործում՝ կոչ անելով նրանց՝ առավել բարձր առաջադիմությամբ սովորել:
Կարապետյանների ընտանիքի նման բարեգործությունների մասին ջերմ խոսքեր ասացին նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, բազմաթիվ ուսանողներ և ծնողներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն