Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանն առաջարկում է կոնկրետ քայլեր

Սեպտեմբեր 02,2012 15:57

«Ազգ» թերթին տված հարցազրույցում Արա Աբրահամյանն առաջարկում է կոնկրետ քայլեր` որպես հակազդեցություն Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը արդեն երեքշաբթի իր կազմակերպության անունից հավանաբար հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` դիրքորոշում հայտնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ այնտեղ մեծարելու փաստի առթիվ, եւ ապա` Ռուսաստանի հայ համայնքի հայկական կազմակերպությունների գործողությունների ծրագիր կառաջարկի: Մեզ հետ զրույցում նա իր դիրքորոշումն արդեն հայտնեց, սակայն կազմակերպության անունից պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար երկուշաբթի օրը նա ուզում է ճշտել ռուսական պաշտոնական շրջանակների մոտեցումներն այս հարցին, քանի որ հանգստյան օրերն այդ հնարավորությունը չէին տալիս: «Պետք է Ադրբեջանի արածը շուռ տանք իրենց դեմ եւ ճիշտ օգտագործենք հնարավորությունը», համոզված է Ա. Աբրահամյանը` նշելով, որ Հայաստանն ու արտերկրի հայկական կազմակերպությունները մեծ ինֆորմացիոն պատերազմ պետք է սկսեն.«Դրա համար պետք է ոչինչ չխնայել, քանի որ նախադեպի բաց տեքստը սա է` ամեն հայի սպանող ադրբեջանցի այսուհետ Ադրբեջանում հերոս է համարվելու եւ հարստանալու է: Սա մարդկութան դեմ ուղղված հանցագործություն է` հղի նրանով, որ կարող է կրկնվել, ուրիշ ազգերը եւս կարող են այս վիճակում հայտնվել եւ կորուստներ ունենալ: Մենք պետք է ապացուցենք, որ նախօրոք պլանավորված քայլ է եղել կատարվածը Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դրա համար էլ Ադրբեջանի իշխանություններն իրենց մեղավոր են զգում ու հանցագործին ազատեցին-բերեցին: Պետք է մեղադրել Ադրբեջանի իշխանություններին եւ դա անել միջազգային դատարանում », ասաց Ա. Աբրահամյանը:

 

Իսկ որպես կոնկրետ քայլեր նրա առաջարկները հետեւյալներն են: Նախ կոչ անել Հայաստանի եւ Ռոուսաստանի իշխանություններին` ջանքեր ներդնել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ղարաբաղը չի կարող այդ երկրի կազմի մեջ լինել, որ հայ մարդու` այդ երկրի կազմում նույնիսկ ամենաբարձր անկախության կարգավիճակով լինելը գենոցիդ է նշանակում, քանի որ հայ սպանելն այդ երկրում խրախուսուվում է բոլոր ձեւերով: Ուրեմն եւ մեկ լուծման ուղղությամբ պետք է աշխատել` ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, ու սրան պետք է մոտենալ որպես ազգի անվտանգության խնդրի: «Ապա եւ` պետք է սկսվի Ադրբեջանի իշխանություններին դատի տալու գործընթաց, որպեսզի ստիպենք միջազգային հանրութանը` հանցագործին վերադարձնել Եվրոպա եւ միջազգային նորմերով պատասխանատվություն կրել: Հունգարիայում որոշում կայացնողները պետք է հրաժարական տան, այս երկրի ներկայացուցիչները Եվրոպական կառույցներում չպետք է պաշտոն գրավեն,  եւ այդ անելիս մենք պետք է Հունգարիայում բարեկամներ ու համախոհներ գտնենք, որպեսզի նրանք աջակցեն մեզ գործողությունների այսպիսի ծրագրի իրականացմանը: Որպես ՌՀՄ եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ` փորձելու եմ բոլոր մեր կառույցներին իրար գլխի հավաքելով` աշխատել այս ուղղությամբ: Իրավաբանական կոնսուլտացիաներ կսկսենք` հարցի լուծման բոլոր միջազգային-իրավական ուղիները փնտրելով, որպեսզի դատի տանք Ադրբեջանին, Հունգարիայի որոշում կայացնողներին եւ միջազգային ատյաններում պաշտպանենք մեր դատը: Հանրահավաքներ եւ ակցիաներ կանենք Ռուսաստանում: Ես ուզում եմ միավորել այս հարցի շուրջ բոլոր հայկական ուժերին եւ կառույցներին, ընդհանրապես առաջարկս այն է, որ սփյուռքում ստեղծվի մի կառույց, որը զբաղվելու է այդ խնդրով եւ համակարգելու է ջանքերը: Այդ կառույցում կլինեն եւ ավանդական կուսակցությունները, եւ հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այդպիսի կառույցի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի ավելորդ ու ինքնուրույն բաներ չլինեն, որ չտրվենք էմոցիայի եւ ավելի պրագմատիկ քայլեր անենք, եւ ամեն ինչ համակարգված լինի»:

 

Ա.Աբրահամյանը շատ գնահատելի համարեց Հայաստանի նախագահի` այս իրադեպին հաջորդած քայլերն ու արձագանքը, նշեց, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ եւ շնորհակալ է, որ իր այս մտադրություններին Հայաստանի նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել:

 

Մարիետա Խաչատրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930