Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը սխալվել է իր հաշվարկներում` ուշադրություն չդարձնելով իր պահվածքի տրամաբանությանը

Սեպտեմբեր 02,2012 18:02

Վերջին նախագահական ընտրություններից անցել է արդեն ավելի քան 40 օր: Բայց իշխանությունների կողմից հրապարակված ընտրությունների արդյունքները  շարունակվում են մնալ ղարաբաղյան հասարակության ամենաթեժ թեման: Քվեարկելու իրավունք ունեցող բնակչության ճնշող մեծամասնությունը տարակուսանքի մեջ է. «Այդ ինչպե՞ս է պատահել, որ մենք քվեարկել ենք Վիտալի Բալասանյանի օգտին, բայց արդյունքում «հաղթել է» գործող նախագահը:

(Բոլորը հիշում են Շուշիում քվեների հաշվարկի` ԼՂՀ հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումը, երբ, հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները բացելուց մեծամասամբ հնչեցնում էին Վիտալի Բալասանյանի անունը: Եւ հանկարծ ուղիղ եթերը խափանվում է: Իսկ արդյունքում Շուշիում «հաղթում է» գործող նախագահը): Այդ հռետորական հարցը կարելի է լսել Բակո Սահակյանի պաշտոնավարման օրոք վերափոխված ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի յուրաքանչյուր անկյունում: (Ի դեպ, վերափոխված ի հաշիվ  իր եւ վարչապետի մտերիմ շրջապատի աստղաբաշխական հարստացման):

Ընդ որում, այդ հարցը հնչեցնում են ինչպես Բակո Սահակյանի պաշտոնավարման ընթացքում ոչ միայն ոգեպես, նաեւ ֆիզիկապես եւ սոցիալապես աղքատացած ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը, այլ նաեւ նորահայտ էլիտայի ներկայացուցիչները, ովքեր իրենց կարգավիճակով պարտավոր են բացառապես իրենց տիրոջը, սակայն, ովքեր, ի զարմանս նախագահի, դեռ չեն կորցրել արդարության եւ հայրենասիրության զգացումը:

Ընտրությունների համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունը հիմնականում հաղթում է մայրաքաղաքում: Այս նախագահական ընտրությունների պարագայում ղարաբաղյան ընդդիմությունը, որը տոտալ աջակցություն է ունեցել Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում, արդյունքում պարտվել է ընտրությունները այդ քաղաքներում, փոխարենը համոզիչ հաղթանակ է տարել Մարտակերտ, Մարտունի, Ասկերան քաղաքներում եւ այլ խոշոր բնակավայրերում: Իշխանությունը սխալվել է իր հաշվարկներում` ուշադրություն չդարձնելով իր պահվածքի տրամաբանությանը:

Ֆորմալ առումով հաստատելով ընդդիմության հաղթանակը այդ քաղաքներում, անուղղակի կերպով այն խոստովանել է նաեւ ընդդիմության հասարակական հաղթանակը: Իշխանությունն այնքան տարված է եղել մանիպուլյացիաներով, որ արդյունքում նույնիսկ չի էլ մտորել Բակո Սահակյանի հաղթանակն ազդարարող պաշտոնական թվի` 66.6 տոկոսի շուրջ: Չարաբաստիկ մի թիվ, կազմված երեք 6-երից, որը հատուկ կատակների թեմա է դարձել Ղարաբաղում: Մինչդեռ մինչեւ ընտրությունները նախագահն ու նրա թիմը ինքնավսահ կանխատեսում էին, թե կհաղթեն առնվազն 90 տոկոս քվեներով….

Դեռ նախագահական քարոզարշավի մեկնարկին ես մի հոդված հրապարակեցի, («Ժողովրդավարությունը տարընթերցումներ չի սիրում» վերնագրով), որը, ըստ էության, դարձել էր ղարաբաղյան նախագահական քարոզարշավի բեսթսելլերը եւ ղարաբաղցի ընտրողների տրամադրության փոփոխության նախաձեռնողը: Հոդվածում ես կանխատեսել էի ներկայիս հետընտրական իրավիճակը, երբ իշխանությունները կնկարեն ընտրությունների արդյունքները, կյուրացնեն իշխանությունը, բայց չեն կարողանա նորմալ ձեւով կառավարել երկիրը, քանի որ բացառապես վարչական եւ ռեպրեսիվ ռեսուրսների շնորհիվ պաշտոնը զբաղեցրած, բայց իրականում պարտված մարդու բարդույթը կբերի հասարակության տոտալ ապահումանիզացմանն ու դեգրադացմանը, ինչպես նաեւ վստահության կորստին:

Դրա հետ մեկտեղ, իշխանությունները փորձում են ռեպրեսիաների միջոցով ամրապնդել սեփական դիրքերը, որպեսզի վախի հաստատման միջոցով հետ բերեն «հարգանք»-ն ու ժողովրդի համակարանքը: (Արդեն սկսվել է վհուկների որսը, եւ քաղաքական ռեպրեսիաների առաջին փորձնական «վհուկը» դարձել է հայտնի հասարակական գործիչ, հրապարակախոս, նախագահի ընդդիմադիր թեկնածուի օգնական Հայկ Խանումյանը, ում հանդեպ, նախագահի կարգադրությամբ քրեական գործ են «թխում»: Նախագահն ու նրա կեղծ հայրենասեր-խորհրդատուները հույս ունեն, թե ռեպրեսիաների միջոցով նրանք  կարող են կոտրել արցախցիների ընդդիմադիր ոգին..)

Իշխանություն ունեցող մարդիկ զրկված են արտասահմանում երկրի վարկի համար պատասխանատվության զգացումից, նրանց չի մտահոգում եւ այն, որ երկիրն հերթական անգամ կդասվի անազատ երկրների շարքին, եւ այն, որ նրան մոտ չեն թողնի բանակցային սեղանին, որտեղ որոշվում է չճանաչված երկրի ճակատագիրը: Իշխանությունը մտահոգված է միայն իր գոյության երկարաձգմամբ, եւ բյուջեի ու մարդասիրական ներդրումների թալանի հերթական սխեմաների մշակմամբ: Նրանց չի մտահոգում ոչ այն, որ մինչ ժողովուրդն անտեղակ է, բյուջեն դատարկվել է նախագահի եւ վարչապետի ավանտյուրիստական եւ տգետ քաղաքականության պատճառով, որը երկիրը վարկային ասեղի վրա է դրել, եւ այն, որ ազատ ղարաբաղցիների ապագա սերունդները պետք է վճարեն` 2007–ից սկսած երկրի ղեկավարության ապաշնորհ եւ ագահ կառավարման համար:

Իսկ մինչ այդ Ղարաբաղում ողջ թափով ընթանում են ճոռոմ երդմնակալության նախապատրաստական աշխատանքները` հերթական անգամ չմտածված վատնելով բյուջետային միջոցները: Իսկ ավելի ճիշտ` մտածված: Այս ճոռոմ երդմնակալության ճարտարապետներին թվում է, թե դա լեգիտիմություն կբերի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ողջ պատմության ընթացքում ժողովրդի շրջանում ամենաոչպոպուլյար իշխանություններին: Նախագահի համար կարեւոր է իր փոքրաթիվ կողմնակիցների մոտ ցուցադրել իր կարեւորությունն ու եզակիությունը: Եւ նրան թվում է, թե դրա համար շատ կարեւոր է նախագահական նստավայրի մոտ քարշ տալ ճոռոմության ողջ ատրիբուտիկան եւ ռազմական շքերթը:

Հետաքրքրական է` երդման արարողության ժամանակ նախագահը նորի՞ց ակնթարթների տեւողությամբ դադար կտա, ինչպես նախորդ անգամ, թե՞ արարողակարգի նոր ձեւավորված ծառայությունը կհուշի նրան, որ ավելի լավ է ընթերցել երդման տեքստը` ցուցադրական ինքնավստահության եւ բարդույթավորված պահվածքի քողարկման համար:

Դոկտոր Կարեն Օհանջանյան

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ

«Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտե»-ի համակարգող

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930